Պաշտպանության նախարարությունը խուսափում է փաստերով հակադարձել իշխանական պատգամավորի պնդումներին

Ապրիլի 17-ին խորհրդարանում Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, խոսելով ռազմական կրթության ոլորտում արձանագրված փոփոխությունների մասին, հայտարարել էր.

«Մինչև 2021-2022 թվականն ի՞նչ էր ռազմական ակադեմիան, այն գաղութի և զորամասի արանքում ինչ-որ հաստատություն էր: Նույնիսկ ֆիզկուլտուրայի ամբիոն գրեթե չկար, ավեր, ներսն ամեն ինչ ավերված, դասախոսական նորմալ ամբիոններ չկային: Եղել է տարի, որ ակադեմիայում դիմորդների թիվը եղել է ընդամենը 16 հոգի, ու էս պայմաններում ուզում էինք բանակ ունենա՞լ՝ առանց բազային կրթության սպաների՞, առանց ռազմական ակադեմիայի»:

Ապրիլի 19-ին մենք գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ հետևյալ հարցադրումներով.

– Ապրիլյան պատերազմից առաջ՝ սկսած 2010 թվականից, և հետո ընկած ժամանակահատվածում ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան դիմողների ամենաշատ և ամենաքիչ թիվը ե՞րբ է արձանագրվել, նշել կոնկրետ տարին՝ մինչև 2018թ. իշխանափոխությունը:

Կարդացեք նաև

– 2018 թվականից հետո ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան դիմողների ամենաշատ և ամենաքիչ թիվը ե՞րբ է արձանագրվել, նշել կոնկրետ տարին՝ ներառյալ 2022 թվականը:

– Ապրիլյան պատերազմից առաջ՝ սկսած 2010 թվականից, և հետո ընկած ժամանակահատվածում ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան դիմողների ամենաշատ և ամենաքիչ թիվը ե՞րբ է արձանագրվել, նշել կոնկրետ տարին՝ մինչև 2018 թ. իշխանափոխությունը:

– 2018 թվականից հետո ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան դիմողների ամենաշատ և ամենաքիչ թիվը ե՞րբ է արձանագրվել, նշել կոնկրետ տարին՝ ներառյալ 2022 թվականը:

– Խնդրում ենք ներկայացնել արդեն ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա դիմորդների թիվը 2023-2024 և 2024-2025 ուսումնական տարիների կտրվածքով:

– Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտներից քանի՞ զոհ ենք ունեցել 44-օրյա պատերազմում և դրանից առաջ տեղի ունեցած պատերազմական գործողությունների ժամանակ, քանի՞ «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշանակիր ունենք:

Մոտ 20 օր հետո իր պատասխան գրության մեջ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը մեր կողմից հայցվող տեղեկությունները հրաժարվել է տրամադրել՝ հղում անելով «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 29-րդ հոդվածին (Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունը), «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետին և ՀՀ կառավարության 11.01.2024թ. N5З-Ն որոշման 8-րդ կետի պահանջներին:

Այսինքն, իշխանական պատգամավորը Ռազմական ակադեմիա դիմորդների թիվ է հրապարակում՝ անկախ հստակ տարի նշելուց, և երբ փորձում ենք պարզել՝ ե՞րբ է դա տեղի ունեցել, որքանո՞վ է այս մեղադրանքը հիմնավոր, ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակման ոչ ենթակա է համարում:

Ավելին, նշենք, որ, օրինակ, 2006-2007 ուսումնական տարվա կտրվածքով, 2016 և 2020 թվականներին առնչվող թվային տվյալներ հրապարակվել էին, ուստի հարց է առաջանում՝ ինչո՞ւ այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը չի ցանկացել ցույց տալ թվային վայրիվերումները, հատկապես, երբ դա գործող իշխանությունների և պաշտպանության նախարարի օգտին է:

Իսկ այն, որ կարող է ինչ-որ տարի դիմորդների ցածր թիվ լինել, դրանում իր դերն ունի նաև ժողովրդագրական պատկերը և ռազմական բուհեր դիմածների ցածր թվի մասին խոսելուն զուգահեռ՝ պետք է ցույց տալ նաև համապատասխան ժամանակահատվածին վերաբերող տվյալներ դպրոցներում աշակերտների թվաքանակի, այլ բուհերի վերաբերյալ տվյալները:

Կամ՝ ի՞նչ անթույլատրելի բան կա Ռազմական ակադեմիա ավարտած զոհված սպաների թվի հրապարակման մեջ, երբ զոհված սպաների կենսագրությունների հիման վրա կարելի է որոշակի վիճակագրություն ստանալ, նույնը կարելի է ասել նաև պարգևատրումների վերաբերյալ, չհաշված դրանց մասին պաշտոնական հրամանագրերն ու պարգևատրման արարողությունների մասին հաղորդագրությունները:

Արդյոք չպե՞տք է պաշտպանության նախարարությունը շահագրգիռ լիներ մանրամասն և զուտ փաստերի հիման վրա ևս մեկ հոդվածի հրապարակման հարցում՝ ի պատասխան Ռազմական ակադեմիան ավարտած սպաների պատվին և արժանապատվությանն ուղղված իշխանական պատգամավորի քաղաքական հայտարարության: Հակառակ դեպքում կարելի է ենթադրել, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական նախագահի տեղակալին (ՔՊ-ական) վատ դրության մեջ չդնելու պատճառնե՞ր կան:

Իսկ մենք ՀՀ պաշտպանության նախարարությունից մեր հարցման միջոցով փորձել էինք պարզել նաև՝ 44-օրյային առնչվող քրեական գործերով գործող սպաներից և բարձրաստիճան ղեկավարությունից քանի՞սն են անցնում, կամ՝ արդյո՞ք ՀՀ պաշտպանության նախարարությունը ստացել է Քննիչ հանձնաժողովի՝ 44-օրյա պատերազմին առնչվող զեկույցը:

Այս հարցերին ևս Սուրեն Պապիկյանի ղեկավարած կառույցը հրաժարվել է պատասխանել, ինչը, թերևս, նույնպես այնքան էլ հիմնավոր չէ, քանի որ ՀՀ քննչական կոմիտեն 44-օրյային առնչվող քրեական գործերի մասին պաշտոնական տեղեկատվություն տրամադրել է, և հատկապես բարձրաստիճան զինվորականության վերաբերյալ դրանք հայտնի են: Ավելին՝ որոշ դեպքերում դատական նիստերը դռնբաց են և գործող սպաների անուններ են հիշատակվում:

Ի դեպ, ՀՀ քննչական կոմիտեն, որը ևս շատ անգամ հրապարակման ենթակա չի համարում, այն, ինչ հայտնի է, վերջերս մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել էր, որ Քննիչ հանձնաժողովի զեկույցը չեն ստացել:

Իսկ պաշտպանական գերատեսչությունը համառորեն չի գաղտնազերծում՝ ինչ ճակատագրի է արժանացել Դավիթ Տոնոյանի պաշտոնավարման օրոք՝ 2020 թվականի օգոստոսին, Սու-25-երի արդիականացման ռուսական կողմի հետ կնքված պայմանագիրը:

Տեսանյութեր

Լրահոս