Ժողովրդին կեղեքելու հարկային անբարենպաստ քաղաքականություն են վարում, դրան զուգահեռ՝ ավելացնում են պարտքը․ տնտեսագետ
Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրիլիոն 318 մլրդ դրամ․ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էր տեղեկացրել օրերս, սակայն վստահեցրել․ «Պարտքի բացարձակ մեծությունը էական չէ․ տարբեր երկրներում տրիլիոններով պարտք կա, բայց այդ երկրները զարգացած, զարգացող երկրներ են և որևէ խնդիր չկա։
Մեր պարտքը աճել է ավելի դանդաղ, քան մեր աճն է տեղի ունենում, այսինքն մենք հարստանում ենք ավելի արագ, քան պարտք ենք վերցնում»։
2018 թվականից հետո կրկնապատկված պարտքային բեռն ուսերին՝ նման լավատեսությունը անհասկանալի է մասնագիտական տարբեր շրջանակների համար։
168․am-ի հետ զրույցում տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը, անդրադառնալով առկա իրողությունների համատեքստում պաշտոնական նմանատիպ հավաստիացումներին, դրանք անհեթեթություն որակեց։
«Գոյություն ունի մի պարզ ճշմարտություն՝ մեր երկրի նման փոքր երկրներում, որոնք ունեն բազմաթիվ խնդիրներ, անվտանգային ու ներդրումային անբարենպաստ միջավայր, կառավարումը պետք է իրականացվի ճգնաժամային կառավարման մոդելով,- նշեց նա՝ մանրամասնելով,- Դա ենթադրում է մի քանի պարզ իրողություններ՝ այդ թվում՝ ծախսերի մաքսիմալ կրճատում։ Վերջինս նշանակում է, որ որևէ ավելորդ ծախս՝ կլինի գործուղում, հավելավճար, թե այլ ծախս, պետք է լինի խիստ զգուշավոր, և հատկապես՝ մարդկանց եկամուտների չավելանալու պայմաններում։ Տեսեք, ասում են՝ միջին աշխատավարձն ավելացավ այսինչ չափով․ չկա՛ նման բան, այդ միջին աշխատավարձի մեջ ներառված են նաև իրենց պարգևավճարները։ Ու այդ պարագայում, եթե միջինացնում ենք, կարող է տպավորություն լինի, որ միջին աշխատավարձն ավելացել է, բայց մյուս աշխատողների մոտ դա շոշափելի չէ իրականում։
Բայց պետությունը չի կարողանում կրճատել, զսպել իր ախորժակը, չի կարողանում նաև ապահովել հավելյալ եկամուտներ՝ օբյեկտիվ պատճառներով, հետևաբար՝ շարունակ պարտք է վերցնում։ Սրանք ներքին ու արտաքին պարտքի հաշվին են իրենց ծախսերը կատարում, ու այն շարունակելու է աճել։ Ու անունը դնել, թե մենք հարստանում ենք, անհեթեթություն է, որը չունի մասնագիտական որևէ բացատրություն»։
Ի դեպ, այս համատեքստում տնտեսագետը մանիպուլյատիվ որակեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ ներքին ու արտաքին պարտքի մասին բառախաղը՝ նկատելով, որ ներքին պարտքի սպասարկումը բյուջեի վրա ավելի ծանր բեռ է։
Անդրադառնալով Ֆինանսների նախարարի՝ այլ երկրների հետ համեմատությանը՝ Հայկ Ֆարմանյանը շեշտեց․ «Անգամ ԱՄՆ նման երկիրն է գիտակցում, որ իր արտաքին պարտքը պետք է կրճատի, հետևաբար՝ մտցնում է բարձր մաքսատուրքեր այն երկրների հետ, որոնց հետ առևտուր է անում, որպեսզի խթանի տնտեսությունը, արդյունաբերությունը։
Իսկ ՀՀ իշխանությունները նաև անբարենպաստ հարկային քաղաքականություն են վարում՝ ապահովելու իրենց ծախսերը։ Արտաքին պարտքին զուգահեռ՝ ավելացրին շրջհարկը, տեղական տուրքերի դրույքաչափերը։ Շինարարությունն այս հարկային վարչարարության պատճառով նաև վտանգի առաջ է։
Վարում են քերելու, ժողովրդին կեղեքելու հարկային անբարենպաստ քաղաքականություն և դրան զուգահեռ՝ ավելացնում են արտաքին ու ներքին պարտքը։ Ու ասել, թե դա նորմալ է, նոնսենս է, դեմագոգիա»։
Նկատենք, որ 2018 թվականից հետո Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել է՝ 6,7 մլրդ դոլարից հասնելով 13,5 մլրդ դոլարի։ Պետական պարտքի կառավարելիության ու կայունության երաշխավորումն ամրագրված է գործող կառավարության ծրագրում։ ՀՀ պարտքի կառավարման 2024-2026 թվականների ռազմավարությունում նշված է, որ պետական պարտքը պետք է ունենա նվազման միտում, բայց իրականությունն այլ բան է ասում․ եթե 2018 թվականի հայտնի իրադարձություններից առաջ պետական պարտքն ավելանում էր տարեկան միջինում 271 մլն դոլարով, ապա հաջորդիվ՝ գրեթե եռապատիկ ավելի։



