«Նույնիսկ Ալիևն է գիտակցում՝ քանի հայը կա, Արցախի հարցն Ադրբեջանի կոկորդին է լինելու». Եղիշե Առուշանյան

Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում հերթական անգամ հայտարարել է, որ Հայաստանն անկախ պետություն ստեղծել է ոչ թե հանուն լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցի համար, և Ղարաբաղի հարցը միջոց է ՀՀ պետականությանը վերջ տալու համար։

«Մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե հանուն լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցի համար։ Սա քաղաքական իրողություն է, որը հաստատվում է  հետազոտություններով։ 1989 թվականին Անկախության գաղափարը գերակշռել է այն բանի արդյունքում, որ Ղարաբաղ կոմիտեն կորցրել է ԽՍՀՄ իրավակարգի շրջանակում Ղարաբաղի հարցը լուծելու հույսը, և, ինչպես ասել է Ղարաբաղ կոմիտեի առաջնորդներից մեկը՝ Անկախությունը հարկավոր է Ղարաբաղի հարցի լուծման համար։

Անկախությունը ձեռք բերելուց հետո, պետականության կայացման օրակարգը գոյություն է ունեցել միշտ։ Բայց շուրջ 30 տարի մենք կառուցել ենք պետության մի մոդել, որը հիմնականում և առավելապես նվիրված է եղել Ղարաբաղի հարցին, ղարաբաղյան շարժմանը և հանուն դրա ամեն ինչ զոհաբերելու տրամաբանությանը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Նա օրերս ԱԺ-ում կրկին հայտարարել է, որ Հայաստանը չի շարունակելու Ղարաբաղյան շարժումը։

Կարդացեք նաև

Արցախյան շարժման ակտիվ մասնակից, «Արցախի ազատամարտիկների միություն» հ/կ անդամ Եղիշե Առուշանյանի խոսքով՝ Հայաստանի 3-րդ Հանրապետության ստեղծումն արդյունք է Արցախի շարժման, արցախյան շարժումը համազգային շարժում էր, որն այսօր Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նսեմացնում են։

«Արցախայան շարժումը միայն Արցախը Հայաստանին միացնելու նպատակ չէր հետապնդում։ Երբ Արցախը կար, ՀՀ պետականությունն ավելի ամուր էր, քան հիմա, երբ օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Հայաստանն էր Արցախի պետականության անվտանգության երաշխավորը։

Այդ մեկ հոգին ո՞վ է, որ հայտարարում է, թե ղարաբաղյան շարժում չի լինելու, քանի Արցախի տարածքը կա, քանի հայը կա, այդ շարժումը երբեք չի դադարելու։

Այս իշխանությունների մտածողությունը նորություն չէ՝ այդպես մտածում են Թուրքիայում, նաև այդպես էին մտածում ֆաշիստները։ Ազգին ոչնչացնելու համար հանում են իր տարածքից ու ֆիզիկապես ոչնչացնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Եղիշե Առուշանյանը։

Ըստ նրա, այս մտածողությամբ մարդկանց համար չկա ազգ, պետություն, փոխարենը՝ ունեցել են առաջադրանք՝ վերացնել հայկական պետությունը, իսկ հայկական պետությունը վերացնելու ամենակարճ ճանապարհն Արցախի վերացումն է։

«Բոլորն էլ գիտեն, որ եթե չլինի Արցախը, չի լինելու նաև Հայաստանը, և այս իշխանությունները գնացին հենց այս ճանապարհով, հանձնեցին Արցախը, հետո էլ հայտարարում են, թե Արցախում չկա հայ, ուրեմն՝ Արցախի հարց չկա։ Սա՛ է այս իշխանությունների քաղաքականությունը։

Այսօր նույնիսկ Ալիևն է լավ գիտակցում, որ քանի դեռ հայը կա, շնչում է՝ Արցախի հարցը Ադրբեջանի կոկորդին կանգնած է լինելու։ Բայց քանի որ ՀՀ-ում կա այսպիսի իշխանություն, որի համար որևէ ազգային արժեք չկա, Ալիևը դրանից է օգտվում։ Դրա համար նրանց նպատակն ամբողջ հայությանն ու հայկականության վերացումն է»,- շեշտեց Եղիշե Առուշանյանը։

Ազատամարտիկը վստահ է՝ որքան ՀՀ-ում շուտ իշխանությունը հեռանա, այնքան ճանապարհը հեշտ կլինի Արցախի հարցն օրակարգ վերադարձնելու, հետո Արցախը վերադարձնելու համար։

«Մենք հարցը նեղացնում ենք, դարձնում ենք միայն Արցախի հարց, մինչդեռ այս ամբողջ թշնամությունը հայ ազգի նկատմամբ է կատարվում, հիմա ի՞նչ՝ հայ ազգին պաշտպանելու շարժում չե՞ն անելու։ Որքան շատ այս իշխանությունը մնա, այնքան դժվար է լինելու իրենց սխալների շտկումը, օր առաջ պետք է հեռանան։

Մեզ հիմա բարոյապես է սպանում իշխանությունը, վերևից կազմակերպած՝ նսեմացնում են մի ամբողջ ժամանակաշրջանում ստեղծված արժեքները։ Փորձում են  համոզել, թե յուրաքանչյուր ազգային բերելու է վնասների, այդ թվում՝ Արցախի մասին խոսելը»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս