
Այլևս ոչ մի դատավորի լիազորություն ԲԴԽ-ն 5 կողմ ձայնով չի կարողանա դադարեցնել. ՍԴ-ն բավարարել է Արթուր Ստեփանյանի դիմումը. վիճարկվող հոդվածի 6-րդ մասը հակասահմանադրական է

Այս տարվա ապրիլի 22-ին Սահմանադրական դատարանը՝ Արման Դիլանյան, (նախագահող), Վահե Գրիգորյան, Հրայր Թովմասյան, Երվանդ Խունդկարյան, Հովակիմ Հովակիմյան, Էդգար Շաթիրյան, Սեդա Սաֆարյան, Արթուր Վաղարշյան կազմով, հրապարակել է 2024թ. հուլիսի 9-ին լիազորությունները դադարեցված դատավոր Արթուր Ստեփանյանի դիմումի հիման վրա որոշումը:
Դիմողի ներկայացուցիչն է իրավապաշտպան, միջազգային ու սահմանադրական իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը, պատասխանողը՝ Ազգային ժողովը:
Արթուր Ստեփանյանը Սահմանադրական դատարանում (ՍԴ) վիճարկում էր «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի սահմանադրականությունը:
«Դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ 3 դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ՝ նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը: Եթե քվեարկության արդյունքով որևէ որոշման օգտին բավարար քանակի ձայների բացակայության պատճառով Բարձրագույն դատական խորհուրդը որոշում չի ընդունում, ապա համապատասխան միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված, իսկ որոշումը կազմում և ստորագրում են Բարձրագույն դատական խորհրդի այն անդամները, որոնք քվեարկել են միջնորդությունը մերժելու օգտին»,- հենց սա է խնդրո առարկա հոդվածը:
Այսինքն՝ Արթուր Ստեփանյանը, ում լիազորությունները դադարեցվել էին 5 կողմ ձայներով, իր դիմումով վիճարկում է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշման իրավաչափությունը:
Հիշեցնենք, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արդարադատության նախարարին 2023 թվականի դեկտեմբերի 22-ին հասցեագրված և Արդարադատության նախարարությունում 2023 թվականի դեկտեմբերի 26-ին ստացված «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդումը։
Դատավորի լիազորությունները դադարեցվել են ոչ թե պահանջվող՝ նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, որն առնվազն 6 ձայն է, այլ՝ 5 կողմ ձայնով:
Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 170-րդ հոդվածի 1-ին և 4-5-րդ մասերը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց .
1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս նրա լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների ընդունման համար այնպիսի կարգավորում նախատեսելու մասով, որի պայմաններում որոշումը կարող է ընդունվել Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի, այսինքն՝ հինգ կողմ ձայներով, ճանաչել Սահմանադրության 49-րդ հոդվածին՝ 75-րդ հոդվածի հետ համակցության մեջ, 164-րդ հոդվածի 1-ին մասին, 174-րդ հոդվածի 1-3-րդ մասերին, 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և 2-րդ մասին հակասող:
2. Հաշվի առնելով իրավական անվտանգությունը չխաթարելու անհրաժեշտությունը՝ Սահմանադրության 170-րդ հոդվածի 3-րդ մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 4-րդ կետին, 19-րդ մասին և 69-րդ հոդվածի 13-րդ մասին համապատասխան` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ Սահմանադրական դատարանի սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով՝ դրանում նշված օրենսդրական կարգավորման մասով, Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթի իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2025 թվականի հուլիսի 1-ը՝ հնարավորություն ընձեռելով Ազգային ժողովին այն համապատասխանեցնելու սույն որոշմանը:
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Սա նշանակում է, որ այլևս ոչ մի դատավորի լիազորություն ԲԴԽ-ն չի կարողանա դադարեցնել 5 կողմ ձայներով, իսկ Արթուր Ստեփանյանի դեպքում ՍԴ որոշումը ԲԴԽ-ում նոր երևան եկած հանգամանքի հիմքով վարույթը վերսկսելու հիմք է, և 3 ամսվա ընթացքում կա՛մ նախկին դատավորն ինքը, կա՛մ Արդարադատության նախարարությունը պետք է այդ հարցով դիմեն ԲԴԽ:
Բայց ենթադրաբար քանի դեռ ԲԴԽ-ում իրավիճակ չի փոխվել, Արթուր Ստեփանյանը կսպասի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշմանը: