
«Կնոջդ չուղարկեիր բունկեր՝ գեներալներին զվարճացնելու, փորձառու մարդկանց դիմեիր». Ադիբեկյանը՝ Փաշինյանին
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն իշխանության գալուց հետո այլատյացություն են փորձել սերմանել:
«Որպես օտար նշանակեցին նախկիններին, բաժանեցին սևերի և սպիտակների, հների և նորերի, ինչ-որ պահից դա չաշխատեց, որովհետև բոլորս նույն հանրապետության քաղաքացիներ ենք, բոլորս ենք տեսնում այս իշխանությունների քաղաքականության հետևանքները, հետևաբար՝ պետք էր նոր թիրախ ընտրել, որին կնշանակեին թշնամի, որին հակադրվելով՝ միավորելու են իրենց խումբը: Այս փուլում դա արցախահայությունն է:
Մեխանիզմը միշտ նույնն է, դա լինի հայատյացությունը Ադրբեջանում, հրեատյացությունը նացիստական Գերմանիայում, որով իրենք բարձրացնում են իրենց ազգայնական զարթոնքը:
Ինչ վերաբերում է արցախահայությանը, ապա այս դեպքում մենք գործ ունենք ոչ միայն այլատյացության, այլև ծայրահեղ անբարոյականության հետ, որովհետև այլատյացություն սերմանող անձանց պատճառով այդ մարդիկ մնացին առանց տուն և առանց հայրենիք: Գռզոն կարող է օրը 50 անգամ ասել, որ ղարաբաղցիք չէին կռվել, բոլորս շատ լավ գիտենք՝ ինչ նախադրյալներ կային այդ կռվի համար, հիշում ենք, որ Փաշինյանն է այն հրահրել, հիշում ենք, թե ոնց էին աշխատանքից ազատվում հմուտ սպաներ, նրանց փոխարեն նշանակվում երիտասարդ սպաներ, որոնք անգամ մեկ տարվա ղեկավարման փորձ չեն ունեցել, շատ լավ գիտենք՝ ոնց էին կտրում ֆինանսավորումը, ոնց էր Փաշինյանը Ֆեյսբուքում պետական գաղտնիք գրում և թշնամուն հայտնում՝ ինչ օպերացիաներ պետք է արվեն: Ասել, որ հասարակ արցախցին բահը ձեռքին չի գնացել բայրաքթարի դեմ կռվելու, անբարոյականություն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Արմինե Ադիբեկյանը նկատեց՝ այն գեներալները, որոնք ըստ Փաշինյանի՝ վախկոտ էին, փախել էին, Փաշինյանի կողմից էին նշանակվել. «Այն մարդիկ, որոնք կարող էին, գիտեին, ուզում էին օգնել, նա մոտ չթողեց ռազմական գործողություններին: Եթե հիշում եք՝ պատերազմի երկրորդ օրը Քոչարյանը, Սարգսյանը, Խաչատուրովը կանգնած էին Ստեփանակերտի ԳՇ մոտ, նրանց դեմ անգամ դուռը չբացեցին: Փաշինյանի տիկինն էր բունկերում:
Եթե դու ուզում ես, որ արցախցիները կռվեն և հաղթեն, ոչ թե կնոջդ ուղարկեիր գեներալներին զվարճացնելու, այլ իմացող մարդկանց հրավիրեիր, որոնք գիտեին՝ ինչ է պետք անել: Այդ ամենն անտեսելով՝ մեղքի բեռը գցել հասարակ ժողովրդի վրա, ծայրահեղ անբարոյականության դրսևորում է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում