
Մարդուն տալիս են կոչում կամ պաշտոն, որին նա արժանի չէ, որ անխոս կատարի վերևից տրվող բոլոր հրահանգները. Գիտնականն ահազանգում է ոլորտի կոռուպցիոն ռիսկերի մասին

168․am-ն իր հրապարակումներում պարբերաբար անդրադառնում է գիտության ոլորտին, ոլորտին ուղղված պետական աջակցությանն ու դրանց արդյունավետությանը։ Հերթական անդրադարձը՝ «Միլիոնավոր դրամաշնորհներ. պետական բյուջեից Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն ՊՈԱԿ-ին, ասպիրանտներին տրվող դրամաշնորհների հետքերով» հոդվածն էր, որտեղ մասնավորապես ոլորտի ներկայացուցիչներից փորձել էինք պարզել՝ որքանո՞վ են պետական դրամաշնորհներն արդյունավետ ծախսվում, արդյունավետության համար ի՞նչ չափման միավորներ կան, և, թե ի՞նչ տեսքով են վերադառնալու պետությանն այդ ծախսերը։
Թեման լայնորեն քննարկվում է նաև այսօր․ հենց նույն ՊՈԱԿ-ի աշխատակիցներից մեկը դիմել է 168․am-ի խմբագրությանը։ Գիտնականը դեռևս անանուն, բայց մի քանի մանրամասներ է հայտնել ՊՈԱԿ-ի ներքին անցուդարձից։
Նա մասնավորապես արձանագրել է․ «Կոռուպցիան գիտության բնագավառում սկսվում է նրանից, որ մարդուն տալիս են գիտական կոչում կամ պաշտոն, որին նա արժանի չէ․ տալիս են նրա համար, որ նա անխոս կատարի վերևից տրվող անխտիր բոլոր հրահանգները: Սա՛ է գիտությանը հասցրած ամենածանր վնասը, և սա՛ է, որ չի կարող հեշտությամբ բացահայտվել կոռուպցիայի դեմ տարվող պայքարում»։
Այս համատեքստում աշխատակիցն օրինակ է բերում հենց իր աշխատավայրը՝ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն ՊՈԱԿ-ը․ «Ակադեմիայի ներկա նախագահը որոշել էր Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել մի երիտասարդ տղայի միայն այն բանի համար, որ այդ տղան պայքարել էր կենտրոնի ջրավազանի տեղը բնակելի շենք կառուցելու դեմ: Այդ տղան ուրիշ ոչ մի արժանիք չուներ: Երբ նախագահին հասկացրին, որ ամոթ է նման բան անելը, նա տնօրեն նշանակեց կենտրոնի լաբորատորիայի վարիչներից պատահական մեկին: Նորանշանակ տնօրենի առաջին հրամանը եղավ այն, որ գիտական գծով փոխտնօրեն նշանակվեց նախագահի ընտրած երիտասարդը: Տնօրենը հետո խոստովանեց, որ իրեն պարտադրել են տալ այդ հրամանը:
Հրամանի հաջորդ օրվանից կենտրոնի ողջ ֆինանսական և կադրային գործընթացը սկսեց ղեկավարել նորանշանակ փոխտնօրենը»։
Նա ասաց՝ Կենտրոնում մեծ չափերի է հասնում դրամաշնորհների տեսքով գիտական թեմաների ֆինանսավորումը։
«Թեմաները սկզբում զեկուցվում և հաստատվում են կենտրոնի գիտխորհրդի կողմից: Հետևաբար, գիտխորհրդի կազմում ընդգրկվեցին հրահանգներ կատարելու պատրաստ, կենտրոնի գիտական ուղղությունների հետ կապ չունեցող և ցածր գիտական աստիճան ունեցող մի քանի անձինք: Նման մարդկանց գիտխորհուրդ ընդգրկելը կոռուպցիայի միտում ունեցող այն կարևոր քայլն է, որն ազատում է ղեկավարներին՝ որոշումների համար պատասխան տալուց:
Գիտխորհրդի միջոցով է նաև փորձ արվում լուծել կոռուպցիան չհանդուրժող մարդկանց զբաղեցրած մրցութային պաշտոններից ազատելու հարցը: Այդ արատավոր երևույթը փորձ արվեց իրականացնել այն բանից հետո, երբ 168․am-ը հրապարակեց մի հոդված, որտեղ ակնարկ էր արվում կենտրոնում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին,- պարզաբանեց գիտնականը և հավելեց,- Կենտրոնի վերջին տարվա տված գիտական արդյունքը Գիտության, կրթության, սպորտի և մշակույթի նախարարությունը գնահատել է անբավարար և զգալի կրճատել բազային ֆինանսավորումը: Այդ գնահատականը հրամայական է դարձնում մեկ օր առաջ կենտրոնի ղեկավարության և, ինչո՞ւ չէ՝ նաև ՀՀ ԳԱԱ նախագահի հրաժարականները:
Գիտությանը պետական բյուջեից հատկացվող գումարի մի հսկայական մաս հատկացվում է դրամաշնորհներին, հետևաբար՝ հրամայական է դառնում նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ԿԳՄՍ նախարարության խիստ մասնագիտացված խմբերի ստեղծումը՝ կոռուպցիան գիտությունից արմատախիլ անելու համար: Եթե, իհարկե, ուզում են դա անել»։