Բնակարանային շինարարության փուչիկը ճաքեր է տալիս՝ սպառնալով խորտակել բազմաթիվ քաղաքացիների հույսերը

Հիփոթեքով բնակարան ձեռք բերելը վերջին տարիներին գայթակղիչ է եղել շատերի համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պոպուլիզմով տառապող ՔՊ-ական իշխանությունը, քաղաքացիների որոշ խմբերին գայթակղելու համար, անտեսելով հնարավոր բոլոր ռիսկերը, պարտավորություն է ստանձնել՝ վերադարձնել վճարված եկամտային հարկի գումարները։ Բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց եկամուտները բավարար են եղել հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար, բնակարանի կարիք ունեցել-չեն ունեցել, փորձել են օգտվել այդ հնարավորությունից։

Դրա հետևանքով բնակարանային շինարարության ոլորտում մեծ փուչիկ է գոյացել, ինչը տարիներ շարունակ խարխուսել են իշխանությունները։ Ավելին՝ դա մշտապես շահարկել ու համարել են իրենց իշխանության մեծագույն ձեռքբերումներից մեկը, հաշվի չառնելով ստեղծած ռիսկերը։

Դեռ մի կողմ, որ դրա պատճառով պետական բյուջեի վրա տասնյակ տարիների կտրվածքով չափազանց մեծ ֆինանսական բեռ են թողել. այս գործընթացի տակ նաև համատարած ականներ են դրել, որոնք սկսում են պայթել։

Կառուցապատողների շարքերում աստիճանաբար ի հայտ են գալիս առաջին սնանկացողները, որոնք իրենց հետևից հազարավոր խաբված քաղաքացիների են թողնում։

Կարդացեք նաև

Միայն Դավիթաշենում կառուցվող թաղամասերից մեկում այդպիսի փաստի առաջ են հայտնվել 1000-ից ավելի ընտանիքներ։ Խոսքը 3-4 հազար քաղաքացու մասին է։ Հավատալով կառուցապատողին՝ 6 բարձրահարկ շենքերից կազմված համալիրում բնակարան են գնել, շատերը վերանորոգել են ու նույնիսկ ապրում են, բայց 2 տարուց ավելի է, չեն կարողանում ստանալ իրենց բնակարանների սեփականության իրավունքը։

Այդքանից հետո, հիմա էլ բնակիչներից մեկի պահանջով՝ կառուցապատողը, դատարանի որոշմամբ, սնանկ է ճանաչվել։ Ու վաղը կարող է այնպես ստացվել, որ սնանկության գործընթացում այս մարդիկ ընդհանրապես զրկվեն բնակարանի սեփականության իրավունքը ստանալու հնարավորությունից, որի համար արդեն վճարել են հիփոթեքային վարկով ու տարիներ շարունակ պիտի աշխատեն այն վերադարձնելու համար։

Իրավիճակը, որում հայտնվել են այս մարդիկ՝ կապված է մի կողմից՝ կառուցապատողի անպատասխանատու վերաբերմունքի, մյուս կողմից՝ իշխանության կողմից ցուցաբերված անտարբերության ու ամենաթողության հետ։

Վերջին տարիներին Երևանում ամեն քայլափոխի անխնա բնակարանային շինարարություն է իրականացվել։ Եկամտային հարկի վերադարձով խթանված արհեստական բարձր պահանջարկով պայմանավորված՝ իրար քթի տակ շենքեր են կառուցել։ Որտեղ մի թիզ ազատ հող են գտել, քաղաքային իշխանությունը բնակելի շենք կառուցելու թույլտվություն է տվել՝ հաշվի չառնելով՝ ինչպես քաղաքաշինական տարրական նորմերը, այնպես էլ՝ քաղաքային տնտեսության, ենթակառուցվածքների հզորություններն ու հնարավորությունները։

Բնակարանային շինարարության նկատմամբ ներկայացված բարձր պահանջարկով պայմանավորված՝ արագ հարստանալու ակնկալիքով, շինարարությունից հասկացող-չհասկացող մտել է կառուցապատման ոլորտ։ Մեկը չավարտած՝ նոր կառուցապատման հիմքեր են դրել։ Արդյունքում՝ այնպես է ստացվել, որ մասսայաբար խախտվում են շենքերի կառուցման ու շահագործման հանձնման սահմանված ժամկետները։

Մարդիկ տարիներով սպասում են այն հույսով, որ ուր որ է՝ ստանալու են իրենց բնակարանները, բայց չեն ստանում։ Ոչ միայն այն պատճառով, որ կառուցապատողներն են ուշացնում շինարարությունն ավարտելու ժամկետները, այլև այն պատճառով, որ չեն կարողանում ստանալ կառուցապատման ավարտական ակտերը։ Մինչդեռ՝ առանց ավարտական ակտերի, անհնարին է բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը։

Այս իրավիճակն առաջացել է այն պատճառով, որ շատ հաճախ կառուցապատողները խախտում են շինարարության նորմերը, շեղվում են հաստատված նախագծերից, երբեմն կարող են իրենց թույլ տալ նախագծված 10-ի փոխարեն՝ 12 հարկ կառուցել, այլ հավելագրումներ կատարել։ Ու քանի որ շինարարության իրականացման ընթացքում պետական մարմինները բացարձակ անգործության են մատնված, չկա վերահսկողություն, կամ պարզապես աչք են փակում կառուցապատողների թույլ տված ակնհայտ խախտումների ու չարաշահումների նկատմամբ՝ վերջում տուժում են նրանք, ովքեր բնակարան են ձեռք բերել այդ շենքերում ու տարիներով սպասել են իրենց սեփականության իրավունքի իրացմանը։

Որ այսպիսի խնդիրների առաջիկայում բազմաթիվ քաղաքացներ են բախվելու, կասկած չկա։ Բայց դա մանրուք է այն ամենի դիմաց, որը կարող է լինել կառուցապատման ոլորտում անշարժ գույքի գների նվազման պարագայում։

Եկամտային հարկի վերադարձի օրենքի կասեցումից հետո, Երևանում բնակարանների նկատմամբ պահանջարկը կտրուկ նվազել է։ Սպասվում է, որ դա աստիճանաբար կտեղափոխվի գների վրա։ Անշարժ գույքի շուկայում արդեն նկատելի է գների նվազման միտում։ Տարբեր գնահատումներով՝ խոսք մինչև 10-15 տոկոս գնանկման մասին է, որը սակայն առաջիկայում կարող է խորանալ՝ պահանջարկի կրճատման հետևանքով։ Իսկ պահանջարկի կրճատումը սպառնալիք է այն կառուցապատողների համար, ովքեր չեն հասցրել իրացնել բնակարանների ամբողջ քանակը ու առաջիկայում կանգնելու են իրացման դժվարությունների առաջ։

Սա լուրջ ռիսկ է կառուցապատման ոլորտի համար, ու եթե կանխատեսումներն իրականանան, բազմաթիվ կառուցապատողներ հայտնվելու են իրենց ստանձնած պարտավորությունները կատարելու անհնարինության առաջ։ Ընդ որում, ոչ միայն քաղաքացիների, այլև բանկային համակարգի նկատմամբ։

Ինչպես հայտնի է, շատերը կառուցապատման նպատակով ներգրավել են վարկային միջոցներ, որոնք վերադարձնելու համար պիտի ավարտեն շինարարությունն ու իրացնեն բնակարանային ֆոնդը։ Հակառակ պարագայում՝ ստիպված են գնալ սնանկացման, ինչը երբեմն ծանր իրավիճակից դուրս գալու լավագույն ելքն է՝ կառուցապատողների, բայց ոչ երբեք՝ քաղաքացիների համար։ Զարմանալի չեն շշուկները՝ կառուցապատողների շրջանում կեղծ սնանկացումների գնալու վերաբերյալ։ Դրանով նրանք կազատեն իրենց պարտավորություններից՝ թողնելով սակայն խաբված բազմաթիվ քաղաքացիների, ովքեր այդպես էլ չեն կարողանա ստանալ իրենց բնակարանները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս