
«Եթե «Հայաստան» դաշինքն առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, մենք կմիանանք». Հայկ Մամիջանյան
«Ես այլ վիճակագրություն ունեմ՝ ՀՀ ամեն 3-րդ քաղաքացի համարում է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է։ Այդպիսի վարկանիշ ունեցող քաղաքական միավորի ներկայացուցիչները լավ կլիներ սուս մնային։ Եթե պարոն Սիմոնյանը հպարտանում է այս կամ այն սոցիոլոգիական հարցումներով, ապա նույն հարցումներով, եթե չեմ սխալվում՝ իր վարկանիշը Վարդան Ղուկասյանի վարկանիշի կողմերն է, թող շարունակի դրանով հպարտանալ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե «3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցածր վարկանիշ ունի, իսկ ՔՊ-ն եթե վաղն էլ ընտրությունների մասնակցի, ապա «50+1» ձայն կհավաքի»։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու գործընթացին, Հայկ Մամիջանյանն ասաց, որ կան ուժեր, որոնք համարում են, թե այս գործընթացը դեմ է այս կամ այն ուժին, ինչն այդպես չէ։
«Այս գործընթացը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց է, եթե կան ինչ-որ մարդիկ, որոնք կարծում են, թե Նիկոլ Փաշինյանի դեմ եղած գործընթացն իրենց դեմ է, այստեղ ոչինչ չեմ կարող ասել»,- շեշտեց Հ. Մամիջանյանը։
Նա նաև ընդգծեց՝ ցանկացած իրական ընդդիմադիր թեկնածուի հետ սիրով կնախաձեռնեն այդ գործընթացը։
«Եթե «Հայաստան» դաշինքն առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, մենք դրան կմիանանք»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում