
Ինչո՞ւ «երեխա ծախելու» գործով մեղադրյալ չէ Աննա Վարդապետյանը. որդեգրման գաղտնիքը՝ որբի գլուխ, քննիչներն ու դատախազները՝ «կեղծ էպիկրիզների» էքսպերտ

Նախորդ շաբաթ օրը 168.am-ը հրապարակեց 2018թ. թավշյա աղետի առաջին փուչիկի՝ ապօրինի որդեգրումների կամ, ինչպես իշխանական քարոզիչներն էին շեփորահարում, «երեխա ծախելու» մեռած գործի հետ կապված լրագրողական հետաքննության առաջին մասը:
Թեմային անդրադարձել էինք դեռ 1 տարի առաջ, 1 տարի անց՝ իրավիճակը նույնն է. 6 տարի առաջ հարուցված, 11 մեղադրյալներ ունեցող քրեական վարույթը հիմա էլ դոփում է դատարանում:
Նախորդ շաբաթ մենք ներկայացրել էինք «երեխա ծախելու» շոուի մեկնարկն ու ընթացքը, քրեական վարույթի ու իրականության միջև եղած տրամաբանական հակասությունները, անդրադարձել էինք որդեգրման խնդիրներին, գլխավոր դատախազի ու ՔԿ նախագահի անգործությանը, իրավապահ համակարգի տարբեր մարմինների միջև միևնույն հարցի շուրջ առկա տարբեր մոտեցումներին:
Մեր հետաքննությունն իրականացրել էինք տարբեր գերատեսչություններին ուղղված ծավալուն գրավոր հարցումների պատասխանների հիման վրա և ուշագրավ բացահայտում արել՝ գործող գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում ոչ միայն համակարգել է միջազգային որդեգրումները, այլև հանդիսացել է համապատասխան աշխատանքային խմբի նախագահ:
Եվ այսպես.
«Թավշյա աղետի առաջին փուչիկը…». Մաս 2-րդ
Ի՞նչ են ասում որդեգրումները համակարգող իրավական ակտերը
Որդեգրումների ոլորտը կարգավորող իրավական ակտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օտարերկրացիները կարող են Հայաստանից երեխա որդեգրել միայն այն դեպքում, երբ թույլտվություն են ստանում Արդարադատության նախարարի կողմից (ստանում են եզրակացություն որդեգրման հնարավորության մասին,- Գ.Ս): Այդ թույլտվությունը տրամադրվում է, երբ միջգերատեսչական աշխատանքային խումբը, օտարերկրացիների փաստաթղթերն ուսումնասիրելու արդյունքում, նախարարին տալիս է դրական կարծիք:
Նշված խմբում ներգրավված են Արդարադատության, Առողջապահության, Արտաքին գործերի, Ներքին գործերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները: Իսկ խմբի նախագահն ի պաշտոնե միշտ հանդիսացել է Արդարադատության նախարարի տեղակալը, որոնցից է եղել նաև Աննա Վարդապետյանը:
Աննա Վարդապետյանը, ինչպեսև իրեն հաջորդող նախարարի այլ տեղակալներ, հանդիսանալով աշխատանքային խմբի նախագահներ, տեղեկացված են եղել, թե իտալական ո՞ր կազմակերպությունների հետ է համագործակցում Հայաստանը, ո՞վ է այդ կազմակերպությունների ներկայացուցիչը, որքա՞ն գումար են իտալացիները վճարում ծառայությունների համար, ինչպիսի՞ բացեր կան օրենսդրության մեջ, և այլն:
Ենթադրվում է, որ գլխավոր դատախազը չի ասի, որ տեղեկացված չի եղել, քանի որ այդ դեպքում հարց կառաջանա՝ ինչո՞վ էր նա զբաղված պաշտոնավարման ժամանակ և ինչո՞ւ էր վատնում հարկատուների գումարները:
Յուրաքանչյուր պարագայում, տեղեկացվա՞ծ էր նա, թե՞ ոչ, նրա գործողությունները նույնպես հանցագործության տարրեր են պարունակում գործողության կամ անգործության դրսևորմամբ, քանի որ նպաստել են որդեգրմանը: Առանց Աննա Վարդապետյանի թույլտվության՝ որևէ ամերիկացի կամ իտալացի չէր կարող երեխա որդեգրել Հայաստանից: Փաստացի, որպես խմբի նախագահ և համակարգող տեղակալ, նա դրական է պատասխանել ամերիկյան և իտալական այն կազմակերպություններին, որոնք իբրև թե որդեգրելու փոխարեն՝ երեխա են գնել Հայաստանից: Բայց ստացվում է, որ Գլխավոր դատախազ նշանակվելուն պես նոր Աննա Վարդապետյանը հիշում է, որ ԱՄՆ կամ Իտալիա կատարված որդեգրումները հանցագործություն են՝ մոռանալով, որ ինքը նույնպես նույն գործընթացն է ապահովել:
Եթե չգիտեր՝ ինչ է կատարվում, ապա չէր տիրապետում ոլորտին, ուրեմն ինչո՞ւ էր զբաղեցնում պաշտոնը, իսկ եթե տեղյակ էր, ապա ինչո՞ւ միջոցներ չէր ձեռնարկում կանխելու համար:
Ինչո՞ւ մեղադրյալներ չեն արդարադատության փոխնախարարները
Այսինքն՝ ստացում է, որ Աննա Վարդապետյանը և նրան հաջորդող տեղակալները մասնակից են երեխաների վաճառքին դեպի Իտալիա:
Հետաքրքիրն այն է, որ քրեական գործով չի անցնում Արդարադատության նախարարի ոչ մի տեղակալ, որոնք պատասխանատու են եղել ոլորտի համար և ըստ էության հանդիսացել են որդեգրումները թույլատրող սուբյեկտներ՝ դրական թույլտվություն տալու միջոցով: Նույնը վերաբերում է նախկին և ներկայիս վարչապետներին:
Հաշվի առնելով, որ որդեգրումները շարունակվել են քրեական գործը հարուցելուց հետո, իտալական նույն կազմակերպությունների և նրանց ներկայացուցչի միջոցով, նույն պայմաններում, այդ թվում՝ գումարների վճարումով, ապա ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվել 2019-2025 թվականների որդեգրումների համար: Չէ՞ որ ոչինչ չի փոխվել ընթացակարգերում:
Ինչո՞վ է պայմանավորված, որ մինչև 2019 թվականը կատարված որդեգրումները նույն պայմաններում հանցագործություն են, իսկ 2019 թվականից հետո՝ ոչ: Նշված հարցին կա պատասխանի երկու տարբերակ՝
- Կա՛մ նախկին որդեգրումներում հանցակազմ չկա, և պարզապես կառավարությունն իր գերատեսչություններով չի ցանկանում հրապարակել այդ մասին՝ հույս ունենալով «տակով անել», երբ հանրությունը կմոռանա թեման:
- Կա՛մ գիտակցաբար շարունակում է նպաստել, այսպես կոչված, հանցագործությանը՝ կանաչ լույս տալով որդեգրումներին:
Պատասխանի այլ տարբերակ չկա, քանի որ, եթե որդեգրումները նպաստում են երեխաների վաճառքին, ապա դրանք պետք է դադարեցվեին, իսկ դրանք, իհարկե, չէին դադարեցվի, քանի որ որևէ վաճառք տեղի չի ունեցել: Այս երկու իրարամերժ իրավիճակի պատասխանատուն կառավարությունն է, որի գործողությունները թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում հանցավոր են: Այդ դեպքում ո՞րն էր ամպագոռգոռ հրապարակումներով հանրությանն անհանգստացնելու նպատակը:
Կրկնում ենք ու Գլխավոր դատախազին ևս մեկ անգամ հիշեցնում՝ հնչեղություն ստացած քրեական գործը հարուցելուց հետո՝ 2019 թվականից առ այսօր, շարունակվում են որդեգրումները, այդ թվում՝ դեպի ԱՄՆ և Իտալիա, առանց որևէ ընթացակարգային տարբերության, նույն կազմակերպությունների միջոցով, նույն գումարների շրջանառությամբ: Հուսանք՝ նախկին արագությամբ, 20 օրում, այս անգամ Գլխավոր դատախազությունը կհայտարարի քրեական գործ հարուցելու և ձերբակալությունների մասին:
Հետաքրքիր է՝ պատրա՞ստ են արդյոք որդեգրումների թույլտվությունը ստորագրող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դրական եզրակացություն տվող Աննա Վարդապետյանը Քննչական կոմիտեում, դատարանում բացատրություն տալու, թե ինչո՞ւ են օտարերկրացիներին թույլատրել որդեգրել, քանի որ առանց իրենց թույլտվության՝ որևէ մեկն ի զորու չէր լինի երեխային հանել Հայաստանի սահմաններից դուրս:
Ինչո՞ւմ է մեղադրվում Հանրապետական ծննդատան ղեկավարը. Նոր խոսք՝ «իրավունքում»
168.am-ը պարզեց նաև, որ գլխավոր մեղադրյալներից՝ Հանրապետական ծննդատան ղեկավարը և նրան ենթակա բժիշկները մեղադրվում են, թե իբր համոզել են ծննդկաններին հրաժարվել երեխաներից և սխալ տեղեկություններ են հայտնել նրանց երեխաների առողջական վիճակի մասին: Մեղադրանքի գնահատականը թողնում ենք դատարանին, բայց պարզվում է, որ հիվանդանոցի կազմը մեղադրվում է այլ հիվանդանոցներում կազմված էպիկրիզների համար: Մինչդեռ այլ հիվանդանոցներում էպիկրիզ տվող բժիշկները ներգրավված չեն վարույթում:
Սա երևի նորամուծություն է իրավունքում, որ մի անձի կազմած փաստաթղթի և գնահատականի համար մեղադրվում է մեկ այլ անձ:
Պարզվում է նաև, որ երեխաների էպիկրիզների կեղծ լինելու գնահատականը տրվել է քննիչների և դատախազների կողմից:
Այդ ո՞ր օրվանից են ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետներն իրավաբաններին նաև բժշկի դիպլոմ տալիս: Փաստորեն, Աննա Վարդապետյանը, գործը հսկող դատախազը, քննիչներ Տիգրան Կիրակոսյանը, Գոռ Օհանյանը՝ Հովհաննես Համբարյանի ղեկավարությամբ, ստացել են իրավաբանի դիպլոմ՝ իրավաբան-բժիշկ մասնագիտությամբ: Ստացվում է՝ այլևս անհրաժեշտ չէ քրեական գործերով փորձագետ ներգրավել:
Ավելին, մեր տեղեկություններով՝ «ապօրինի որդեգրումների» գործը քննող ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովհաննես Համբարյանի աշխատասենյակում մինչ օրս կարծես թե պլակատների տեսքով փակցված են իբր հանցավոր սխեմաներով որդեգրումներ իրականացրած իտալական կազմակերպությունների անունները:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա՝ ոչ մի բժիշկ-փորձագետ ներգրավված չի եղել էպիկրիզները գնահատելու համար: Այստեղ ակնհայտ է քննիչների և դատախազների, մեղմ ասած, սխալը, որը նույնպես պարունակում է հանցակազմ:
Ինչպե՞ս է գնահատվում որդեգրվող երեխաների առողջական վիճակը
Մենք պարզել ենք նաև, որ ըստ գործող կարգերի, մասնավորապես՝ Առողջապահության նախարարության և Սոցապ նախարարության 2017 թվականի համատեղ հրամանի համաձայն՝ որդեգրման ենթակա երեխաների առողջական վիճակը գնահատվում է 10 մասնագետներից կազմված հանձնաժողովի (կոնսիլիում) կողմից:
Այդպիսի հանձնաժողով նախատեսելը, ենթադրվում է՝ նպատակ է հետապնդել բացառել կեղծ էպիկրիզներ կազմելու հնարավորությունը: Անկախ այն փաստից, թե ով կամ որ հիվանդանոցի կողմից է կազմվել նախնական էպիկրիզը, հանձնաժողովը պետք է վերանայեր դրանք, հետազոտություն իրականացներ և դրա արդյունքում կազմված փաստաթուղթը պետք է հիմք ընդունվեր երեխայի իրական վիճակը գնահատելու համար: Այս պարագայում ո՛չ Հանրապետական հիվանդանոցի, ո՛չ էլ այլ հիվանդանոցի բժիշկների չէր հաջողվի կեղծել տեղեկությունները: Բայց արի ու տես, որ որևէ երեխայի վերաբերյալ վերը նշված համատեղ հրամանով նախատեսված հանձնաժողովը եզրակացություն չի տվել:
Ստացվում է՝ Սոցապ նախարարությունը, որը պատասխանատու է որդեգրման ենթակա երեխաներին հաշվառելու համար, անտեսել է նորմատիվ ակտի առկայությունը, այսինքն՝ օրենսդրություն է խախտել: Պաշտոնական դիրքի չարաշահումն ակնհայտ է: Նորմատիվ ակտն ուժի մեջ է մինչ օրս, բայց ոչ մեկը բանի տեղ չի դրել ու չի դնում:
Իսկ մինչ իրավապահ համակարգն ու որդեգրումների գործում ներգրավված գերատեսչությունները խառն են, աջ ձեռքը չգիտի՝ ձախն ինչ է անում ու ինչի համար, արդեն 6 տարի 11 մեղադրյալների ՍԷԿՏ-ը փակ է, մարդիկ չեն կարողանում երկրից դուրս գալ, կրում են անհարմարություններ, համարվում են մեղադրյալ, ինչ է թե՝ Նիկոլ Փաշինյանի համար շոու պիտի ապահովվեր:
Որդեգրման գաղտնիքի բացահայտում
Եվ վերջում. այս ողջ պատմության մեջ ամենաաններելին որդեգրման գաղտնիքի բացահայտումն էր, ինչը, բացի իրավական բաղադրիչից, ունի նաև բարոյական կողմ:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածի համաձայն՝ որդեգրման գաղտնիքը պահպանվում է օրենքով և իրենց պարտականությունների բերումով որդեգրման մասին տեղեկություններ ստացած անձինք պարտավոր են պահպանել այն, հակառակ դեպքում պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով: Գաղտնիք է ոչ միայն որդեգրման փաստը, այլև որդեգրման գործընթացը, որդեգրման ենթակա երեխաների և որդեգրողների տվյալները:
Դրան հակառակ՝ իրավապահ մարմինները թույլ են տվել որդեգրման գաղտնիքի բացահայտում՝ այդ թվում՝ շոշափելով օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, որը Հայաստանի Հանրապետությանը պիտակավորել է առնվազն որպես ոչ վստահելի գործընկերոջ: Մեղավորներ փնտրելու անօգուտ վազքի մեջ Քննչական կոմիտեն չի նկատում իր կողմից թույլ տրված բացահայտ խախտումները` անտեսելով պետության շահերը:
Վկաներին հարցաքննելիս, նյութերն ուսումնասիրելիս քննիչներն առանց հետևանքների մասին երկար մտածելու՝ հանգիստ հայտնել են երեխաների որդեգրման փաստի և որդեգրողների մասին: Բացթողումների վառ օրինակ է տեսանյութը, որտեղ երեխայի մայրը բարձրաձայնում է, որ քննիչներն իրեն հայտնել են երեխայի որդեգրված լինելու մասին:
Բացի այդ, նույն տեսանյութում ակնհայտ երևում են քննիչի ձեռքերը, որոնք թերթում են որդեգրման ենթակա երեխայի անձնական գործը, որտեղ պարզ հնարավոր է ընթերցել երեխայի անձնական տվյալները: Քննիչը փաստացի հանրությանը հրապարակում է տվյալներ, որոնք հասանելի են մարդկանց նեղ շրջանակի՝ խախտելով տվյալների գաղտնիությունը:
Երեխայից հրաժարվող յուրաքանչյուր ծնողի դրդապատճառները տարբեր են՝ գաղտնի հղիություն, սոցիալական վիճակ և այլն, և որևէ մեկն իրավունք չունի դատապարտել որևէ մեկի որոշումը, քանի դեռ չի հայտնվել այն իրավիճակում, ինչ նա: Սակայն պարզվում է, որ «երեխաների վաճառքի» քրեական գործով երեխա կորցրած որևէ մեկը, ում վրա հույս էին դրել քննիչները, տուժող չի ճանաչվել: Մինչդեռ հայտնի է դարձել, որ երեխա փնտրող մայրերից մեկը հերթական ծննդաբերության ժամանակ կրկին դիմել է նույն «հանցագործ» բժիշկների օգնությանը՝ վստահելով նրանց, ոմանք շարունակում են հարգանքով արձագանքել բժիշկներին, ոմանց երեխաների արտաշիրմման և ԴՆԹ հետազոտության արդյունքում հնարավոր եղավ ապացուցել երեխայի մահը, այլ ոչ թե վաճառքը, և այլն:
Ստացվում է, որ այն մայրերը, որոնք բարձրաձայնում էին, որ իրենցից խաբեությամբ կորզվել է իրենց հրաժարականը երեխաներից, այսօր գործով չեն անցնում, որի միակ բացատրությունն այն է, որ խաբեություն չի եղել, իսկ նրանք ընդամենը գործիք են դարձել շոու ծրագիրն ավելի գունեղ դարձնելու համար:
Իտալիայի վարչապետը՝ որդեգրման գաղտնիքի զոհ
Որդեգրման գաղտնիքի բացահայտումը դիպել է նաև Իտալիայի՝ արդեն նախկին վարչապետին:
Քննչական կոմիտեի թեթև ձեռքով ամբողջ աշխարհն իմացավ, որ քաղաքական գործիչ, Եվրոպայի կենտրոնական բանկի նախագահ, Իտալիայի վարչապետը Հայաստանից երեխա է որդեգրել՝ մի բան, որը, հնարավոր է, նրա ընտանիքի ներքին գաղտնիք է հանդիսացել, և ինչը միգուցե մեծ խնդիրների պատճառ է դարձել:
Այսօր Հայաստանը մեղավոր է տվյալ և այլ անձանց անձնական կյանք ներխուժելու և ուրիշի անձնական գաղտնիքը բացահայտելու մեջ, և այդ ամենի համար պատասխան է տալու ՀՀ գործող ղեկավարությունը: Չի բացառվում, որ աշխարհում մեծ հեղինակություն ունեցող անձը պատիվ պահանջի Հայաստանի կառավարությունից իր և իտալացի այլ ընտանիքների անձնական կյանքի գաղտնիքը բացահայտելու համար: Եվ ավելի հավանական է, որ այսօր Իտալիան դադարեցրել է համագործակցությունը Հայաստանի հետ նաև այդ պատճառով: Իսկ ի՞նչ պատասխան է տվել ՀՀ կառավարությունը կամ Արտաքին գործերի նախարարությունն Իտալիայի կառավարությանն իր բացթողումի համար:
Հետաքրքիր է՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ի՞նչ է մտածում այս հարցի շուրջ, և առհասարակ ինչո՞ւ դեռևս քրեական գործ չի հարուցվել որդեգրման գաղտնիքը բացահայտելու համար, չէ՞ որ փաստերն ակնհայտ են և հրապարակվել են:
Միաժամանակ շատ հետաքրքիր է՝ ինչպես են Քննչական կոմիտեն և դատախազությունը քննարկել Իտալիայի վարչապետի ընտանիքի կողմից Հայաստանից երեխայի որդեգրումը: Ըստ էության, նա նույնպես որդեգրել է իտալական կազմակերպության միջոցով և վճարել 25.000 եվրո, ինչը նշանակում է, որ նա նույնպես մասնակից է հանցագործության և երեխա է գնել Հայաստանից:
Միգուցե գործի «օբյեկտիվության» կանոններից ելնելով՝ Դատախազությունը քողարկե՞լ է այդ որդեգրությունը և այն չի՞ հավասարեցրել սովորական մահկանացուների որդեգրությանը: