«Երկրի հակառակ կողմը 2»․ պատմություն 4 մլրդ դոլարի ստացման ու Արցախի հանձնման մասին

Այս օրերին Երևանում, իրարից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող վայրերում տեղի են ունենում երկու՝ օրգանապես կապված, բայց փոխբացառող իրադարձություններ։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն Ազատության հրապարակում նստացույց է իրականացնում՝ ներկայացված մի քանի պահանջների թվում՝ արցախահայերի՝ Արցախ վերադարձի իրավունքը պաշտպանելու պահանջով։

Բաղրամյան պողոտայի հակառակ կողմում՝ Ազգային ժողովում, ներկայացվում է Կառավարության՝ 2021-2026 թթ ծրագրի կատարման հաշվետվությունը, որի շրջանակներում Նիկոլ Փաշինյանն արդեն հասցրել է հայտարարել՝ «Լեռնային Ղարաբաղի էջը փակված է»։

Այս երկու իրականությունների գրոտեսկը միայն այն չէ, որ տուն ու հայրենիք կորցրած 120 հազար մարդու ճակատագրի մասին ԱԺ-ում գտնվողը խոսում է այնպես, կարծես փակում է իր հեղինակած կիսապոռնոգրաֆիկ գրքի էջը։ Ավելի սարսափելին այն է, որ խորհրդարանում հպարտությամբ որպես կառավարության ձեռքբերում ներկայացվողն իրականություն է դարձել Ազատության հրապարակում պայքարող մարդկանց կորստի հաշվին։

Կարդացեք նաև

Փաշինյանն ԱԺ-ում կոկորդ պատռելով հայտարարում է, թե 2018թ հետո բյուջեի մուտքերն ավելացել են 4 միլիարդ դոլարով։ Հայտարարում է կոկորդի ճիշտ նույն ճողվածքով, ինչպես 2019-ին Ստեփանակերտում էր գոռում՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Այսօր նա ուղիղ չի ասում, բայց նրա ասածը նշանակում է՝ «Արցախը Հայաստան չէ, բայց ունենք 4 միլիարդ ավելի դոլար»։

Ի դեպ, մոտավորապես այնքան, որքան ժամանակին Ալիևն առաջարկել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ազատագրված շրջանները զիջելու դիմաց, և մերժվել էր՝ ոչ առանց արդյունքի սպասելով նրան, ով կընդուներ առաջարկը։

«Լեռնային Ղարաբաղի էջը փակելով»՝ Նիկոլ Փաշինյանը, ինչպես Ալիևը, ուզում է փակել նաև արցախահայերի իրավունքների էջը՝ «Չկա հայկական Արցախ, չկան նաև արցախահայերի իրավունքներ» տրամաբանությամբ։ Եվ իրականում որպես Կառավարության ծրագրի հաշվետվություն հնչող ելույթում նա հենց այդ ուղերձն է հղում՝ ոչ թե ԱԺ-ին կամ ՀՀ քաղաքացիներին, այլ բոլոր նրանց, ում առաջ հաշվետու է պայմանական «4 միլիարդ դոլարանոց» նախագծի համար։

Խոսքը տվյալ դեպքում դավադրապաշտության մասին չէ, ըստ որի՝ Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցիչ որևէ վերելակում 4 միլիարդ դոլարի չեկ է ստացել, կամ որևէ մեկի կրիպտոհաշվին փոխանցվել է այդքան գումար։ Կարևորը Հայաստանի բյուջե հավելյալ 4 միլարդ դոլարի մուտքի ու հայկական կենսատարածքից Արցախի հանձնման գործընթացների փոխառնչությունն է, որի մասին Փաշինյանին լսողները կարող են չմտածել՝ կենտրոնանալով նրա ճղճղան ու հիստերիկ ձայնի դեցիբելների ու մարմնամասերի անկանոն վայրիվերումների էժան տեսարանի վրա։   

Որևէ հաշվետվություն, հատկապես՝ Կառավարության ծրագրի հաշվետվությունը,  ծրագրում գրվածի մասին է։ Բայց իշխանության պատասխանատվությունը վերաբերում է ոչ միայն ծրագրային հոդվածների կատարմանը կամ ձախողմանը, այլ նաև այդ ժամանակահատվածում ծրագրում չգրված, բայց պատահած իրականությանը։ Եթե ծրագրում չգրված, բայց կատարվածը դրական է՝ իշխանությունն արժանի է գովեստի։ Իսկ եթե չգրված, բայց արձանագրվածը բացասական է, իշխանությունը լավագույն դեպքում պետք է ենթարկվի քաղաքական պատասխանատվության։

Հայաստանի կառավարության 2021-2026թթ. ծրագրում չգրված, բայց իրականություն դարձածն Արցախի հանձնումն է ու հայաթափումը, որի համար, ի հակադրություն գովեստի, կառավարությունն արժանի է ոչ միայն անեծքի ու քաղաքական պատասխանատվության, այլ նաև քրեաիրավական գնահատականի։ 2021-2026 թթ Կառավարության ծրագրում չգրված, բայց կառավարության պատճառով տեղի ունեցածի համար Նիկոլ Փաշինյանի ամենաերանելի հեռանկարը պետք է լիներ իր կիսապոռնոգրաֆիկ գրքի երկրորդ հատորի էջերը բացել-փակելու հնարավորությունը՝ հարկատուների միջոցներով վերակառուցված ազատազրկման որևէ վայրում։

Քանի դեռ դա տեղի չի ունեցել, նա հպարտորեն հայտարարում է «Լեռնային Ղարաբաղի էջը փակելու մասին» և չի հայտարարում, բայց լծված է Հայաստանի էջը փակելու ծրագրի իրագործմանը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս