
«Գերմանիայում թուրքերն ու ադրբեջանցիներն անանուն զանգել են հայերի, հիշեցրել 1915թիվը, սպառնացել, որ կվերացնեն». Գուրգեն Պետրոսյան
Հայ-գերմանական իրավաբանների ասոցիացիան տեղեկացնում է, որ վերջին շաբաթներին Գերմանիայում ապրող հայ քաղաքացիներ ստացել են անանուն հեռախոսազանգեր՝ ենթադրաբար թուրքական կամ ադրբեջանական ծագում ունեցող անձանցից։ Զանգողները արտահայտել են բացահայտ ատելություն և ուղղակի սպառնալիքներ՝ հիմնված մարդու ազգային պատկանելության վրա։ Թեմայի մասին առավել մանրամասն 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում զրուցեցինք Հայ-գերմանական իրավաբանների ասոցիացիայի նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ, Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանի հետ:
«Զանգերի հետ կապված խնդիրը նոր չէ, որովհետև դեռևս 2020թ. 44-օրյա պատերազմից առաջ, հուլիսյան դեպքերի ժամանակ արձանագրվում էին այսպիսի առանձին դեպքեր, երբ ադրբեջանցիները հայերի նկատմամբ նման քայլեր էին կատարում, բայց վերջին շրջանում սա ավելի շուտ արշավի է նմանվում, քանի որ դեպքերը շատ կարճ ժամանակահատվածում են տեղի ունեցել, և տարբեր հայեր, անկախ իրենց ծանոթ լինել-չլինելու հանգամանքից, նույնաբովանդակ զանգեր են ստացել, որոնք պարունակում են թե՛ սպառնալիքներ, թե՛ վիրավորանքներ՝ զուտ կապված ազգային պատկանելության հետ: Մարտի սկզբից զանգեր են եղել Գերմանիայի տարբեր քաղաքաներում բնակվող հայերին: Այս առումով հարուցվել են քրեական գործեր տարբեր ոստիկանական բաժանմունքներում, և հիմա պետք է դատախազությունն այս ամենով զբաղվի, որովհետև սրանք նաև քրեական տարրեր պարունակող գործողություններ են»,- պարզաբանեց մեր զրուցակիցը:
Գուրգեն Պետրոսյանի խոսքով՝ զանգերն անանուն են, և՛ տղամարդու ձայնով են զանգում, և՛ կանացի.
«Զանգերի բովանդակությունը նույնն է, ճանաչում են անձանց, որոնց զանգել են, անուններով են նրանց դիմում: Այսինքն՝ թիրախավորում են կոնկրետ անձանց, բայց թե ոնց են նրանց հեռախոսահամարը գտնում, մեզ համար այդքան էլ հասկանալի չէ, փորձում ենք մեթոդաբանությունը ներկա դրությամբ հասկանալ: Ֆրանսիայի, Հոլանդիայի, Մեծ Բրիտանիայի մեր գործընկերների հետ կապ ենք հաստատել, փորձել ենք հասկանալ՝ արդյոք նման տեսակի հեռախոսազանգեր կամ նման արշավներ իրենց մոտ արձանագրվե՞լ է, թե՞ ոչ, և ներկա դրությամբ մեզ հասանելի տեղեկատվությամբ՝ միայն Գերմանիայում է այս ամենը տեղի ունենում: Բայց պարզ չէ, թե ինչու է հենց Գերմանիայում այս ամենը տեղի ունենում»:
