
«Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը գտնվում է քննարկման փուլում». ԱԱԾ

Ադրբեջանական APA-ին տված հարցազրույցում Ադրբեջանի Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության և ախտաբանական անատոմիայի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ադալաթ Հասանովն ասել է, որ եթե Հայաստանը չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագիրը կորոշեն Ադրբեջանի պետական համապատասխան մարմինները։
«Մահացած հայուհու մարմինը պահվում է ապահով վայրում, որտեղ կան բոլոր անհրաժեշտ պայմանները։ Եթե Հայաստանը չընդունի նրա դիակը, ապա այդ հարցը կորոշեն համապատասխան պետական մարմինները»,- ասել է նա։
Նախորդ ամիս էլ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆաթ Հասանովն էր հայտարարել, որ հայկական պատվիրակությունը չի արձագանքում Վերա Աղասյանի մարմինը վերցնելու հարցին։
168.am-ը ՀՀ ԱԱԾ-ից հետաքրքրվեց՝ արդյոք հայկական կողմը հրաժարվո՞ւմ է վերցնել Վերա Աղասյանի դին։ Ի պատասխան՝ ԱԱԾ լրատվականից 168.am-ին հայտնեցին.
«Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը գտնվում է քննարկման փուլում»։
ԱԱԾ լրատվականը հորդորեց, որ հավելյալ հարցերի դեպքում դիմենք գրավոր։
168.am-ը նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց, թե արդյոք ադրբեջանական կողմը Կարմիր խաչի միջոցով փոխանցե՞լ է, որ պատրաստ է հայկական կողմին հանձնել Վերա Աղասյանի դին։
«Հարցի հետ կապված բովանդակային առումով որևէ բան ասել չենք կարող, թե որ կողմն ինչ է ասել, սա կոնֆիդենցիալ տեղեկատվություն է։ Սակայն կարող եմ ասել, որ 2 կողմերի հետ կապի մեջ ենք այս հարցով, այսինքն՝ մենք երկխոսություն ունեցել ենք այս թեմայով, բայց ինչպես նախկինում ենք ասել, որոշումը մենք չենք կայացնում։ Մենք փոխանցել ենք մեր պատրաստակամությունը, այն հնարավորությունների մասին ենք տեղեկացրել, որոնք ունենք՝ որպես միջնորդ կազմակերպություն, բնականաբար, ընտանիքի համաձայնությամբ։ Սակայն կրկնում եմ՝ որոշում կայացնողը մենք չենք, և չեմ կարող ասել, թե ինչ են ասել կողմերը»,- նշեց Զառա Ամատունին։
Հիշեցնենք, որ նախորդ տարի հոկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տարեց հայուհի է մահացել։ Նա այն քիչ հայերից է, որն Ադրբեջանի կողմից արցախահայերի բռնի տեղահանությունից հետո որոշել է մնալ Ստեփանակերտում։
Կնոջ մահվան մասին տեղեկատվությունը հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները՝ շեշտելով, որ կինը մահացել է հոկտեմբերի 20-ի առավոտյան: Ըստ նույն աղբյուրների՝ կինը մահացել էր սուր թոք-սրտային անբավարարությունից թոքի զարկերակի թրոմբոզի պատճառով։