Ի՞նչ է հայտարարագրել Սրբուհի Գալյանը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այս տարվա ապրիլի վերջին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։

Նա հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 2015 թվականին Տավուշի մարզի Դիլիջան համայնքում գնած անհատական բնակելի տունը և հողամասը, որոնք տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով, ապա նաև՝ 2023 թվականին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նվիրատվություն ստացած բնակարանն ու Կոտայքի մարզի Նաիրի համայնքում գնված ևս մեկ հողամաս, որոնք տնօրինում է միանձնյա։

Սրբուհի Գալյանը նաև 6 միլիոն դրամ ավանդ է հայտարարագրել, որը տարեվերջին նվազել է՝ կազմելով 4 միլիոն 312,000 դրամ։ Փոխարենը՝ աճել են պաշտոնյայի կանխիկ միջոցները, և տարեսկզբի 1 միլիոն 600,000 դրամն ու 4000 դոլարը տարեվերջին արդեն դարձել են 2 միլիոն 700,000 դրամ ու 5000 դոլար։ Նախարարի բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին շուրջ 550.000 դրամի չափով են եղել։

Պաշտոնյայի հաշվետու տարվա՝ 33 միլիոն 836,676 դրամ եկամուտները, ըստ հայտարարագրի, ձևավորվել են Պետեկամուտների կոմիտեից ստացած 2 միլիոն 497,000 դրամ և «Ակբա Բանկ»-ից ստացած 716,000 դրամ այլ եկամուտներից, Դատախազությունից ստացած 25 միլիոն 074,581 դրամ, Արդարադատության նախարարությունից ստացած 3 միլիոն 152 դրամ․ Երևանի պետական համալսարանից ստացած 390,450 դրամ և «Արդարադատության ակադեմիա»-ից ստացած 1միլիոն 006,386 դրամ աշխատանքի վարձատրությունից (և կամ դրան հավասարեցված այլ վճարումներից) և Պետրոս Մկրյանից ստացած 1.000.000 դրամից։ Պետրոս Մկրյանը դեռ 2023 թվականին ներկայացրած հայտարարագրում պաշտոնապես նշվում էր իբրև Սրբուհի Գալյանի ամուսին։

Կարդացեք նաև

Նախարարի՝ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33 միլիոն 291.842 դրամ։ Նա վարկի մարմանն ուղղել է   39 միլիոն 374.000 դրամ։

Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայության Իրավական ապահովման բաժնում տարբեր պաշտոններ զբաղեցնելուց հետո՝ Նիկոլ Փաշինյանը 27-ամյա Սրբուհի Գալյանին դեռ 2019 թվականի հուլիսին նշանակել էր արդարադատության նախարարի տեղակալ, ապա՝ Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ։ Արդարադատության նախարարի պաշտոնում էլ Սրբուհի Գալյանին առաջադրել է Փաշինյանի թիմը՝ ՔՊ-ն։

2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2023 թվականի գույքի, եկամուտների և շահերի իր հայտարարագրում Սրբուհի Գալյանը նշել էր տարեսկզբում առկա 3 անշարժ գույքի մասին՝ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում հողամասն ու անհատական բնակելի տուն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ձեռք բերված բնակարան, իսկ ընթացիկ տարում՝ 2023 թվականին, պաշտոնյայի անշարժ գույքի քանակն ավելացել էր միանգամից 2-ով․ 7 միլիոն 980.000 դրամով նա գնել էր հողամաս Կոտայքի մարզի Նաիրի համայնքում, ապա իբրև նվիրատվություն՝ Պետրոս Մկրյանից ստացել բնակարան Քանաքեռ-Զեյթուն համայնքում։

Պաշտոնյան 2024 թվականին ներկայացրած հայտարարագրում նշել էր 6 միլիոն դրամ արժողությամբ բանկային ավանդի մասին, ինչպես նաև 3 բանկերում ունեցած բանկային հաշիվների մնացորդների, որոնցից ամենախոշորը տարեսկզբին կազմել էր 20,514,782, իսկ տարեվերջին՝ զրոյացվել։ 2023 թվականին Սրբուհի Գալյանի կանխիկ միջոցներն ավելի քիչ էին եղել, քան 2024 թվականին․ նա այդ տարի ունեցել էր 1 միլիոն 700.000 դրամ և 4000 դոլար, որոնք տարեվերջին 100.000 դրամով նվազել էին։

2 միլիոնով պակաս են եղել նաև եկամուտները․ 30 միլիոն 689.639 դրամ եկամուտը գոյացել էր Երևանի պետական համալսարանից ստացած 293.954 դրամ աշխատանքի վարձատրությունից և կամ դրան հավասարեցված այլ վճարումներից, Պետական եկամուտների կոմիտեից ստացած 833.958 այլ վճարումներից, The Raoul Wallenberg Institute of Human Rights and Humanitarian Law (RWI)-ից ստացած 400 դոլար հեղինակային վարձատրությունից, Դատախազությունից ստացած 28,411,706 դրամ և Արդարադատության ակադեմիայից ստացած 992.981 դրամ աշխատավարձից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել էր 34 միլիոն 527.842 դրամ, որից 33.561.681 դրամի դիմաց հիփոթեքի առարկա է նշվել բնակարանը։ Սրբուհի Գալյանը տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղել է 5 միլիոն 598.232 դրամ։ Եվս 10 միլիոն դրամ էլ արժեցել է պաշտոնյայի՝ անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսերը։

Տեսանյութեր

Լրահոս