
Փաշինյանը Թուրքիային ու Ադրբեջանին ասաց` մի արձագանքեք դրոշների այրելուն, ես կանեմ. Ռուբեն Մելքոնյան
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանն այսօր «Վերիմաստավորելով ցեղասպանությունը 21-րդ դարում» խորագրով պանելային քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որով նա դատապարտել էր երեկ Երևանում Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները այրելու քայլը։
«Մի մարդ, ով չի արձագանքում Հայաստանի և Արցախի դրոշների ոտնահարմանը, պղծմանը, մի մարդ, որը չի արձագանքում, որ Ադրբեջանում հայկական դրոշների պղծումն ըստ էության դարձել է հանրային մի արարողություն, հարսանիքների ժամանակ հայկական դրոշը նետում են գետնին և անցնում վրայով, բայց հիմա արձագանքնել է Ջահեով երթի ժամանակ այդ դրոշների այրմանը՝ դա քողարկելով պրագմատիզմի շղարշով։ Դա ցույց է տալիս իշխանության ոչ միայն երկակի ստանդարտները, այլև այն, որ նրանք արտաքին ճակատում պարտված ու ջախջախված են»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը։
Ըստ նրա, ՀՀ իշխանությունն իր արտաքին պարտություններն ու ջախջախումները փորձում է փոխհատուցել ԱԺ-ում ինչ-որ հերոսական պահվածքով։
«Կարծում եմ՝ այս հայտարարությունը նաև Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու միտում է՝ ցույց տալու Ադրբեջանին ու Թուրքիային, որ պետք չէ, որ իրենք արձագանքեն, իրենք՝ այս իշխանություններն արդեն արձագանքում են»,- շեշտեց Ռուբեն Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ այսօր ի պատասխան «Արմենպրես»-ի հարցին, թե ինչպես է վերաբերվում, որ ՀՅԴ կազմակերպած ջահերով երթի մասնակիցները հերթական անգամ այրել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, Նիկոլ Փաշինյանի խոսնակն ասել է, որ Փաշինյանը դատապարտում է այդ գործելակերպը՝ այն համարելով անպատասխանատու և անընդունելի, սադրիչ և հրահրող գործելակերպ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում