Ի՞նչ է պատրաստվում առաջարկել Թրամփի թիմը Երևանին ու Բաքվին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական և օգնական Սթիվ Ուիթքոֆը, որը Թրամփի ներկայացուցիչն է գլոբալ խաղաղ բանակցություններում ամբողջ աշխարհում, Սպիտակ տանը Breitbart News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Աբրահամյան համաձայնագրերին: Ըստ նրա՝ սպասվում է, որ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում Աբրահամյան համաձայնագրերը կընդլայնվեն։

Լրագրողը հիշեցրել է, որ Աբրահամյան համաձայնագրերը համարվում են Թրամփի առաջին պաշտոնավարման դիվանագիտական ​​նվաճումը: Նրան հաջողվել է տասնամյակների ընթացքում առաջին անգամ պաշտոնապես կարգավորել մի շարք արաբական երկրների հարաբերություններն Իսրայելի հետ։ Այժմ, երբ Թրամփը վերադարձել է ԱՄՆ նախագահի պաշտոնին, ըստ Ուիթքոֆի, վերադարձել է նաև «մեծ էներգիան», և նրա համոզմամբ՝ շուտով ավելի շատ երկրներ կարող են միանալ համաձայնագրերին։

Ուիթքոֆը կանխատեսել էր այնպիսի երկրների միացումը, ինչպիսիք են Լիբանանը, Սիրիան, Լիբիան: Նա չի բացառել նաև Հայաստանի ու Ադրբեջանի ներգրավումը:

Նրա կարծիքով՝ «իրենք շատ-շատ մոտ են այդ երկրներում հակամարտությունների կարգավորմանը՝ վերջնական կարգավորմանը»։

Կարդացեք նաև

«Կարծում եմ, որ երկու երկիրն էլ պատրաստ է միանալու Աբրահամյան խաղաղ համաձայնագրերին։ Այնպես որ, սա նախագահի հսկայական նախաձեռնությունն է, և նա հավատում է դրան: Այն նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ Մենք աշխատում ենք, և ես շատ, շատ լավ թիմ ունեմ, շատ լավ համագործակցում ենք Պետքարտուղարության հետ: Ես իսկապես վստահ եմ, որ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում չորս կամ հինգ կամ գուցե վեց երկիր կստորագրի Աբրահամի խաղաղության համաձայնագրերը, և դա կարևոր ազդանշան կլինի աշխարհին՝ նախագահ Թրամփի արտաքին քաղաքականության նախաձեռնությունների մասին, որոնք ուղղված են ամբողջ աշխարհում խաղաղության և կայունության ամրապնդմանը»,- ասել էր Ուիթքոֆը:

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական և օգնական Սթիվ Ուիթքոֆի հայտարարությանը, ըստ որի` Հայաստանը և Ադրբեջանը ևս կարող են միանալ Աբրահամյան համաձայնագրերին։

«Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ․ ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,-  նշել է Անի Բադալյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, երբ տեղեկություններ էին տարածվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Ադրբեջան կատարելիք այցի մասին, կար նաև տեղեկատվություն, որ Նեթանյահուն պետք է աջակցի, որպեսզի Ադրբեջանը միանա այս համաձայնագրերին, որոնք Թրամփի նախագահության առաջին ժամկետի օրոք նախատեսված էին մերձավորարևելյան հակամարտությունների կարգավորմանն Իսրայելի շուրջ։

Դեռևս 2020 թվականին այս օրակարգի ջատագովները համարում էին, որ Աբրահամյան համաձայնագրերը խաղաղություն ու բարգավաճում են բերելու Մերձավոր Արևելք, դառնալով բեկումնային ու պատմական հանգրվան Մերձավոր Արևելքի զարգացումների շրջանում։ Սակայն, փորձագիտական համայնքը չի գտնում, որ այս համաձայնագրերը ծառայել են լիարժեքորեն իրենց սկզբնական նպատակներին և առավել ևս խաղաղություն չեն բերել Մերձավոր Արևելք։ Ավելի անհասկանալի է, թե Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք նույնիսկ Խաղաղության համաձայնագիր չեն կարողանում ստորագրել, ինչպես կարող են միանալ այս համաձայնագրերին, ինչպես է դա տեխնիկապես տեղի ունենալու։

168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ, իհարկե, բազմաթիվ հարցեր կան, թե ինչպես կարող են Երևանն ու Բաքուն Աբրահամյան համաձայնագիր ստորագրել, դա լինելու է նո՞ր համաձայնագիր, թե՞ այն հետևելու է Երևան-Բաքու համաձայնագրի ստորագրմանը և հարաբերություններում ինչ-որ սկզբունքներ է ամրագրելու։

«Կարծում եմ, այդ մանրամասներն այս փուլում այնքան կարևոր չեն, որքան Թրամփի աշխատակազմի նախաձեռնությունը և ցանկությունը՝ ամերիկյան հովանու ներքո հակամարտությունների կառավարման նպատակով ինչ-որ զսպման մեխանիզմ ստեղծելը։ Աբրահամյան առաջին համաձայնագրերը մեծ ազդեցություն չեն ունեցել, սակայն Թրամփի վարչակազմը դրանք մշտապես համարել է մեծ ձեռքբերում և, ամենայն հավանականությամբ, ներկայումս դա դիտարկվում է՝ որպես մոդել այլ հակամարտությունների կարգավորման կոնտեքստում»,- ասաց վերլուծաբանը։

Սիմոնովի կարծիքով, ամերիկյան նոր վարչակազմը կարծես մտորում է՝ ինչպես «մոտենալ» Երևան-Բաքու հակամարտությանը և ինչպես որոշակի ազդեցություն հաստատել։

«Սա առավել ակտուալ է դառնում Թրամփի թիմի համար այն ֆոնին, երբ Ուկրաինայի բանակցությունների հարցում ոչ այնքան էական առաջընթաց արձանագրվեց այն դեպքում, երբ ժամկետներ էին նշվում, թե կհաջողվի դադարեցնել պատերազմն ու խաղաղություն հաստատել։ Դա դեռ չի հաջողվում, ուստի փորձում են Թրամփի առաջին պաշտոնավարման ընթացքում հաջողված մի մոդել զարգացնել և հարմարեցնել այլ հակամարտությունների։ Թե որքանով կհաջողվի՝ մեծ հարց է, քանի որ, եթե հնարավոր լիներ, ապա Երևան-Բաքու հարաբերությունները կկարգավորվեին երկկողմ բանակցությունների ընթացքում ձևավորված համաձայնագրի ստորագրմամբ, սակայն դա տեղի չի ունենում։

Բնականաբար, ամերիկյան կողմը ցանկանում է ինչ-որ ուղղություններով խաղաղարար իր խոստումներն իրացնել և դիտարկում է նաև Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը։ Ուստի պատահական չէր թերևս տեղեկատվությունը, որ Նեթանյահուի այցի ընթացքում գուցե նախատեսված էր այս հարցի արծարծումը։

Կարելի է ենթադրել, որ իսրայելական կողմը, լինելով ԱՄՆ-ի և Ադրբեջանի դաշնակիցը, կարող էր Ադրբեջանում բանակցել այս հարցը։ Հայկական կողմի արձագանքից ելնելով, գուցե հայ-ամերիկյան կոնտակտներ կան այս ուղղությամբ»,- ասաց Սիմոնովը։

Տեսանյութեր

Լրահոս