
Ինչպես չծախսել հարյուրավոր միլիոն դոլարներ․ կառավարությունը գերակատարել է թերակատարումների ցուցանիշը

Նիկոլ Փաշինյանը վերջերս շատ է խոսում կրթվելու ու սովորելու կարևորության մասին, բայց այդպես էլ ինքն ու իր ղեկավարած կառավարությունը ո՛չ կրթվում են, ո՛չ էլ մի բան սովորում։ 7 տարի մնացել են նույն դասարանում։ Մնացել են նույն անկարողների կառավարությունը, ինչպես կային 7 տարի առաջ, երբ նոր էին եկել իշխանության։
Յոթ տարվա կառավարություն լինի ու այդպես էլ չսովորի, թե ինչպես պետք է կառավարել պետական բյուջեն։ Ամեն տարի նույն պատմությունն է. չեն կարողանում նախատեսված ժամանակացույցում կատարել բյուջեի ծախսերը։ Պլանավորում են ու չեն կատարում։ Ոչ թե խնայում են բյուջեի փողերը, այլ անկարող են, ի վիճակի չեն կատարել իրենց առաջ դրած խնդիրները։
Ծախսերը ժամանակին չկատարելն անմեղ թերացում չէ. Դրանով բյուջեով նախատեսված ծրագրերն են հետ մնում։ Արդյունքում՝ այն, ինչ այդ ծրագրերի իրականացման միջոցով պիտի ստանար քաղաքացին, չի ստանում։
Տնտեսությունն է տուժում։ Փողը տնտեսությունից հանում են, որպեսզի նախատեսված բյուջետային ծրագրերի միջոցով վերադարձնեն տնտեսությանը, իրենց անկարողության պատճառով՝ քնեցնում են բանկերում, ավանդ են դնում։ Երբ տնտեսությունից հավաքվող գումարները ժամանակին չեն ծախսվում, դա ի վնաս տնտեսության է, սեղմում է տնտեսության ակտիվությանը, ազդում է շրջանառությունների վրա։
Թե սրա հետևանքով ամեն անգամ ինչքա՞ն կորուստներ է կրում տնտեսությունը, որևէ մեկը չի հաշվում։ Չնայած այդ կորուստները հսկայական են։
Բյուջեի թերակատարումը կամ ծախսերի ժամանակին չկատարումը լուրջ վնաս է տնտեսության համար։ Բայց դրանից կառավարությունն այդպես էլ հետևություններ չի անում, քայլեր չի ձեռնարկում իրավիճակը շտկելու համար։ Այնինչ՝ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանն այդ երևույթը պետական միջոցների վատնում էր համարում։ Ասում էր՝ վատնումը միայն պետական գանձարանից փողը տանելն ու աննպատակ օգտագործելը չէ։ Վատնում է նաև պետական, հանրային նպատակի համար նախատեսված միջոցները ժամանակին չծախսելը։
Բայց այդ առումով տարիներ հետո էլ բան չի փոխվել։ Այսօր էլ կառավարությունն իր «բարձրության» վրա է։ Այս տարվա առաջին եռամսյակի համար նախատեսել են իրականացնել 818 մլրդ դրամից ավելի ծախս, կատարել են ընդամենը 576 միլիարդը։
Բյուջեի եռամսյակային ծախսերի թերակատարումը հասնում է 30 տոկոսի։
242 մլրդ դրամի կամ 615 մլն դոլարի ծախսեր, որոնք նախատեսել էին իրականացնել, չեն կարողացել կատարել։ Պատկերացրեք, թե 615 մլն դոլարով ինչքա՞ն ծրագրեր կարող էին իրականացվել, ինչքա՞ն օգուտ կարող էր ստանալ դրանից տնտեսությունը, ինչո՞ւ չէ՝ նաև պետական բյուջեն, հավելյալ հարկերի տեսքով։
Եվ, որ առավել կարևոր է, չկատարված ծախսերի մեծ մասը վերաբերում է կապիտալ ծախսերին։
Կապիտալ ծախսերը պետության կողմից տնտեսության մեջ կատարվող ուղղակի ներդրումներն են, այն ծախսերն են, որոնք ունեն առաջին հերթին համակարգային նշանակություն։ Դրանք ենթակառուցվածքներին, տնտեսական ծրագրերին ուղղված միջոցներ են, որոնք էական նշանակություն ունեն՝ ինչպես տնտեսական ակտիվության խթանման, այնպես էլ հետագա տնտեսական աճի կայուն հիմքերի ստեղծման համար։ Ու հենց այդ ծախսերն են, որոնք մշտապես թերակատարվում են։
Կապիտալ ծախսերի թերակատարումն առաջին եռամսյակում անցնում է 67 տոկոսից։ Նախատեսված աշխատանքների ընդամենը 32,9 տոկոսն են կատարել։
Ոչ ֆինանսական ակտիվների գծով պլանավորել են իրականացնել 228.9 մլրդ դրամի աշխատանք, ընդամենը 75.2 մլրդ դրամի աշխատանք են կատարել։
153,7 մլրդ դրամի աշխատանքներ մնացել են թղթի վրա։ Խոսքը 390 մլն դոլարի մասին է։
Կապիտալ ծախսերի այս հսկայական թերակատարումը պայմանավորել են հատկապես պաշտպանական ծախսերի ցածր կատարողականով, որոնք կազմել են ծրագրված ցուցանիշի ընդամենը 29.9 տոկոսը։
Բայց նախատեսված ծախսերի ժամանակին կատարման կառավարության անկարողությունը միայն այստեղ չէ, որ բացահայտվում է։ Սարսափելի վատ է արտաքին նպատակային վարկային միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքը։ Կարելի է ասել՝ զրոյական վիճակ է։ Միլիարդներով վարկեր են վերցնում, բարձր տոկոսներ, երբեմն՝ տույժ-տուգանքներ են վճարում, իբր ծրագրեր են իրականացնում։
Նպատակային վարկային ծրագրերի շրջանակներում նախատեսված աշխատանքներն առաջին եռամսյակում թերակատարվել են գրեթե 95 տոկոսով։
«Արտաքին վարկատուների աջակցությամբ իրականացվող նպատակային վարկային ծրագրերի շրջանակներում ստացված միջոցների հաշվին ֆինանսավորումը կազմել է 4.8 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 5.3 տոկոսը՝ պայմանավորված ծրագրերի կատարման աստիճանով»,- պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման հաշվետվության մեջ խոստովանել է ֆինանսների նախարարությունը։
Նպատակային վարկային ծրագրերը, կարելի է ասել, ամբողջությամբ տապալել են։
Նախատեսված 90,5 մլրդ դրամի փոխարեն՝ ընդամենը 4,8 միլիարդի աշխատանքներ են կատարվել։
Թե ո՞րն է եղել այսպիսի ցածր կատարողականի պատճառը, ֆինանսների նախարարությունը չի մանրամասնել։ Բայց անկախ այդ հանգամանքից՝ փաստացի գործ ունենք տխուր իրականության հետ. Ինչպես կապիտալ ծախսերի շրջանակներում նախատեսված աշխատանքները, այնպես էլ նպատակային վարկային ծրագրերը մեծապես թերակատարել են այն պարագայում, երբ տնտեսական ակտիվությունը, առավել ևս՝ վերջին շրջանում, խթանելու լուրջ կարիք ունի։ Այդ խթաններից մեկն էլ կարող էր լինել բյուջետային ներդրումների ժամանակին կատարումը։
Բայց այստեղ էլ է երևում կառավարության աշխատանքի անկազմակերպվածությունն ու անկարողությունը. Բյուջետային միջոցների հաշվին նախատեսած ծրագրերը կատարելու, տնտեսական, ֆինանսական ու սոցիալական արդյունք ստանալու փոխարեն՝ փողը բանկերում ավանդ են դրել։ Վատագույնը, որ կարող էին անել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