
Փաշինյանը փոքր մարդ է, քաղաքական գաճաճ. գիտի՝ Սահմանադրություն փոխել չի կարող. Ավետիք Չալաբյան
Նիկոլ Փաշինյանն ապրիլի 16-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը չպետք է հղում ունենա Հայաստանի Անկախության հռչակագրին։
«Ես կարող եմ ասել, որ, իմ կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին, բայց էլի ուզում եմ ասել՝ որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, իհարկե՝ փաստարկներ, կողմ և դեմ փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են»,- ասել է Փաշինյանը՝ ընդգծելով՝ դա իր քաղաքական դիրքորոշումն է։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով առանց Անկախության հռչակագրին հղում անելու Հայաստանին պարտադրվող նոր Սահմանադրության մասին, «Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը նշեց՝ Փաշինյանի հայտարարությունը խիստ դատապարտելի է։
«Նիկոլ Փաշինյանն այն անձը չէ, որը կարող է չեղարկել Անկախության հռչակագիրը, որը մեր պետության ծննդյան վկայականն է։ Փաշինյանը շատ փոքր մարդ է նման բան անելու համար։ Նա քաղաքական գաճաճ է, Անկախության հռչակագրից հրաժարվելն իր ուժերից վեր է։ Թուրք-ադրբեջանական տանդեմը նրան բերել է իշխանության ու շարունակում է պահել իշխանության, հետևապես, քանի դեռ Հայաստանի վրա կա թուրք-ադրբեջանական այդ ազդեցությունը, հենց նման քաղաքական գաճաճներն են, որ կլինեն իշխանության, որովհետև իրական քաղաքական մեծությունները դրա տակ չեն կարող մտնել։ Կրկնում եմ՝ Փաշինյանը հրաշալի գիտի, որ ինքը Սահմանադրությունը չի կարող փոխել»,- ասաց Չալաբյանը։
Վերջինս հիշեցրեց նաև սոցիոլոգիական հարցումներից մեկը, ըստ որի՝ բնակչության 90 տոկոսը դեմ է, որ ՀՀ-ում թուրք-ադրբեջանական տանդեմի պարտադրանքով Սահմանադրություն փոխվի։
«Փաշինյանն այլևս Հայաստանում օրակարգ չի թելադրում։ Փաշինյանի թրքացման օրակարգն ամբողջ Հայաստանով մեկ է մերժվելու։ Ժողովուրդը մերժելու է Փաշինյանի այդ կուրսը, նա ոչ միայն չի լինելու վարչապետ, այլև դառնալու է ցմահ դատապարտյալ, կամ՝ փախչելու է Հայաստանից։ Հանցագործությունների այն չափը, որը գործել է այս մարդը, խաբելով իրեն քվե տված ժողովրդին, հատել է սահմանները»,- ասաց Ավետիք Չալաբյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմից երեկ Ազգային ժողովում արված այն հայտարարությանը, թե ինքը ճշտել է՝ Մեղրիի և առհասարակ Սյունիքի բնակչության կարծիքը Սյունիքով Ադրբեջանին ճանապարհ տալու վերաբերյալ՝ պարզեցված ընթացակարգով, Չալաբյանն ընդգծեց.
«Սյունիքով միջանցք չի՛ տրվելու. դա հավասարազոր է լինելու Հայաստանի անդամահատման։ Այո՛, կարող են Հայաստանի և Ադրբեջանի միջև լինել ճանապարհներ՝ փոխադարձ օգտագործման համար, բայց ոչ պարզեցված ընթացակարգով։ Պարզեցված ընթացակարգը նշանակում է, որ Ադրբեջանին տալիս ենք հնարավորություն զորք և զինտեխնիկա տեղափոխել այդ ճանապարհով»։
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող Խաղաղության պայմանագրի մասին՝ Չալաբյանը նկատեց, որ դա ամենևին էլ խաղաղության մասին չէ, քանի որ չի լուծում կոնֆլիկտի պատճառ դարձած և դարձող հարցերը։
«Այդ Խաղաղության պայմանագիրը մեռելածին է, քանի որ դա հակամարտության պատճառ դարձած խնդիրներին լուծում չի տալիս, դրանով չի լուծվում արցախցիների՝ Արցախ վերադառնալու հարցը։ Առանց Արցախի հարցը բանակցային սեղանին վերադարձնելու՝ չի կարող լինել Խաղաղության պայմանագիր»,- ընդգծեց «Հայաքվե» միավորման համակարգողը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։