«Ցեղասպանության հարցը դուրս է բերվել ՀՀ քաղաքական օրակարգից, բայց ոչ հիշողությունից». ռուս թուրքագետը գտնում է, որ այն կարող է ցանկացած պահի բերվել ակտիվ օրակարգ

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած մարդկության մեծագույն ողբերգություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը Հայաստանի Հանրապետությունում անցավ պետական մակարդակով առանց առանձնահատուկ միջոցառումների։ Սա, թերևս, անսպասելի չէր, քանի որ իշխող վարչախումբը փորձում է փոխել Ցեղասպանության հարցի վերաբերյալ հանրային ընկալումները՝ դրանից ամբողջությամբ դուրս բերելով պահանջատիրությունը՝ միջազգային ճանաչման, դատապարտման ու վերականգնողական արդարադատության ակնկալիքները։

ՀՀ ներկայիս իշխանությունները Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, արդեն տևական ժամանակ է՝ դուրս են բերել ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից, ավելին՝ երբեմն հանդգնում են իրենց հայտարարություններով կասկածի տակ դնել Հայոց պատմության այս ողբերգական էջը՝ փորձելով դրանում ևս «ռուսական հետք» տեսնել։ Իշխանությունը բավարարվեց այցով Ծիծեռնակաբերդ ու անատամ հայտարարություններով, որոնք ողողված էին պատմական ակնարկներով։ «Հայաստանի Հանրապետությունն այսօր հիշում է անցյալը և նայում ապագային՝ ձգտելով գալիք սերունդների համար կառուցել խտրականությունից և բռնությունից զերծ, հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր»,- ասված էր ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում։ Իսկ Փաշինյանի հայտարարությունում ասվում է, որ այս օրակարգի շուրջ Կառավարության և անձամբ իր մտորումներն ու մտածումները հանգում են հետևյալին․ «Զարգացած, ինքնիշխան, անվտանգ, այսինքն՝ սահմանազատված և սահմանագծված սահմաններով ՀՀ-ն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը, մեր ժողովրդի բոլոր զոհողություններին և զոհերին մեր հավատարմության առհավատչյան»։ Իր ուղերձում Էրդողանն էլ ասել է. «Անցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան և ապագան»։ «Նրանք, ովքեր փորձեցին խարխլել մեր միջև խորը արմատներ ունեցող և ամուր կապերը՝ պատմությունից թշնամանք ստեղծելով, մինչ օրս չեն հասել իրենց նպատակներին»,- առանց փակագծեր բացելու՝ հայտարարել է Հայոց ցեղասպանության փաստը ժխտող Թուրքիայի առաջնորդը։

Ինչպես Էրդողանը, այնպես էլ Փաշինյանը փորձում են իրենց հայտարարություններում շեշտը դնել ապագայի վրա, Ցեղասպանության հանցագործությունը վերածելով պարզապես պատմական տխուր հիշողության, ինչպես նաև հայոց պահանջատիրությունում արտաքին միջամտության իմիտացիա ցույց տալով։

Թերևս այդ ամենի «պատասխանն» ապրիլի 24-ի նախօրեին կազմակերպվող ամենամյա Ջահերով երթի պատկերն էր՝ այս տարի ևս այն բազմամարդ էր, ապրիլի 24-ին բազմամարդ Ծիծեռնակաբերդը, ինչպես նաև ՀՀ միջազգային գործընկերների կողմից բազմաթիվ ուղերձները։ Չնայած իշխանության, նրանց հարող շրջանակների ակտիվ քարոզչությանը, հայ ժողովուրդը Հայաստանում և Սփյուռքի տարբեր անկյուններում ոգեկոչում է Ցեղասպանության զոհերի հիշատակը՝ պահանջելով ճանաչում, դատապարտում ու հատուցում։ Ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում այրվեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները, Փաշինյանն առանձին հայտարարությամբ դատապարտեց Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը՝ այն որակելով սադրիչ և հրաhրող գործելակերպ։ Փաշինյանը դեռ հույս ունի, որ այս քաղաքականությունը կհանգեցնի խաղաղության տարածաշրջանում, որին սկսում են չհավատալ և այդ մասին բարձրաձայնել նույնիսկ իր թիմակիցները։

Կարդացեք նաև

Ցեղասպանության 110-ամյա տարելիցը դարձավ առաջին կլոր տարելիցը, երբ Հայաստանի Հանրապետությունում պետության կողմից որևէ խոշորամասշտաբ միջոցառում չկազմակերպվեց։ Սակայն բոլորն են հիշում, թե ինչ մասշտաբով էր ոգեկոչվում Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, և ինչ քաղաքական նախաձեռնություններով էին հանդես գալիս նախկին իշխանությունները։ Իր ամենշաբաթյա ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրեց 2015թ. ՌԴ նախագահ Պուտինի այցը Երևան ու Ծիծեռնակաբերդ։ Այդ ժամանակ Երևանում էր նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք Ծիծեռնակաբերդի բարձունքից ուղերձներ էին հղում աշխարհին այս ողբերգական իրադարձությունների կրկնվելու հավանականությունը բացառելու և այլ նախաձեռնությունների մասին՝ ընդդեմ նոր ցեղասպանությունների աշխարհում։

«168 Ժամի» հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Ցեղասպանության հանցագործությունն անհնար է ջնջել հայ ժողովրդի ու աշխարհի հիշողությունից։ Նա վստահ է՝ դա մեկ իշխանության կամ մեկ երկրին հասու բան չէ։ Ուստի, վերլուծաբանի կարծիքով, իշխանությունը կարող է որոշում կայացնել արտաքին քաղաքական ակտիվ օրակարգից հանել այս հարցը, սակայն հնարավոր չէ այդ հարցը մարդկանց հիշողությունից վերացնել, անարդարության զգացումը մարդկանց զգացմունքներից դուրս բերել։

«Դա նշանակում է, որ որքան կա հիշողությունը, այդքան կա նաև պայքարը։ Սակայն կան նաև քաղաքական հոսանքներ, դրվում են տարբեր առաջնահերթություններ, դա ևս հնարավոր է, սակայն հիշողությունն ամենահզոր գործոնն է այս դեպքում։ Մյուս կարևոր հանգամանքը Թուրքիայի քաղաքականությունն է, որը չի ընդունում, ճանաչում և պատրաստ չէ ճանաչումից բխող հետևանքներին։ Բացի այդ, Թուրքիան վարում է ճնշումների քաղաքականություն, անընդհատ պահանջներ են դրվում Հայաստանի առջև, հայ ժողովուրդը տեսնում է այդ ամենը, ու չի ձևավորվում ռեգիոնում համերաշխության մթնոլորտ, հետևաբար՝ ռեգիոնը չի նախապատրաստվում իրական ու ամուր խաղաղության։ Ավելին՝ տեղի է ունենում հակառակ գործընթացը, երբ անընդհատ մեկ կողմի պահանջներն են բավարարվում, մեծանում է հայ ժողովրդի դիմադրությունը»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Նրա խոսքով, ռեգիոնում լարվածությունն էապես կթուլանար ու, անկախ բազմաթիվ խնդիրներից՝ նոր փուլ կսկսվեր, եթե Թուրքիան բացեր սահմանը Հայաստանի առջև։

«Սակայն տեսնում ենք, որ դա տեղի չի ունենում, թուրք պաշտոնյաներն ամեն կերպ խուսափում են այդ հարցից՝ դրա իրականացումը դարձնելով լծակ Հայաստանի դեմ, պահանջելով կատարել Ադրբեջանի պահանջները։ Սա ցույց է տալիս, որ իրականում 110 տարի առաջ Օսմանյան կայսրության քաղաքականությունը չի ավարտվել, այլ ներկայումս շարունակվում է այլ գործիքներով ու մեխանիզմներով։ Իսկ վերաբերմունքը, տրամադրվածությունը նույնն է, չկա հարևանության, բարիդրացիության մթնոլորտ։ Գլխավոր հարցերից մեկը հետևյալն է՝ ինչո՞ւ Թուրքիան չի ճանաչում Ցեղասպանությունը, եթե չի ճանաչում, ուրեմն դա չի համարում խոշոր հանցագործություն։ Ճանաչումն է իրականում պայքարում նման հանցագործությունների կրկնության դեմ։ Թուրքիայի ներկայիս իշխանությունը դրական վերաբերմունք է ցույց տալիս ՀՀ իշխանությունների նկատմամբ, սակայն իրական քայլեր, իրական դրական վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ չկա։ Դա դրսևորվում է նրանով, որ կան բանակցություններ, պայմանավորվածություններ, սակայն Թուրքիան չի հրաժարվում իր թշնամական քաղաքականությունից և փակ սահմանից»,- ասաց փորձագետը։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններում ռուսական բացասական ազդեցության գործոնի մասին պնդումներին՝ Նադեին-Ռաևսկին ասաց, որ ՌԴ-ն ներկայումս չունի որևէ դերակատարություն կողմերի բանակցություններում, դրանց չի մասնակցում, Հայաստանն ու Թուրքիան բանակցում են ուղիղ։ «Ինչո՞ւ չկա առաջընթաց։ Ռուսաստա՞նն է խոչընդոտում։ Նույնիսկ լավ է, որ ՌԴ-ն չի միջնորդում, այլապես առաջընթացի բացակայությունը կպայմանավորեին ՌԴ-ի մասնակցությամբ ու մեղավորությամբ»,- ասաց նա։

Վերլուծաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ օրերս հեռախոսազրույց էին ունեցել ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինն ու հայ-թուրքական բանակցությունների հարցով ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ «Ռուսաստանն առաջարկում է Հայաստանին միջնորդություն, դա արել է պատերազմից անմիջապես հետո, ըստ էության կողմերի առաջին կոնտակտները հաստատվել են ՌԴ միջնորդությամբ։ Սակայն ներկայումս այդ առաջարկները մերժվում են, ՌԴ-ին փորձում են հեռու պահել Անդրկովկասից, քանի որ Թուրքիան է ցանկանում ունենալ ազդեցություն այդ ռեգիոնում և տեսնել դրանից ՌԴ-ին դուրս մղված վիճակում։ Բայց, ի վերջո, որևէ մեկն այս պահին չի կարող ասել, թե ինչ կլինի, օրինակ, Թուրքիայի ազդեցության հետ, որը ներկայումս իր ամենալավ օրերը չի ապրում ո՛չ արտաքին, ո՛չ ներքին տեսանկյունից»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս