
Իրանի նախագահի ադրբեջանական այցի գլխավոր երկու թեմաները կապ ունեն Հայաստանի հետ. Նադեին-Ռաևսկի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը 120 հոգանոց պատվիրակությամբ մեկնել է Ադրբեջան: Սակայն մինչ այցը նախագահ Փեզեշքիանը հարցազրույց է տվել ադրբեջանական AzTV-ին, անդրադառնալով՝ ինչպես իրանա-ադրբեջանական, այնպես էլ՝ հայ-ադրբեջանական օրակարգին առնչվող թեմաներին:
Նա մասնավորապես ասել է, որ պետք է հարգենք միմյանց տարածքային ամբողջականությունը և չունենանք որևէ հավակնություն տարածքի նկատմամբ: Նա նաև ընդգծել է, որ Իրանը միշտ պաշտպանել է Ադրբեջանի իրավունքները և պաշտպանում են նաև Հայաստանի իրավունքները։
Անդրադառնալով Իրանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան ցամաքային կապ ստեղծելու վերաբերյալ հարցին՝ Փեզեշքիանն ասել է.
«Նախագիծն արագ զարգանում է։ Այն արդեն համաձայնեցված է, և Իրանի տարածքի, և Ադրբեջանի մայրցամաքային մասի միջև Նախիջևանի հետ ցամաքային կապի ստեղծման հարցում որևէ խնդիր չի լինի»։ Իրանի նախագահը նշել է, որ երկու երկրների միջև երկաթուղային ճանապարհի իրագործումը բանակցությունների օրակարգում է՝ ավելացնելով, որ նման նախագծերը նպաստում են առևտրային և տնտեսական կապերի ամրապնդմանը։
«Մենք աշխատում ենք կապն ավելի անվտանգ ավարտելու ուղղությամբ… Հուսով եմ, որ այս նախագիծը կապահովի անվտանգ հաղորդակցություն Ադրբեջանի և Նախիջևանի միջև և միևնույն ժամանակ կհեշտացնի կապն Ադրբեջանի և Թավրիզի, Արդաբիլի և Արևմտյան Ադրբեջանի միջև»,- նշել է Փեզեշքիանը:
168.am-ի հետ զրույցում ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ սովորաբար այցին ընդառաջ տրվող հարցազրույցներում արտացոլվում են այցի գլխավոր թեմաներն ու ակնկալիքները: Ըստ նրա, սա ևս բացառություն չէ, իրանական կողմն այս հարցազրույցով ներկայացրել է այն գլխավոր թեմաները, որոնք պատրաստվում է քննարկել Ադրբեջանում:
«Ադրբեջանն ու Իրանը, պայմանավորված իրենց աշխարհագրությամբ, աշխարհաքաղաքականությամբ, բազմաթիվ կապող թեմաներ ու շահեր ունեն, որոնք ունեն՝ ինչպես բարդ աշխարհաքաղաքական, ազգամիջյան, այնպես էլ՝ ռեգիոնալ՝ հարավկովկասյան թե մերձավորարևելյան, Կասպյան ավազան, ու քաղաքական բնույթ: Սակայն Փեզեշքիանի այս այցի կենտրոնում Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի հարցն է, որն արդեն համաձայնեցումների փուլեր է անցնում, և Ադրբեջանը կարծես ևս ցանկանում է օգտվել այս տարբերակից, չհրաժարվելով իր պահանջներից ՀՀ-ի նկատմամբ:
Այս ճանապարհով, ըստ էության, Իրանը ցանկանում է վերացնել Հայաստանի ուղղությամբ Ադրբեջանի պահանջները: Դա է պատճառը, որ Իրանը խոսում է տարածքային պահանջների ու հավակնությունների անթույլատրելիության մասին: Ակնհայտ է, որ Իրանն այս ամենը ռեգիոնում պատկերացնում է՝ առաջ մղել համագործակցության և իր մյուս գործընկերներ Ռուսաստանի և Չինաստանի միջոցով, հատկապես այն փուլում, երբ Արևմուտքի հետ բանակցությունների ֆոնին Իրանն ակտիվ խորհրդակցում ու համագործակցում է Ռուսաստանի ու Չինաստանի հետ: Այս թեմայի հետ կապված մյուս հարցն էլ այն է, որ Իրանը չի ցանկանում, որպեսզի լինի Հայաստանով անցնող ճանապարհ, կամ դեմ չէ ճանապարհին, որը չունի միջանցքի կարգավիճակ»,- ասաց Ռաևսկին:
Նրա կարծիքով, այս ամենին նպաստող գործոն է նաև Չինաստանի ու Ադրբեջանի նոր որակի համագործակցությունը:
«Ուստի, կարծում եմ, այս այցը կարևոր է նաև այն տեսանկյունից, որ այն տեղի է ունենում Ալիևի՝ Չինաստան կատարած այցից հետո, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային կոմունիկացիաների հարցում համագործակցության հեռանկարները։ Այնպես որ՝ կարելի է ենթադրել, որ տարածաշրջանային կոմունիկացիաների հարցը կարող է նաև Իրան-Չինաստան համապատասխան քաղաքական շրջանակների քննարկման թեման դառնալ»,- ասաց վերլուծաբանը:
Նրա խոսքով, Իրան-Ադրբեջան հարաբերություններում կա նաև Իսրայելի բարդ գործոնը, որը ևս՝ ինչպես երկկողմ խնդիր է, այնպես էլ՝ ունի հետագա ռեգիոնալ ազդեցության հնարավորություն:
«Իսրայելը մեծացրել է իր ազդեցությունն Ադրբեջանում և Իրանի դեմ հնարավոր գործողության դեպքում գուցեև փորձի օգտվել հենց Ադրբեջանի օգնությունից: Վստահ չեմ, որ սա պետք է Ադրբեջանի իշխանություններին: Այնուամենայնիվ հարկ է նշել, որ Ադրբեջանն անտարբեր չէ այս ամենի նկատմամբ, և եղել են այցեր դեպի Իրան, Իսրայել, Թուրքիա համապատասխան բանակցությունների նպատակով: Սակայն որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ հունով կընթանան ԱՄՆ-Իրան բանակցությունները, ինչպես ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների դեպքում: Եթե չհաջողվի առաջընթաց ունենալ, ապա Իսրայելի կողմից ԱՄՆ-ի նկատմամբ, այսպես կոչված, ճնշման քաղաքականությունը՝ Իրանի դեմ գործողություն իրականացնելո,ւ մեծանալու է: Իրանը բազմաթիվ կողմերի հետ աշխատանքով փորձում է ճիշտ դիվանագիտական դիրքավորում իրականացնել՝ ներգրավելով նաև իր դաշնակիցներին, զսպելով հնարավոր հակառակորդներին, սակայն իրադարձությունները կարող են անկանխատեսելի լինել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվող ԻԻՀ նախագահի ձևակերպմանը, թե «Ղարաբաղն Ադրբեջանի անքակտելի մասն է», ու դրա բուռն արձագանքին Երևանում՝ վերլուծաբանն ասաց, որ Իրանն անկեղծ է իր բոլոր մոտեցումներում:
«Առաջին անգամը չէ, որ Իրանը նման դիրքորոշում է հայտնում, բնականաբար, ադրբեջանական ԶԼՄ-ները գտնում են նման մեկ հայտարարություն ու ողջ շեշտը դնում դրա վրա, սակայն, կարծում եմ, այս այցի ընթացքում Հայաստանի համար ոչ պակաս կարևոր շատ այլ ձևակերպումներ են հնչելու»,- նկատեց Ռաևսկին: