
«Մինչև այժմ Արցախի ԱԺ-ն չի ստացել որևէ նման հայտ, առաջարկներ՝ նույնպես». Մետաքսե Հակոբյանը՝ Արցախի նախագահի թեկնածուների մասին

Ապրիլի կեսերին Արցախի Հանրապետության ԱԺ-ն նիստ էր անցկացրել, որի ընթացքում ընդունել էր սահմանադրական փոփոխությունների նախագիծ, համաձայն որի՝ ապահովվում է պետական ինստիտուտների շարունակականությունը, մասնավորապես՝ Արցախի նախագահի ինստիտուտի գործունեության շարունակականությունը։
Արցախի ԱԺ 7-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության 5-րդ տարին լրանում է մայիսին, այն ձևավորվել էր 2020 թվականի մայիսի 21-ին։
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը վստահ է՝ մայիսին սպասվող գործընթացները «թուր ու թվանքով» են ընդունվելու ՀՀ իշխանությունների կողմից, դրա դրսևորումները վերջին շրջանում ժամանակ առ ժամանակ տեսնում են. ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շուրջ տեղի ունեցող գործընթացները, ըստ նրա՝ պատահական չեն, որտեղ հնչող հայտարարություններն էլ փորձում են ներկայացնել Արցախի ժողովրդի անունից։
«Մենք բազմիցս ասել ենք, որ բոլորիս մոտ հարցեր կան՝ արդյո՞ք ուղղորդված չեն այդ գործողությունները, որոնք վերջին շրջանում տեղի էին ունենում Արցախի ներկայացուցչության մոտ։
Ինչ վերաբերում է Արցախի ԱԺ գործունեության ժամկետի լրանալուն, ապա այն կարգավորվում է գործող Սահմանադրությամբ։ Մենք այսօր գտնվում ենք ֆորսմաժորային իրավիճակում, որի պարագայում հնարավոր չէ ընտրություն կատարել։ Հետևաբար՝ Արցախի ԱԺ-ն շարունակում է իր գործունեությունը, մինչև ընտրություններ կազմակերպելու հնարավորություն կլինի։
Իսկ Արցախի նախագահի մասով հիշեցնեմ, որ դեռևս 2022 թվականին՝ Արցախի շրջափակման ժամանակ, նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Սահմանադրության հոդվածի փոփոխության նախագիծ էր բերել, որով նախագահի հրաժարականի կամ ինչ-ինչ պատճառներով նրա լիազորությունները չկատարելու պարագայում, հնարավորություն էր տալիս խորհրդարանի միջոցով ընտրել նախագահ, բայց այն ժամկետ ուներ՝ մինչև 2025 թվականի մայիսի 21-ը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մետաքսե Հակոբյանը։
Շարունակելով միտքը, պատգամավորն ասաց, որ Արցախին նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո, Արցախի ԱԺ-ն օգտագործելով վերը նշված հոդվածը՝ ընտրեց Արցախի ներկայիս նախագահ Սամվել Շահրամանյանին, ըստ այդ կարգավորումների, նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է այդ տարվա մայիսի 21-ին։
«Մենք խնդիր ունեինք Արցախի նախագահի ինստիտուտը պահելու հետ և պայմանավորված դրանով, երկար ընթացակարգով անցավ Սահմանադրության համապատասխան հոդվածի փոփոխությունը, որի արդյունքում մենք կկարողանանք պահպանել նախագահի ինստիտուտը։ Այդ առումով օրենքի հետ կապված խնդիր չկա։
Ինչ վերաբերում է քաղաքական որոշումներին, ապա որևէ քննարկում այս պահին չկա, մենք գլխավոր խնդիրը համարում ենք կատարված, այն է՝ նախագահի ինստիտուտի պահպանումը։ Սահմանադրության համապատասխան հոդվածի փոփոխությունը չէր կատարվել կոնկրետ մարդու կամ անհատների գործունեությունը շարունակելու համար, այլ ինստիտուտի։ Մնացած բոլոր հարցերն արդեն տեխնիկական են, որոնք ընթացքի մեջ միանշանակ լուծվելու են, և որևէ խնդիր այդ առումով չի լինելու»,- շեշտեց Մետաքսե Հակոբյանը։
Հարցին՝ բացի Սամվել Շահրամանյանից, կա՞ այլ թեկնածու, որը պատրաստ է ստանձնել Արցախի նախագահի լիազորությունները, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց՝ չեն տեսնում այն ընթացակարգերը, որոնք սովորաբար նախագահ ընտրվելիս իրականացվում են, նման քննարկումներ էլ չկան, որովհետև ըստ Սահմանադրության, ԱԺ 5 խմբակցությունները, նույնիսկ յուրաքանչյուրը կարող է ունենալ նախագահի իր թեկնածուն։
«Մինչև այժմ ԱԺ-ն չի ստացել որևէ նման հայտ, առաջարկներ՝ նույնպես։ Նման բան չկա։ Չեմ կարող ասել՝ կա՞ որևէ նախապատրաստություն, թե՞ ոչ»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը 2023 թվականի սեպտեմբերից ապօրինի գտնվում է Բաքվի բանտում, այս պահին ԱԺ նախագահի պարտականությունը կատարում է Գագիկ Բաղունցը։ Արցախի ԱԺ-ում ներկայացված են 5 խմբակցություններ՝ « Ազատ Հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն» խմբակցությունը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի Ժողովրդավարական կուսակցություն»: