Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել շրջանները. Լուկաշենկո
«Ի՞նչ են անում լրագրողները. Պուտինի հետ լեզվակռիվը հեռարձակում են ուղիղ եթերում, իսկ հետո գրում, թե Լուկաշենկոն ստիպված եղավ ներողություն խնդրել Պուտինից այն բանի համար, որ նրա հետ խոսակցության մեջ է մտել։ Աստված սիրեք, ես իմ արժանապատվությունից ցածր կհամարեի դրա համար ներողություն խնդրել։ Մենք այնտեղ ներողություն խնդրել ենք… Ես Նիկոլից եմ ներողություն խնդրել, որ նրա վրա հարձակվել եմ տարբեր պատճառներով։ Պուտինը բոլորից է ներողություն խնդրել։ Այնտեղ այնպիսի շիլաշփոթ էր։ Եվ դա իսկապես եղել է. մենք ներողություն ենք խնդրել միմյանցից այդ նիստում։ Բայց ռուսական ԶԼՄ-ները նրբորեն և հատուկ հրապարակ նետեցին այդ ինֆորմացիան»,- ռուսական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ նկատել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նա պատմել է նաև նախկինում Ռուսաստանի ու Բելառուսի մասնակցությամբ կայացած առաջարկների մասին Ղարաբաղյան հակամարտության լուծման շուրջ։ Պետության ղեկավարը նշել է, որ այդ հարցը քննարկել են դեռ Երևանում՝ ՀԱՊԿ գագաթաժողովներից մեկի ընթացքում՝ այն ժամանակ, երբ դեռ Հայաստանի նախագահն էր Սերժ Սարգսյանը։
Հայաստանին ու Բելառուսին առաջարկվում էր գտնել փոխզիջումային տարբերակ։ Միևնույն ժամանակ՝ Բելառուսն ու Ռուսաստանը կոնսոլիդացված դիրքորոշում էին ընդունել, այդ թվում՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում ռազմական կոնտինգենտ մտցնել որոշակի երաշխիքների ապահովման համար։
«Հետո ես արդեն անկեղծորեն ասացի. «Լսիր, ինչպես իրենք են ասում, դուք օկուպացրել եք 7 շրջաններ։ Սերժ, տուր այդ 5 շրջանները։ Չէ՞ որ դրանք դատարկ են, և դու ոչ մի պատճառ չունես դրանք պահելու համար։ Նա ասում է. «Եթե ես վերադարձնեմ դրանք, նրանք այնտեղ ճանապարհը կփակեն, կօկուպացնեն Ղարաբաղը, և այլն»։ Եվ ես ու Պուտինը հստակ խոստացանք, որ մենք զորքեր կմտցնենք, ու դա թույլ չենք տա։ Խոսակցությունը տեղի էր ունենում ադրբեջանցիների ներկայությամբ։ Նա ասաց. «Ոչ, մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում»»,- նկատեց Ա. Լուկաշենկոն։
Լուկաշենկոն ասել է, որ դա իր համար զարմանալի է եղել։
«Ինչո՞ւ չեն ուզում. չէ՞ որ 5 շրջաններ դատարկ են։ Դա առաջին քայլն է։ Եվ այդ ժամանակ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կլինեին թե՛ ՀԱՊԿ-ում, թե՛ ԵվրԱզԷՍ-ում։ Դա այն պայմանն էր, որի դեպքում Ադրբեջանը կկարողանար մուտք գործել այդ կազմակերպություններ։ Ինչո՞ւ դուք հրաժարվեցիք։ Մի կողմ թողնենք Բելառուսը, բայց չէ՞ որ որպես երաշխավոր՝ Ռուսաստանն էր հանդես գալիս, որ այնտեղ երբեք պատերազմ չի լինի, եթե ազատվեն այդ շրջանները, որոնք դուք ընդունում եք, որ ադրբեջանական են։ Խոսքը Ղարաբաղի մասին չէ»,- ավելացրել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն։
Նա շեշտել է խաղաղ կարգավորման կարևորությունը, այդ թվում և որպես կարևոր գործոն՝ արտասահմանյան ներդրումներ ներգրավելու համար։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը