«Այս փուլում «Զանգեզուրի միջանցքով» մեծ տերությունները չեն զբաղվելու, եթե որևէ մեկը վաճառի այն փողի դիմաց, ուղղակի կվաճառի ու վերջ». Ռուբեն Բարենց

Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար, քաղաքագետ Ռուբեն Բարենցը վստահ է՝ եթե նույնիսկ վաղը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվի «խաղաղության պայմանագիր», դրանով չի որոշվելու Հայաստանի ճակատագիրը։

Մանրամասնելով, մեր զրուցակիցն ասաց՝ Հայաստանի ճակատագիրը որոշվում է ո՛չ պայմանագրեր ու համաձայնագրեր ստորագրելով, ո՛չ էլ Երևանում ու Բաքվում, այլ համաշխարհային կառավարության մակարդակով:

«Հայաստանն ամբողջովին գտնվում է կոնսպիրոլոգիական ազդեցության ներքո: Ոչ ոք մեզ թույլ չի տալու ստեղծել մեր սեփական կոնսպիրոլոգիական համակարգը: Ընդ որում՝ կոնսպիրոլոգիան և կոնսպիրացիան տարբեր բաներ են: Կոնսպիրացիան հետախուզությունն ու հակահետախոզությունն է: Իսկ կոնսպիրոլոգիան գաղտնի կազմակերպությունների համակարգն է։ Օրինակ՝ մասոնները, աղանդները, որոնք որոշում են Հայաստանի ճակատագիրը ներսում, և դա ղեկավարվում է մեկ կենտրոնից՝ Լոնդոնից։

Այսօր մեր խնդիրն է՝ Չինաստանի հովանու ներքո, որը միակ անկախ կոնսպիրոլոգիական համակարգն է աշխարհում՝ միանալ նրան ու ստեղծել հայկական կոնսպիրոլոգիական պաշտպանական համակարգ։ Առանց դրա՝ ցանկացած հավաք, համախմբում կազմակերպելն անիմաստ է, որովհետև կհավաքվեն մարդիկ, իսկ հետո կպարզվի, որ առնվազն կեսը գործակալներ են: Ես մի անգամ փորձեցի ստեղծել կուսակցություն, ու ինքս փախա նրանից, որովհետև ամբողջ գործակալական ցանցը լցվել էր այդտեղ: Եվ պետք չէ հայերին մեղադրել, թե հայ ազգը վաճառվող է: Տեսեք՝ ինչ է կատարվում Եվրոպայում։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը, Ֆրանսիայի նախագահը դրանք էժանագին գործակալներ են: Այնպես որ, հայ ժողովրդին մեղադրել, թե անբարոյական ու վաճառված է, պետք չէ»,- 168.am հետ զրույցում նշեց Ռուբեն Բարենցը՝ անդրադառնալով Հայաստանի դեմ ուղղված արտաքին մարտահրավերներին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանագիր ստորագրելու հնարավորություններից:

Կարդացեք նաև

Մեր զրուցակիցը նաև հարց բարձրացրեց, թե, օրինակ, ի՞նչ արեցին Հայաստանի հետ կոնսպիրոլոգիապես, պատասխանը մեկն է՝ աճացրեցին ամբողջ դեգեներացիան ու ՀՀ-ում դրեցին իշխանության։

Խոսելով Արցախի խնդրի մասին՝ Ռուբեն Բարենցն ասաց.

«Երբ ասում են, թե Արցախը հանձնելու համար Փաշինյանին վճարել են 5 միլիարդ, Լուկաշենկոյին՝ 1.5, Մոսկվային՝ 32 միլիարդ, էական չէ, կարևորը փողը չէ, կարևորը քաղաքականությունն է, որը վարվում է Փոքր Կովկասում: Իսկ այդ քաղաքականության նպատակը հայկական տարրի ոչնչացումն է։

Վերջին հազար տարիներին հայկական տարրը հանդիսանում է ռուսական քաղաքակրթության հոգևոր ամբողջության մի մասը՝ ռուսները Կովկասում այնքան ժամանակ կլինեն, քանի դեռ այստեղ հայեր կան։ Եթե վերացնես հայերին, ռուսներն էլ կվերանան։ Հայերին լիկվիդացրեցին Վրաստանում, այն հեռացավ Ռուսաստանից։ Հայերին լիկվիդացրին Ադրբեջանում՝ հեռացավ դեպի Թուրքիա։ Աբխազիայում, ռուսների աչքի առաջ վերացնում են հայերին, ռուսները դեռ զարմանում են, ասելով՝ ինչո՞ւ։ Չգրված օրենք է, որտեղից հեռանում են հայերն ու հույները, հեռանում են նաև ռուսները։ Ռուսաստանի հետ պետք է աշխատել՝ տնտեսությունը զարգացնելու համար, բայց միայն սա ազգը չի փրկելու: Էլի եմ ասում՝ մեզ կարող է փրկել միայն գաղտնի, անկախ հայկական պաշտպանական համակարգը։ Բայց այն ստեղծել թույլ չեն տա։ Պետք է գնալ դեպի Չինաստան, որի վրա որևէ մեկն ազդեցություն չունի որևէ տերություն»,-շեշտեց մեր քաղաքագետը։

Այս համատեքստում Ռուբեն Բարենցը խոսեց նաև Բաքվում գտնվող հայ պատանդների ու գերիների խնդրի մասին, նկատելով՝ գերիների հարցը մասնավոր խնդիր է, որը Հայաստանի ապագայի հետ կապ չունի, բայց կապ ունի այդ մարդկանց ճակատագրերի հետ։

«Նրանցով, իհարկե, պետք է զբաղվել, բայց այս պահին տեսնում եք՝ ինչ վիճակում է գտնվում մեր պետականությունը։ Իսկ Փաշինյանին էլ, ասում են, որ չորս երկրի գործակալ է՝ անգլիական, իսրայելական, թուրքական և ռուսական։ ՌԴ նախագահ հայտարարեց, չէ՞, որ Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի քաղաքացի չէ։ Եվ հիմա հարց՝ ո՞վ  պետք է պաշտպանի նրանց, այս պահին ոչ ոք։ Իսկ երբ Փաշինյանին ասում են՝ ավարտված գործակալ է, նա չի ամաչում, ուզում եք մշտապես ասեք՝ Ալեն Սիմոնյանն էլ է գործակալ, Ռուբեն Ռուբինյանն էլ: Ոչինչ դրանից չի փոխվում, միևնույն է՝ նրանք շարունակում են պաշտոնավարել այս երկրում»,- ասաց Ռ. Բարենցը։

Հայաստանում ու առհասարակ աշխարհում ստեղծված իրավիճակը Ռուբեն Բարենցին լավատեսություն չի ներշնչում՝ մասնավորապես, Հայաստանի հետ կապված։

Նրա խոսքով՝ առաջիկա 20 տարում ոչինչ չի փոխվելու, գործակալական համակարգերը շարունակելու են իշխել, բայց այստեղ պետք է հնչեցնել կարևոր հարց՝ հայ ազգը՝ որպես ազգ, այդ 20 տարիների ընթացքում կգոյատևի՞:

«Կրկնում եմ՝ ամբողջ հույսը Չինաստանն է, Իրանը՝ ևս։ Տեսեք, Իրանն այսօր հերոսական պայքար է մղում, ֆանտաստիկ պայքար է, որտեղ նա կարողացավ հաղթել։

Հայաստանի հարցն այնքան փոքր է, այնքան մասնավոր, որ մեծ տերություններն այս փուլում «Զանգեզուրի միջանցքով» չեն զբաղվելու։ Իսկ եթե որևէ մեկը վաճառի այն փողի դիմաց, ուղղակի կվաճառի ու վերջ»,- ընդգծեց Ռուբեն Բարենցը։

Տեսանյութեր

Լրահոս