Հայ-գերմանական իրավաբանների ասոցիացիայի նախագահը հորդորում է նմանատիպ զանգեր ստանալու դեպքում առաջին հերթին դիմել ոստիկանություն, չենթարկվեն սադրանքների, զուտ արձանագրեն փաստը, որ անանուն զանգ է եղել, և դրա հիման վրա ոստիկանությունում հաղորդում ներկայացնեն. «Կարող են դիմել նաև մեզ: Սրանք առանձին դեպքեր չեն, սա հայատյացության մի ամբողջ ծրագրի մաս է կազմում: Կարևոր է, որ թե՛ Գերմանիայում, թե՛ այլ երկրներում արձանագրվի, որ այդ հայատյացությունը կա: Որքան էլ խաղաղության պայմանագրի մասին խոսենք՝ մեկ է, այդ հայատյացությունը գոյություն ունի թե՛ ադրբեջանցիների, թե՛ թուրքերի կողմից: Ցանկացած անձ, ով պետք է դիմի ոստիկանություն, պետք է նաև համատեքստը ներկայացնի, թե ինչու են իրենք ընտրվել այդ զանգի համար, մասնավորապես՝ կա հակամարտություն, ադրբեջանցիներն ատելությամբ են լցված հայերի նկատմամբ: Այս կոնտեքստն ու կոնֆլիկտը պետք է ներկայացնել: Մենք ունենք վճիռներ, ըստ որոնց՝ ադրբեջանցիների կողմից կա հայերի նկատմամբ դիսկրիմինացիա, և այդ ամենը պետք է փաստագրված ներկայացնել, հակառակ դեպքում՝ սա դիտարկվելու է զուտ որպես անձի նկատմամբ սպառնալիք: Բայց սա զուտ անձի նկատմամբ չէ, հայերի նկատմամբ սպառնալիք է, որն իրավաբանորեն այլ մակարդակի վրա է դիտարկվում»:
Հարցին՝ բացի ազգային պատկանելությունից, կա՞ այլ միավորող բան մեր այն հայրենակիցներին, որոնց զանգահարել են, նա պատասխանեց. «Դեռևս չենք կարողանում հասկանալ, որովհետև շատ տարբեր են մարդիկ ընտրված, ում այդ զանգերը եկել են: Կան բժիշկներ, կան թարգմանիչներ, կան հասարակական գործիչներ, ում նկատմամբ նման զանգեր տեղի են ունեցել: Ծավալը մեզ համար դեռևս հասկանալի չէ: Այն, ինչ հավաքագրել ենք, ցույց է տալիս, որ թիվն իրականում ավելի շատ է, քան այն դեպքերը, որոնք արձանագրել ենք: Մենք Գերմանիայում ապրող 80-90 հազար հայրենակից ունենք, և կարծում ենք, որ զանգերի թիվը շատ ավելի մեծ է, քան այն, որը մեզ մոտ արձանագրել ենք»:
Նա շեշտեց՝ անանուն զանգողների մի մասը շեշտել է, որ ազգությամբ թուրք է, մյուս մասը՝ ադրբեջանցի. «Շեշտել են, որ չեն մոռացել Ցեղասպանությունը, 1915 թվականը: Ադրբեջանցի ներկայացածները սեքսուալ բնույթի արտահայտություններ են արել, սպառնացել: Եվ սա մեկ-կամ երկու հոգու մասին չէ: Այս գործերի քննությունը կարող է երկար տևել, որովհետև հետաքննությունը պետք է հասկանա՝ զանգը որտեղից է եկել, պետք է առանձին փորձաքննություն իրականացնեն: Կան մտորումներ, որ ինչ-որ ձևով օգտագործվում են այնպիսի պլատֆորմներ, որ հնարավոր չլինի պարզել զանգի աղբյուրը: Մենք ունենք դեպքեր, երբ զանգից հետո միանգամից Տելեգրամով հայ զինվորների խեղված մարմինների նկարներն են ուղարկել և սպառնալիքներ հնչեցրել: Մեր հայրենակիցներին խորհուրդ կտամ անանուն զանգերն արգելափակել, իսկ սոցցանցերում անջատել անծանոթ անձանցից նամակների ստացումը: Այդ զանգերի նպատակը հենց այն է, որ քաղաքացիներին տեռորի ենթարկեն, ինչպես դա անում էին 2020թ.: Սրանք բավականին լուրջ հոգեբանական հարված են թողնում անձանց վրա: Ադրբեջանցիների նպատակն էլ հենց դա է՝ մեզ հյուծել հնարավոր բոլոր եղանակներով»:
