«Ղարաբաղի հարցը միջոց է՝ Հայաստանի պետականությանը վերջ տալու համար». Նիկոլ Փաշինյան

Այսօր խորհրդարանում Կառավարության 2024 թվականի  ծրագրի կատարողականի քննարկումից հետո, իր եզրափակիչ խոսքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղի շարժման շարունակելը վտանգելու է ՀՀ պետականությունը։

«Իսկապես պետականության կառուցումն այսօր մեզ համար բացարձակ առաջնահերթություն է։ Բայց ինչ կարող է սա նշանակել Անկախության 34-րդ տարում, մի՞թե Անկախությունից 34 տարի անց, պետականության կառուցումը դեռ կարող է լինել առաջնահերթություն։ Այո, որովհետև այստեղ խոսքը ոչ միայն ինքնին պետության, այլև նրա էության, նպատակի ու բովանդակության մասին է։

Այս թեմային անդրադարձել եմ դեռևս նախորդ տարվա զեկույցի քննարկման ժամանակ իրական և պատմական Հայաստանի մասին իմ ելույթում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նա անդրադարձավ 3-րդ Հանրապետության բովանդակությանը՝ ասելով, որ 1980-ականներին ՀՀ անկախության գաղափարը գեներացվել է ոչ թե հանուն անկախության ու պետականության, այլ հանուն Ղարաբաղի խնդրի։
«Մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե հանուն լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցի համար։ Սա քաղաքական իրողություն է, որը հաստատվում է  հետազոտություններով։ 1989 թվականին Անկախության գաղափարը գերակշռել է այն բանի արդյունքում, որ Ղարաբաղ կոմիտեն կորցրել է ԽՍՀՄ իրավակարգի շրջանակում Ղարաբաղի հարցը լուծելու հույսը և, ինչպես ասել է Ղարաբաղ կոմիտեի առաջնորդներից մեկը՝ Անկախությունը հարկավոր է Ղարաբաղի հարցի լուծման համար։

Կարդացեք նաև

Անկախությունը ձեռք բերելուց հետո, պետականության կայացման օրակարգը գոյություն է ունեցել միշտ։ Բայց շուրջ 30 տարի մենք կառուցել ենք պետության մի մոդել, որը հիմնականում և առավելապես նվիրված է եղել Ղարաբաղի հարցին, ղարաբաղյան շարժմանը և հանուն դրա ամեն ինչ զոհաբերելու տրամաբանությանը»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, բոլորը, այդ թվում՝ անձամբ ինքը, հաշտ է եղել այդ մոդելի հետ, մինչև այն պահը, երբ դառնալով ՀՀ ղեկավար՝ փաստերին ու տեղեկություններին հասանելիություն ստանալուն զուգընթաց՝ սկզբից աղոտ, հետո առարկայորեն հասկացել է, որ մի շարք արտաքին դերակատարների համար Ղարաբաղի հարցը միջոց է Հայաստանի անկախությունը, պետականությունը, զարգացումը, բարեկեցությունը թույլ չտալու, ապա պետականությանը վերջ դնելու համար։

«Վերջնանպատակի իրագործումն արդեն մեկնարկած է եղել 2018 թվականին, որը եզրափակիչ փուլ մտավ 2020 թվականի սեպտեմբերին, գագաթնակետին հասավ 2021 թվականի մայիսին»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս