ՔՊ-ի պատգամավորներ, Գանձասարում տեղի ունեցածը խայտառակություն է, մի՛ ժպտացեք. Աննա Գրիգորյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը ԱԺ-ում անդրադարձավ Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության, մասնավորապես՝ Գանձասարի վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարություններին՝ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանից պահանջելով հստակ դիրքորոշում հայտնել։
Նա հիշեցրեց, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մի խումբ դիվանագետների հետ գտնվել է Արցախում, որտեղ հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացվել է որպես աղվանական։
Նա հայտարարեց, որ տեղի ունեցողը մշակութային ցեղասպանության դրսևորում է, և Ռուբինյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ են նման քայլերը նպաստում խաղաղության հաստատմանը, և պատրա՞ստ է արդյոք նա հայտարարել, որ Գանձասարը հայկական է։
«Ի վերջո, հազարավոր տղաներ չեն զոհվել, որ այսօր դուք չկարողանաք մի բառ անգամ ասել նրա մասին, որ Գանձասարը հայկական է»,- ասաց Գրիգորյանը։
Ի պատասխան Ռուբինյանն ասաց, որ Հայաստանի` Ադրբեջանի հետ «նոր ձեռք բերած խաղաղությունը» մշտական խնամքի կարիք ունի, և կարևոր է տարբեր հարցերի նկատմամբ զգայնություն ցուցաբերել։
«Ձեր մատնանշած հայտարարությունները, բնականաբար, չեն նպաստում կամ օգտակար չեն խաղաղության համատեքստում, բացի նրանից, որ դրանք նաև անհիմն են»,- նշեց Ռուբինյանը։
Միաժամանակ նա դրական է համարեց փաստը, որ Հայաստանն ու Ադրբեջանը նման հարցերի շուրջ տարաձայնություններն այսօր չեն արտահայտվում սահմանային կրակոցներով կամ բախումներով։
Աննա Գրիգորյանը հակադարձեց` ասելով, որ զգայնությունը չի նշանակում լռություն, և որևէ գերատեսչություն կատարվածին չի արձագանքել։
«Խաղաղությունն ամենևին չի նշանակում սեփական պատմության ուրացում»,- հայտարարեց նա՝ կրկին ակնկալելով ԱԺ նախագահի հստակ դիրքորոշումը։
Ռուբինյանը պատասխանեց, որ իր դիրքորոշումն արդեն հայտնել է։
«Ձեր մատնանշած հայտարարությունները օգտակար չեն խաղաղության, խաղաղության խնամքի հրամայականի համատեքստում, և նաև այդ հայտարարություններն անհիմն են։ Սա հստակ դիրքորոշում է»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Արցախում օտարերկրյա դիվանագետների հետ այցելել էր Գանձասար և Դադիվանք։
Այցին մասնակցել է 150 ներկայացուցիչ՝ 58 երկրից և 9 միջազգային կազմակերպությունից։
Հաջիևը հայտարարել էր, որ Գանձասարն ու Դադիվանքը «հին աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են»։
Նա նաև պնդել էր, թե Գանձասարը XIII դարում կառուցել է «Կովկասյան Աղվանքի տիրակալ» Հասան Ջալալ Դոլան, իսկ վանքը Կովկասյան Աղվանքի բազմադարյա քրիստոնեական ժառանգության վկայություններից է։
Ադրբեջանի նախագահի օգնականը նաև պնդել էր, թե հայկական կողմը «վերականգնման» անվան տակ միջամտություններ է կատարել հուշարձաններին՝ վնասելով դրանց «ճարտարապետական իսկությունն ու սկզբնական տեսքը»։