Ադրբեջանում առկա հայատյացության թեման շարունակելով՝ նա նշեց, որ նույնիսկ ադրբեջանցի երեխաների մոտ է այն դրսևորվում. «Մենք ունենք դեպքեր, երբ ադրբեջանցի երեխաները, ովքեր հայ երեխաների հետ սովորում են գերմանական դպրոցներում, արդեն այդ երեխաների ենթագիտակցության մեջ ձևավորված է, որ պետք է ատի հայերին: Այդ խոսույթը ընտանիքից բերում են դպրոց, ասում՝ սա հայ է, իր հետ չպետք է ընկերություն անել, հակառակը՝ մեր պետությունը ձեզ կվերացնի: Այդպիսի դեպքեր Գերմանիայում պարբերաբար տեղի են ունենում: Ես չգիտեմ՝ Ռուսաստանում իրավիճակն ինչպիսին է, որովհետև այնտեղ հայ և ադրբեջանական համայնքներն ավելի շատ են, բայց մենք այսպիսի դեպքեր ունենք Գերմանիայում, որը ցույց է տալիս, որ ինչքան էլ հեռու գտնվենք կոնֆլիկտի ռեգիոնից, այդ ատելությունը ադրբեջանցիների մեջ կա: Եվ սա է ամենակարևորը, որ Միջազգային արդարադատության դատարանում փորձվում է ապացուցել, իսկ մենք այդտեղից ուզում ենք հայցերը հետ կանչել: Եթե այդ հայցերը հետ կանչենք, նշանակում է, որ այն ատելությունը, որն Ադրբեջանում մասսայական կա, որը բերում է նաև ատելության վրա հիմնված հանցագործության, այդ հայցերից հետ ենք կանգնում այն դեպքում, երբ ամենաբարձր մակարդակով պետք է արձանագրենք, որ այդ ատելությունը գոյություն ունի»:
Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք անանուն զանգերն ու սպառնալիքները կապում է Ցեղասպանության 110-րդ տարելիցի հետ, որպեսզի սպառնալիքներով փորձեն խոչընդոտել Գերմանիայում միջոցառումների անցկացումը:
«Այո, սա էլ էր մեր մտորումներից մեկը, որ կապված են ապրիլքսանչորսյան միջոցառումների հետ, և կարևոր է այն, որ զանգերի ժամանակ տարբեր անձանց մոտ բովանդակության մեջ նաև շեշտադրվել է Ցեղասպանությունը: Ճիշտ է, այդ խոսակցությունները կարճ են եղել, մեզ դիմած մարդկանց ասելով՝ 30-40 վայրկյան, որից հետո իրենք անջատել են: Այդ 30-40 վայրկյանի ընթացքում շեշտադրում են արել Ցեղասպանության վրա: Չեն օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը, այլ հիշեցրել են 1915-ը, ասել՝ մենք ձեզ կվերացնենք, այս կանենք, այն կանենք: Եվ ինչ-որ չափով, այո, կարելի է կապել ապրիլքսանչորսյան իրադարձությունների հետ»,- ի պատասխան՝ ասաց նա՝ հավելելով, որ զանգերը եղել են գերմաներենով:
Հայ-գերմանական իրավաբանների ասոցիացիան կապի մեջ է այն մարդկանց հետ, ովքեր այդ անանուն զանգերը ստացել են: Գուրգեն Պետրոսյանը նշեց, որ Գերմանիայի իրավապահ մարմիններն այդ առումով էֆեկտիվ են աշխատում:
«Կարևորն այն է, որ ով նման զանգ է ստանում, արձանագրի ժամը, քանի վայրկյան է զանգը տևել, ինչպիսի բովանդակություն է ունեցել, և դա ներկայացվի ոստիկանություն: Ցանկալի կլիներ, որ նաև մեզ այդ ինֆորմացիան տրամադրվեր, որպեսզի ընդհանուր պատկերը ստանայինք և հասկանայինք՝ ովքեր են այս ամենի հետևում կանգնած, որովհետև այս ամենը կարևոր է մեծ դատավարությունների համար, որոնք տեղի են ունենում Արդարադատության միջազգային դատարանում»,- շեշտեց Գուրգեն Պետրոսյանը:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում