
«Կիրանցում որևէ մեկը Փաշինյանին մոտենալու, հարցեր տալու հնարավորություն չի ունեցել. իր շքախմբի հետ եկել, հեռացել է. հարյուրավոր ոստիկաններ էին լցրել». Կարեն Ղազարյան

Ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանը մի խումբ անձանց հետ այցելել էր Տավուշի մարզի Կիրանց գյուղ, որտեղ նախորդ տարի տեղի էր ունեցել սահմանազատում ու սահմանագծում, ինչի հետևանքով բնակիչներից մի քանիսի տներն անցել են թշնամու հսկողության տակ։
Նիկոլ Փաշինյանին Կիրանց ուղեկցել էր նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Այցի վերաբերյալ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ «Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է»։
«Երեկ Գործարար աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ապա խնդրեցի միասին գնալ Կիրանց։ ։ Սահմանազատված և սահմանագծված պետական սահման, անվտանգ և խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ․ մինչև սահմանազատումը Կիրանցում 80 տուն կար, հիմա կառուցվում է ևս 43–ը։ Սա՛ է Իրական Հայաստանը»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը և կից տեղադրել այցից տեսանյութ, որտեղ Կիրանցում՝ դպրոցի հարևանությամբ կառուցված պատի մոտ ներկաներին ինչ-որ բաներ է պատմում։
Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում նրան կիրանցեցիներից որևէ մեկը հնարավորություն չի ունեցել մոտենալու, հարցեր տալու. իր շքախմբի հետ եկել, իր շքախմբի հետ հեռացել է։
«Այդ մարդու գործողությունները հասկանալը դժվար է, երևի հատուկ մասնագետներ պետք է լինեն հոգեկան առողջության հետ կապված, որ նրա գործողությունները հասկանան։ Ես մեկ բան հասկացա՝ Նիկոլ Փաշինյանը եկել էր Կիրանց, որպեսզի գովազդեր իր կողմից հայրենիքի հանձնումը ու ասեր, թե ինչ լավ բան է արել։ Ցույց էր տալիս երևի, թե ինչ հաստ պատ է կառուցել, ինչ սպիտակ պատ է, որն արդեն ճաքեր է տվել իրականում։
Իր այդ այցի ժամանակ գյուղից բացարձակ մարդ չկար, ընդամենը դպրոցի տնօրենը երևաց ու վարչական ղեկավարը, դե, իրենք էլ վարչական մարմիններ են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Ղազարյանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի այցից առաջ հարյուրավոր ոստիկաններ էին լցրել Կիրանց, ոստիկաններով փակել էին նաև ամբողջ մարզը՝ թե՛ քաղաքացիական հագուստով, թե՛ համազգեստով։
Կարեն Ղազարյանը նաև փոխանցեց, որ Նիկոլ Փաշինյանի այցից հետո սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների հետ կապված տեղաշարժ չկա՝ զորքերը նույն դիրքերում են, ականապատման աշխատանքներ չկան, միայն Ոսկեպար-Բաղանիս հատվածում հայկական կողմը փշալարեր է քաշում, որը եղանակային ոչ բարենպաստ պայմանների պատճառով վերջին մի քանի օրերին դադարեցվել է։
Մեր զրուցակիցը նաև փոխանցեց՝ Կիրանց Նիկոլ Փաշինյանի այցի վերաբերյալ բնակիչները տեղյակ չեն եղել, բայց ինքն անձամբ նրա այցի մասին իմացել է։
«Ուժային համակարգից ինձ շատ էին զանգել, որ՝ Նիկոլ Փաշինյանը գալու է Կիրանց, այդ կողմերում չերևաս, ինչ-որ բաներ չասես։
Իրավիճակը Կիրանցում նույնն է, ինչ նախորդ տարի ապրիլին՝ լարված։ Իհարկե, բնակիչների շրջանում կան մարդիկ, որ գովերգում են Նիկոլ Փաշինյանին, ու իշխանական լրատվամիջոցներն անընդհատ այդ մարդկանց հետ են խոսում։ Այն բնակիչները, որոնք այս ամենին դեմ են, չեն ուզում պարզապես խոսել։
Երբ Փաշինյանն արդեն հեռացել էր Կիրանցից, հասակն առած մի մարդ ասում էր, որ Նիկոլի տված փոխհատուցումից հրաժարվել է, չի ցանկանում նաև Ադրբեջանի ԶՈՒ «քթի տակ» իր այգին մշակել՝ հո «նեմեցի պլե՞ն» չէ, և այլն։ Նկատի ունեմ, որ Կիրանցում դժգոհողները շատ են, պարզապես միշտ չէ, որ նրանց խոսքը ներկայացվում է հանրությանը»,- շեշտեց Կարեն Ղազարյանը։
Հիշեցնենք, որ սահմանազատումը Տավուշում սկսվել էր նախորդ տարվա ապրիլին, դրա վերաբերյալ պայմանավորվածություն էին ձեռք բերել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները։
2024 թվականի ապրիլի 23-ին Տավուշում հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը, ինչի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, քանի որ առաջին անգամ հայ-ադրբեջանական սահմանին սահմանային սյուն է տեղադրվել։
Հիշեցնենք նաև, որ և Նիկոլ Փաշինյանը, և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել են, որ սահմանազատման աշխատանքները կշարունակվեն Տավուշի մարզից։
Նշենք նաև, որ Կիրանցում կառուցված պատից այն կողմն Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքներն են, իսկ պատից այս կողմ Կիրանցի նորակառույց դպրոցն է։ Ամիսներ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանին ասում էին, որ Կիրանցի դպրոց գնացող երեխան ամեն օր ստիպված պետք է տեսնի ադրբեջանցի զինվորներին, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ եթե չեն ցանկանում տեսնել ադրբեջանցիներին, կարող են ծառ տնկել դիմացը։