
ՔՊ-ն Գյումրիում դարձավ ընդդիմություն․ ինտրիգների գնալու համար Փաշինյանը չունի նախկին վարկանիշն ու դրսի աջակցությունը․ քաղտեխնոլոգ

Գյումրին նոր քաղաքապետ ունի՝ հին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմքով․ այսօր նա ընդդիմության 18 ձայնով ընտրվեց։ Սարիկ Մինասյանը չէր ներկայացել ավագանու արտահերթ նիստին, ավելին՝ կոչ էր արել, թե Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, և առաջարկել գնալ արտահերթ ընտրությունների։
168․am-ը քաղտեխնոլոգ, վերլուծաբան Արմեն Բադալյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ իշխանությունը չի կարողանում ընդունել պարտությունը, և արդյո՞ք Սարիկ Մինասյանի հայտարարությունը պետք է համարել Գյումրիում նոր ինտրիգների պրոլոգ։
Արմեն Բադալյանը ՔՊ-ի՝ պարտությունը չընդունելու հարցը դիտարկում է առավել լայն համատեքստում։
«ՔՊ-ի համար ցանկացած պարտություն նախ ցավագին է ընդունվում հենց ղեկավարի կողմից, որովհետև սա զուտ իշխանություն-ընդդիմություն գործընթաց չէ՝ ինչպես Ավստրիայում, Բելգիայում, Չեխիայում, որտեղ պարտված քաղաքական ուժերն ուղղակի հեռանում են։ Այստեղ Արցախի հետ կապված այնպիսի գործընթացներ են տեղի ունեցել, որ կուսակցության ղեկավարության մի մասն առնվազն հասկանում է, որ պարտություններից հետո ինքը Հայաստանում չի կարող մնալ, և երկրորդ՝ կասկածելի է, թե ընդհանրապես որևէ երկրում կկարողանա՞ մնալ, թե՞ կարտահանձնվի Հայաստան, որտեղ դատական գործընթացներ կմեկնարկեն»,- նշեց նա։
Այս համատեքստում վերլուծաբանը հիշեցրեց հայրենի ընդդիմության կողմից ՔՊ-ին մեղսագրվող բոլոր դրվագները՝ Արցախյան հարցի տապալում, դավաճանական դիրքորոշում, կոռուպցիա, շարասյան կողմից ավտովթար, որի համար պատասխանատուներ չեղան, և այլն, ապա հավելեց, որ դա այլ իշխանության պարագայում հնարավոր է նյութականացվի իրավապահ համակարգի կողմից՝ համապատասխան հոդվածներով։
«Այսինքն՝ այստեղ զուտ եվրոպական ժողովորդավարական ինստիտուտի մեխանիզմները չեն գործում, այլ որոշակի առանձնահատկություններ կան․ եթե չլիներ Արցախի հարցի շուրջ այս ընթացքը, գուցե ՔՊ-ի համար պարտվելն այդքան ծանր չլիներ»,- պարզաբանեց քաղտեխնոլոգը՝ նկատելով, որ համայնքային որոշ ներկայացուցիչները ևս այս դիրքորոշումն են որդեգրել՝ ղեկավարին ցույց տալու համար, թե իրենք նույն ոգին ունեն, հավատարիմ են։
Ի դեպ, Արմեն Բադալյանը նկատեց, որ Սարիկ Մինասյանը գուցե Գյումրիում ավելի շատ ձայն հավաքեր, եթե մասնակցեր առանց ՔՊ-ի, առանց վարչական ռեսուրսի կիրառման։ Ըստ նրա, Սարիկ Մինասյանը, որն ուներ վարկանիշ ու կարող էր ավելին անել, այսօր պետք է բավարարվի ավագանիում պաշտոնով․ Բադալյանը սա համարում է պարտությունն այսպես հիվանդագին ընդունելու ևս մեկ պատճառ։
«Սարիկ Մինասյանի տեքստն ընդգծված ընդդիմադիր տեքստ էր։ Այսինքն՝ ինքը դարձել է ընդդիմադիր խմբակցության ղեկավար, և ցանկացած ընդդիմադիր ղեկավար պահանջում է արտահերթ ընտրություններ, որ գա իշխանության։ ՔՊ-ն արդեն Գյումրիում դարձավ ընդդիմություն․ սա ընդդիմություն դառնալու դասական տեքստ էր»,- ասաց մասնագետը։
Նիկոլ Փաշինյանն ինտրիգների կգնա՞ Գյումրիում՝ հետաքրքրվեցինք քաղտեխնոլոգից։ Ի պատասխան՝ նա ասաց․ «Մի տարի հետո Հայաստանում ԱԺ ընտրություններ են տեղի ունենալու, իսկ Գյումրին բավականին կարևոր վարչական, ընտրական ռեսուրս է։ Ու եթե ԱԺ ընտրություններին մնում է քաղաքապետի այս կազմը, այդ լրացուցիչ վարչական ռեսուրսից իշխանությունները զրկվում են։ Իսկ հիմա ՔՊ վարկանիշն այնքան ցածր է, որ իրենց ցանկացած ձայն պետք է։ Ավելին՝ իրենք կարող են մտածել, որ այդ ռեսուրսը կարող է օգտագործվել հօգուտ հիմնական մրցակցի, կամ՝ այլ ուժի։
Դրա համար, ամեն դեպքում, գուցե փորձեն ինչ-որ կերպ անիվը հետ պտտել՝ իրենց թեկնածուին քաղաքապետ դարձնելու համար։ Բայց այստեղ էլ խնդիրներ կան․ վարչապետը չունի այն վարկանիշը, ինչը 2018-2019 թվականներին, և նույնիսկ այն վարկանիշը, որով, օրինակ, կարողացավ վանաձորյան օպերացիան իրականացնել, չունի դրսի աջակցություն»։
Արմեն Բադալյանը նաև մանրամասնեց, որ վարկանիշի անկման վերջին դրվագը Փարաքարն ու Գյումրին էին, իսկ այդ անկումը նկատելի է ոչ միայն ընդդիմության համար, այլև հենց այն վարչական ռեսուրսի ներկայացուցիչների, որի վրա փորձում է հենվել իշխանությունը։
«Եվ հիմա նրանց մոտ կարող է կասկած առաջանալ։ Ու եթե վարչապետը հանձնարարի ձերբակալել Վարդան Ղուկասյանին, ինչպես լրատվամիջոցներն են գրում, որպեսզի իր թեկնածուին բերի, վստահություն կա՞, որ իրավապահ կառույցի ներկայացուցիչները կգնան այդ քայլին։ Իսկ եթե հաջորդ տարի ընտրություններում հաղթեն Վարդան Ղուկասյանին աջակցող ուժերը, ապա նրա դեմ քրեական գործ հարուցողները հաստատ իրավապահ համակարգից դուրս են թռնելու մինիմումը։
Եվ քանի որ ընդհանրապես երաշխիք չկա, որ Նիկոլ Փաշինյանը հաջորդ տարի հաղթարշավով ԱԺ-ում մեծամասնություն կունենա, թեկուզ կոալիցիոն սկզբունքով (իսկ եթե պարտվեց, ապա կհեռանա Հայաստանից), հետևաբար՝ վստահություն չկա, որ բոլոր նրանք, ովքեր այսօր կփորձեն քրեական գործեր հարուցել, կարող են պատասխանատվություն կրել»,- մանրամասնեց մասնագետը։
Նա կրկնակի ինտրիգ համարեց հարցը, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը կկարողանա՞ Վարդան Ղուկասյանի դեմ ինչ-որ գործընթաց իրականացնել՝ ինչպես ժամանակին Առուշ Առուշանյանի ու մյուս համայնքապետերի դեմ, իրավապահ համակարգի ներկայացուցիչները կգնա՞ն այդ ռիսկին, երբ Փաշինյանի վարկանիշը զրոյացել է, իսկ հավաքական Արևմուտքի ու Ռուսաստանի աջակցությունը չկա։
Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանն այսօր առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «․․․Ստեղծված իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է: Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, սա չի բխում գյումրեցու շահից: Ձեր սխալ քայլի հետևանքը ձեր երեխան ու անձամբ դուք եք կրելու, որքան էլ խուսափեք այդ պատասխանատվությունից: Հանուն Գյումրու և գյումրեցու պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների»։