2016 թվականին Ադրբեջանն իր նպատակներին չհասավ. պատերազմի վտանգ կա, և այստեղ Ադրբեջանին այլ բան է զսպում. Կարեն Իգիթյան

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական կողմը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության դեմ՝ կիրառելով տարբեր զինատեսակներ, որոնք ուներ իր զինանոցում։

4 օր տևած պատերազմական գործողությունների արդյունքում հայկական կողմը, ըստ տարբեր տվյալների՝ ունեցավ 82 զոհ և բազմաթիվ վիրավորներ, ադրբեջանական կողմի թե՛ զոհերի, թե՛ վիրավորների թիվն ավելի մեծ էին։ Բացի այդ, ապրիլյանի ժամանակ զոհվել են 4 քաղաքացիական անձինք, նրանցից 3-ին ադրբեջանցի զինվորները սպանել էին տանը՝ Թալիշ գյուղում, 3-ն էլ՝ թոշակառու։ Հրադադարը տեղի ունեցավ ապրիլի 5-ին՝ ադրբեջանական կողմի խնդրանքով։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանը 9 տարի անց դիտարկելով 2016 թվականի պատերազմը՝ ասաց՝ ապրիլյան պատերազմում, իհարկե, հայկական կողմը հաղթանակ է տարել։ Շատերն այն ժամանակ այդպես չէին մտածում, սակայն 44-օրյա պատերազմից հետո այդ ամենն ակնհայտ դարձավ։

«Այս ամենին մենք կարող ենք հետևյալ կերպ նայել. Ադրբեջանը 10 տարի պատրաստվում էր, զենք էր գնում, բանակն էր վարժեցնում, ընտրեց տեղն ու ժամանակը, թե երբ պետք է հարվածի հայկական կողմին, և հարվածեց։ Այդ քայլերի արդյունքում Ադրբեջանը որևէ բանի չհասավ, որովհետև Պաշտպանության բանակը պատրաստ էր, և Ադրբեջանի պլանը, որ մի քանի օրում կամ շաբաթում պետք է ջախջախեր ՊԲ-ին ու ռազմական ճանապարհով լուծեր Արցախի հարցը՝ անհնարին էր։ Ադրբեջանի առաջխաղացումը կասեցվեց, և նրա նպատակները մնացին անկատար։

Կարդացեք նաև

Այստեղ Հայստանը քաղաքական իմաստով նաև հաղթանակ տարավ, որովհետև դրանից հետո ԵԱՀԿ-ի շրջանակներում ընդունվեցին փաստաթղթեր, որոնք եթե աշխատեին, ապա կսահմանափակեին Ադրբեջանին՝ հետագայում ռազմական ուժ կիրառել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Իգիթյանը։

Փորձագետի խոսքով՝ երբեմն մարդիկ չեն ուզում հասկանալ, որ պատերազմի արդյունքը շատ ժամանակ կախված չէ բանակից, որովհետև պատերազմում են պետությունները, իսկ մարտի դաշտում կռվում է բանակը։

«Հիմա՝ մեր պետությունը և բանակը տարբեր իրավիճակներում էին հասել պատերազմին, օրինակ, 2020 թվականին Հայաստանն արդեն իզոլացված էր իր դաշնակիցներից, և դա արել էր պաշտոնական Երևանը։ Բանակը ներսից քանդվում էր, որովհետև մի քանի անգամ ԳՇ պետ փոխվեց, վարչության պետեր, Արցախում ՊԲ նոր հրամանատար նշանակվեց, փոխվեցին գնդերի, դիվիզիաների հրամանատարները, իսկ այդ մարդիկ այդ պահին պատրաստ չէին պատերազմելու, քանի որ նշանակումները տեղի էին ունենում՝ ոչ թե հաշվի առնելով մարդկանց պրոֆեսիոնալիզմը, այլ՝ նրանց լոյալությունը։

Այսինքն՝ 44-օրյա պատերազմին մենք հասանք լրիվ այլ իրավիճակում։ Այն զենքերը, որոնք ապրիլյանից հետո Հայաստանը որոշել էր գնել, նոր իշխանությունները չէին գնել, փոխարենը՝ գնվել էին ինքնաթիռներ, որոնք իրատեսական չէր օգտագործել։ Այս իրավիճակում էլ Ադրբեջանն ունեցավ հսկայական առավելություններ»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա վստահ է, չնայած այս ամենին, եթե 44-օրյա պատերազմում Հայաստանում լինեին այլ ղեկավարներ՝ ավելի պրոֆեսիոնալ ու հայրենասեր, հայկական կողմը կհասներ բոլորովին այլ արդյունքների։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից վերջին շրջանում կրակոցներին՝ հայկական կողմի ուղղությամբ, և էսկալացիայի ռիսկերին, Կարեն Իգիթյանը նկատեց՝ պատերազմի վտանգ կա, և այստեղ Ադրբեջանին այլ բան է զսպում՝ ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունները, որոշվում է նաև տարածաշրջանի ճակատագիրը։

«Մինչև այդ ամենը չորոշվի՝ Ադրբեջանն ագրեսիայի չի գնա, սակայն դա չի նշանակում, որ նա որևէ քայլ չի անելու, նաև չի բացառվում, որ գա ընդհանուր եզրակացության ու փորձի իրականացնել այն առավելությունները, որոնք այսօր ունի»,- ընդգծեց Կարեն Իգիթյանը։

Տեսանյութեր

Լրահոս