
«Փաշինյանը գլուխը պատին է տալիս, որ ասում է՝ Արցախի թեման փակված է… ամոթ է, ամոթ, երկիրը նման ղեկավար չի կարող ունենալ». Մարտին Եսայան

Ադրբեջանը շարունակում է կրակոցները ՀՀ սահմանների ուղղությամբ, որոնք երբեմն թիրախավորված բնույթ են կրում և վնասում բնակիչների տան տանիքները կամ պատուհանները։
ՀՀ իշխանություններն ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ դրանք Հայաստանին չեն ուղղված, ինչն առնվազն զարմանք է առաջացնում փորձագետների շրջանում։
Արցախյան 3 պատերազմների մասնակից, ռազմական փորձագետ Մարտին Եսայանը հարց է ուղղում ՀՀ իշխանություններին՝ եթե ադրբեջանական կողմից հնչող կրակոցներն ուղղված չեն Հայաստանին, ապա ո՞ւմ են ուղղված, երբ դրանք երբեմն թիրախավորում են սահմանամերձ գյուղերը։
«Զարմանում եմ իշխանությունների տրամաբանության վրա, թեպետ այստեղ տրամաբանելու բան էլ չկա՝ հստակ է՝ թշնամու թիրախում Հայաստանն է, իսկ այս պահին ավելի շատ՝ Սյունիքը։
Ի վերջո, ժողովուրդը գոնե պետք է հասկանա, որ այս ամենի վերջը լինելու է մեծ սադրանք, Ադրբեջանը դրան է գնում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մարտին Եսայանը։
Ըստ նրա, ադրբեջանական սադրանքներին հայկական կողմից չեն պատասխանում, դրանց չեն արձագանքում նաև դիվանագիտական, քաղաքական մակարդակներով, ուստի Ադրբեջանն այս ամենը տեսնելով՝ հանգիստ անում է այն, ինչ այսօր անում է։
«Նախկինում Ադրբեջանի այս սադրանքներին հայկական կողմը համարժեք էր արձագանքում, լռեցնում էր թշնամուն, բայց այսօր, ինչպես տեսնում եք, Ադրբեջանն Արցախից հետո շատ է մեծամտացել։ Կրկնում եմ՝ թշնամու պատասխանը պետք է տրվի, հակառակ դեպքում՝ այսպես շարունակվելու է։ Իշխանությունը հայ ժողովրդին քարոզում է, թե թշնամին ուժեղ է, մենք՝ թույլ, բայց այդպես չէ, մեր ռեսուրսն ամբողջովին սպառված չէ։
Երկրագնդի վրա Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ այսքան խայտառակ պարտություններից հետո իշխանությունը շարունակում է պաշտոնավարել, ժողովուրդն ինչի՞ մասին է խորհում, սա շատ վատ է։ Եթե պարտված իշխանությունն է կառավարման ղեկին, նշանակում է՝ այդ պարտությունների շղթան շարունակվելու է»,- հավելեց Մարտին Եսայանը։
Մեր զրուցակիցը խոսեց նաև այսօր ՀՀ-ում 167.000 բռնի տեղահանված արցախահայերի ճակատագրի և իշխանությունների հայտարարությունների մասին, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, որ «Արցախի շարժումը չի շարունակելու»։
Նա դարձալ զարմանում է Նիկոլ Փաշինյանի վրա՝ ասելով, որ Փաշինյանը, բացի Արցախը հանձնելուց, ի՞նչ առնչություն ունի առհասարակ Արցախի հետ, որ որոշի՝ շարժումը շարունակվելո՞ւ է, թե՞ ոչ։
«Մոնթե, Ազգալդյան, Մեղրյան և այլք, սրանք այն մարդիկ են, որոնք մտածել են հայ ազգի մասին, հող են ազատագրել։ Իսկ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը՝ Արցախը հանձնած ու պարտված մի մարդ։ Փաշինյանը գլուխը պատին է տալիս, որ ասում է՝ Արցախի թեման փակված է, իր ղեկավարման օրոք գուցե փակվի, բայց երբ ռադ լինի, այդ թեման օրակարգ է վերադառնալու։ Նիկոլ Փաշինյանը միակ ղեկավարն է, ում կառավարման արդյունքում Արցախն իր հազարամյա պատմության ընթացքում առաջին անգամ հայաթափվեց։
ՔՊ-ականներից յուրաքանչյուրն իրեն թող դնի արցախցու տեղը, եղել են արցախցիներ, որ չեն հասցրել նույնիսկ իրենց անձնագրերը, փաստաթղթերը վերցնեն ու մազապուրծ դուրս են եկել Արցախից, որ իրենց ու իրենց ընտանիքի կյանքը փրկեն։ Ու այս ամենն իրենց ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի պատճառով: Իրենք միլիարդներ են ստանում դրսից արցախահայերի համար, այդ գումարը նպատակին ծառայեցնո՞ւմ են, իհարկե ոչ։ Ընտանիքներ կան, որ իրենց կերակրողին կորցրել են՝ հորը, եղբորը, ամուսնուն, այդ մարդիկ ինչպե՞ս ապրեն»,- շեշտեց Մարտին Եսայանը։
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում գտնվող արցախահայերի վիճակը ծանր է՝ բոլոր առումներով, իսկ իշխանությունը, ստելուց բացի, որևէ բան չի անում։
«Այո, կան ոչ այդքան կիրթ մարդիկ, որոնք շարունակում են նախկիններին մեղադրել, ու իշխանությունն էլ այդ մարդկանց օգտագործում է իր աթոռը պահելու համար։ Բայց նախկինների ժամանակ Արցախ կար, մարտունակ բանակ կար, թշնամին Սյունիքում չէր։ Եթե ՔՊ-ն այդքան հզոր է, թող թշնամուն դուրս հանի Ջերմուկից, ամոթ է, ամոթ, երկիրը նման ղեկավար չի կարող ունենալ, սրանք մի քիչ պատվախնդիր լինեին, առհասարակ մի տեղ կչքվեին, նույնիսկ մարդամեջ դուրս չէին գա։
Երբեմն տաքսի եմ վարում, շփվում եմ մարդկանց հետ, հավատացեք, այս իշխանություններից զզված են, բողոք ունեն, բայց չգիտեն՝ ինչ անեն, առաջնորդներ են պետք այս մարդկանց առաջնորդելու համար»,- ընդգծեց Մարտին Եսայանը։