Կռիվ է, պատերազմ՝ բարու և չարի, խավարի ու լույսի. չի՛ կարող Աստծո ստեղծած երկրում մարդը պարտվի, չի՛ կարող Ավետյաց երկրում հայը կործանվի. Արմեն Չարչյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հայոց տուն» շարժման համահիմնադիր Արմեն Չարչյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Իմ դեմ հարուցված երեք գործ է քննվում: 2021թ. խորհրդարանական ընտրություններից առաջ աշխատակիցներիս կոչ էի արել գնալ ընտրությունների, ընդ որում, նշել էի, որ կապ չունի՝ ում կընտրեն։ Հատուկ շեշտել էի, որ որևէ ազդեցություն, ճնշում չի լինելու, անգամ, եթե այլ թեկնածուների ընտրեն։ Մի գործը դրա առնչությամբ է: Երկրորդ գործը «Հաց բերողի» գործով իբր կեղծ եզրակացություն տալն է, որի վաղեմության ժամկետներն անցել են, և քննիչն ինքն է ինձ խնդրել համաձայնել այդ հիմքով գործը կարճելուն։ Ես հրաժարվել եմ, որովհետև դա արդարացում չէ։ Իսկ ես այս գործով սպասում եմ արդարացման վճռի, որովհետև ամեն ինչ իմ կողմից արվել է օրենքի սահմաններում։ Բայց ամենազավեշտալին 3-րդ գործն է, որի ձեռքը կրակն են ընկել։ Վերջին 1.5 տարվա ընթացքում որևէ գործողություն չի կատարվել։ Այս գործով էլ ինձ մեղադրում են, թե իբր պատգամավոր եղած ժամանակ վիրահատություն եմ կատարել։
  • Ես ամենաքիչը 400 000 մարդու իմ աշխատանքային գործունեության ընթացքում բուժել եմ, այդքան մարդ ինձ ճանաչում է, ու իմ նկատմամբ քրեական հետապնդումները հենց այդ պատճառով էին, որ ես հեղինակություն էի, ով իրենց դեմ խոսեց։ Իմ դեմ այս իշխանությունների քաղաքական հետապնդումների պատճառը 2020թ․ դեկտեմբերին իմ գրած «Իմ և քո ձեռքերն արյունոտ են» հոդվածն էր, որում համեմատություն էի անցկացրել ու ասել՝ իմ ձեռքերն էլ են արյունոտ, բայց դա՝ ի փառս մարդու առողջության… իսկ քոնն արյունոտ են, որովհետև…

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ 2020թ. Արմեն Չարչյանը հոդված էր գրել «Հեռացեք պարոնայք, հեռացեք ինքնակամ, անաղմուկ» վերնագրով, որում ասվում էր. 

«…Դուք անաստված եք, դուք անհավատ եք, դուք անբան եք, դուք ոչ մի բան եք:

Եթե բան լինեիք՝ կխոսեիք: Ժողովրդի հետ կխոսեիք, որ ձեզ քվե էր տվել, կխոսեիք պատգամավորների հետ, կխոսեիք նախագահի հետ, կխոսեիք Պուտինի հետ, Ալիևի հետ վերջապես: Բայց ոչ, դուք չխոսեցիք, դուք անասնացաք, դուք գործարքի գնացիք … սատանայի հետ և այրվելու եք դժոխքում:

.. Իմ ձեռքերն ամեն օր արյունոտվում են, արյունոտվում են օրը մի քանի անգամ (կախված օրվա վիրահատությունների թվից): Բայց երբ հանում եմ արյունոտ ձեռնոցներն ու լվանում եմ ձեռքերս, նրանք ճառագում են Լույսով, քանզի ևս մի կյանք են փրկել: Եղիցի լույս: Ի փառս:

Հեռացեք պարոնայք, հեռացեք ինքնակամ, անաղմուկ, գլխիկոր նայելով գետնին, քանզի աստղերն ու երկինքը ձեզ այլևս հասու չեն և չեն լինի մնացյալ աշխարհիկ կյանքում: Հեռացեք, մոռացեք ամենքին, ամեն ինչ: Հեռացեք, որ կյանքը նորից ընթանա իր բնականոն հունով: Հեռացեք, որ այլևս չզոհվեն մեր եղբայրներն ու որդիները: Հեռացեք, ուղղակի հեռացեք:

Ձեռքերդ առերևույթ արնոտ չեն և ես դա երբեմն-երբեմն տեսնում եմ հեռուստատեսությամբ (երբ տասնամյա աղջիկս փոխում է հեռուստաալիքները՝ որևէ մանկական ծրագրի փնտրտուքով և այդժամ հանկարծակի մի ակնթարթ երևում ես դու): Քո ձեռքերի արյունը թափանցել է հոգուդ խորքը: Քո հոգին է արնոտվել, իսկ ինչպես լվանալ հոգու արյունը՝ չգիտեմ»: Այս հոդվածից հետո սկսվեցին Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի կողմից քաղաքական հետապնդումներն Արմեն Չարչյանի նկատմամբ: 

  • Հիմա ինձ ավելի շատ մարդ է ճանաչում, և ռեպուտացիոն վնաս ես չեմ կրել, այլ իրենք։

  • Անդունդի եզրին ենք այսօր, եթե ոչ արդեն գլորվում ենք այդ անդունդի մեջ։ Ես ու իմ ընկերները չենք կարող փողոց փակել, աղբամաններ այրել… մեր ուժը մեր խոսքն է, մենք կարող ենք մեր խոսքը տարածել լայն զանգվածների մեջ։ Ու այդպես ստեղծվեց «Հայոց տուն» հարթակը, շարժումը։ Առաջնորդության կարիք կա, պետականամետ, ազգային, պատասխանատու առաջնորդության կարիք կա մեր երկրում։
  • «Հայոց տունը» ունի համահիմնադիրներ՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը, Արման Նուռը՝ քանդակագործ, դիզայներ, և ես։ «Հայոց տունն» ունի 12 «սենյակներ»՝ ոլորտային բաժանումներով, որոնք պետք է լցնել ազգային գաղափարախոսությամբ։ Համակիրներ ունենք, որոնց թիվն ավելանում է, ու նրանք ընդգրկվում են «Հայոց տան» սենյակներում՝ ըստ ոլորտային պատկանելության։
  • «Հայոց տունն» արժեհամակարգային-գաղափարախոսական հարթակ է։ Հանդես ենք գալու՝ որպես ազգային-պետականամետ խորհրդակցական մարմին։ Ոչ մեկից կախված չենք՝ ո՛չ Արևմուտք, ո՛չ Հյուսիս, ո՛չ Հարավ։
  • «Հայոց տունը» ազգային, պետական կարևորության հարցերի շուրջ եզրակացություններ պիտի տա, որը կներկայացվի թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը, թե՛ ժողովրդին։ Մեր խնդիրներից մեկը միաբանությունն է։ Բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրելու ենք քննարկման։ Այս ծրագիրը երկարատև ծրագիր է։ Ունի երկու նպատակ՝ հեռահար և այժմեական, այսրոպեական նպատակ։ Հեռահար նպատակը նախատեսված է հետնիկոլյան ժամանակի համար։
  • Ամեն օր պայքար է երկիրը պահելու համար, որովհետև իշխանությունը չի փորձում պահել երկիրը, ժողովուրդն է փորձում պահել։ Պաշտպանության բնազդը շատ լուրջ ուժ է, որն արհամարհել չի կարելի։ Մեր կարճաժամկետ ծրագիրն է՝ այս իշխանության օրոք հնարավորինս խուսափել կորուստներից, իսկ հետո՝ ոտքի կանգնեցնել մեր երկիրը։
  • Մարդը մանրացել է, ու դա հիմա համաշխարհային թրենդ է՝ ոչնչացնել բոլոր հեղինակություններին, որ նրանց հետևից մարդ չգնա, ազգային որևէ բան չլինի, որ բոլորը դառնան սոսկ պտուտակներ։ Բիոմասսա են ուզում ստեղծել, որն ունենա 2 ֆունկցիա՝ ուտել ու վերարտադրվել։
  • Կռիվ է, պատերազմ, բարու և չարի։ Մարդը Քրիստոս չէ, չի կարող հաղթել մահվանը։ Բայց մարդը հաղթում է վերարտադրությամբ, սերունդ թողնելով, ու դա նրա ամենամեծ առաքելությունն է։ Սա խավարի ու լույսի պատերազմ է, ու չի կարող Աստծո ստեղծած երկրում մարդը պարտվի, չի կարող Ավետյաց երկրում հայը կործանվի։ Վերազգային կորպորացիաները, որոնք աշխարհում քաղաքականություն են թելադրում և գլոբալ արժեքներ՝ վերացնելով ազգայինը, Բաբելոնյան աշտարակ են, տապալվելու են։ Բնության ու Աստծո դեմ ընդունված օրենքներին դեմ գնալը պատժվելու է։
  • Միշտ ասել եմ՝ առողջապահության նախարարը պետք է լինի Ազգային անվտանգության խորհրդի լիիրավ անդամ։ Ազգի առողջություն ու զինվորների քանակ, տրվող պրոդուկտի քանակ, ծնելիություն… Այս 3 հարցերի պատասխաններն են, որ արդյունքում մենք կարող ենք հասկանալ՝ կարո՞ղ ենք պատերազմել ու հաղթել, թե՞ ոչ։ Պետք է ի սկզբանե լինի տվյալագիտություն, դրանից հետո՝ անալիտիկա, գործողություն, արդյունքների ամփոփում ու կրկին՝ տվյալագիտություն։
  • Առողջապահությունը շատ լայն համակարգ է, մինչդեռ այսօր, ցավալիորեն, առողջապահության անվան տակ հասկացվում է հիվանդաբուժություն։

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կողմից վերջերս մի սարսափելի որոշում է կայացվել: Ըստ այդ որոշման, մինչև 8 շաբաթական դեղորայքային եղանակով հղիության ընդհատումը թույլատրվում է կատարել նաև արտահիվանդանոցային պայմաններում, այսինքն՝ դարձնում է ավելի հասանելի և «մատչելի», ինչպես նաև հղիության արհեստական ընդհատման համար սահմանում  գրավոր դիմումի պահանջ՝ «անչափահաս» բառը փոխարինել «մինչև 16 տարեկան» բառերով,  դրանով իսկ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության պահանջը նախատեսելով միայն մինչև 16 տարեկան պացիենտի համար։ Ըստ մասնագետների՝ սա կարող է հանգեցնել աբորտներից հետո զարգացող երկրորդային չբերության, ինչը նշանակում է, որ ազգը տանում են դանդաղ  ոչնչացման: Երկրում ժողովրդագրական ճգնաժամ է, իսկ ՔՊ-ական այս իշխանությունը որոշումներ է կայացնում, որը լրջագույն սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը: Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նման որոշումներ կայացնում, ի՞նչ նպատակներ են հետապնդում, արդյո՞ք նրանք թշնամու ծրագրերն ու օրակարգերն են իրականացնում մեր երկրում: 

Առողջապահական ոլորտի մասնագետները վերջերս ահազանգ էին հնչեցրել, որ երկրում ազգաբնակչության համար չի ապահովվում դեղերի անհրաժեշտ քանակությունը և հասանելիությունը։ Օրենքներն այնպես են փոփոխվել, որ այսօր հնարավոր չի լինում մեր ազգաբնակչությանն անհրաժեշտ քանակի դեղեր ներկրել Հայաստան: Դեղերի հարցն, ըստ էության, ազգային անվտանգության հարց է։ Ինչո՞ւ այս կառավարությունը չի լուծում խնդիրը:

  • Հարցնում եք՝ ինչո՞ւ են դա անում: Պատասխանս՝ I don’t know` ես չգիտեմ: Եթե անգլիացին ինչ-որ բանից բացասական առումով տպավորված է, բայց չի ուզում ճիշտն ասել, ասում է՝ I don’t know` ես չգիտեմ։ Ես չգիտեմ՝ ինչո՞ւ դեղորայքի բավարար քանակ չի ապահովվում մեր երկրում, ում ստվերային շահերն են սպասարկվում։
  • Պետք է թվայնացնել տնտեսությունն ու առաջ գնալ քվանտային տեսության ճանապարհով, ու ինչպես հրեաները, դառնալ ցանցային ազգ։ Միայն այս պարագայում կարող ենք պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Ու այս ամենում ես շատ բարձր եմ գնահատում Եկեղեցու դերը։ Եկեղեցին մնաց միակ կառույցը, որը չվարկաբեկվեց։ Շատ գրագետ ու իմաստուն քաղաքականություն է վարում Վեհափառը՝ ի փառս Հայ եկեղեցու։
  • Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է. Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը՝ որպես հոգևոր այր, իրավունք չուներ դուրս գալ հոգևոր ծառայության շրջանակներից ու քաղաքական հայտարարություններ անել։ Վեհափառը փորձում է ամեն ինչ անել, որ եկեղեցին չտարրալուծվի քաղաքական հորձանուտում։

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի՝ Էստոնիա կատարած այցի ընթացքում Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանն ասել էր, որ աղոթում են Նիկոլ Փաշինյանի` հարևանների հետ խաղաղության և հաշտության ծրագրերի հաջողության համար։ Նա հավելել էր, որ իրենք աղոթք են անում, որպեսզի Հայաստանն իր քայլերն անի դեպի ԵՄ, քանի որ, նրա մեկնաբանմամբ, քրիստոնեությունը եկել է հենց Արևմուտքից։

  • Երկու հազար տարուց ավելի է՝ ասվում է՝ եթե ուզում ես խաղաղություն, պատրա՛ստ եղիր պատերազմի։ Որևէ խաղաղության պայմանագիր չի կարող խաղաղություն երաշխավորել:
  • Ի սկզբանե պայմանավորվածություն կար, որ ես մանդատ չեմ վերցնելու։ Ուղղակի շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Երբ 2021թ․հունիսի 18-ին ինձ կալանավորեցին՝ առանց պատգամավորական անձեռնմխելիությունը հաղթահարելու, մանդատն ինձ պետք եկավ, որ դուրս գամ։ Ես իրավիճակից ելնելով՝ դարձա պատգամավոր, բայց դա իմ տեղը չէր։
  • «Հայոց տունը» վերկուսակցական մարմին է, բայց դա չի նշանակում, որ մենք քաղաքականությունից դուրս պետք է լինենք։ Հայաստանամետ, հայրենիքամետ գործիք ենք լինելու՝ ակնկալելով ազդեցություն ունենալ որոշակի քաղաքական պրոցեսների վրա։ Սակայն որևէ քաղաքական ուժի հետ միավորվելու հեռանկար դեռ չենք տեսնում։ Խորքային առումով մենք քաղաքական միավոր ենք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս