
Իշխանությունը հայտնվել է իր իսկ ստեղծած ծուղակում. Վարդան Արամյան
Հայաստանի Ազգային ժողովը մարտի 26-ին 64 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Եվրամիության անդամակցության մեկնարկի վերաբերյալ օրինագիծը։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է քվեարկել օրինագծին, իսկ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը։
Նախագիծը ներկայացնող Արտակ Զեյնալյանն ու ՔՊ-ական պատգամավորները մի քանի անգամ շեշտեցին՝ այս օրենքի նախագծով Հայաստանի Հանրապետությունը պետք է արտահայտի իր քաղաքական կամքը՝ դեպի Եվրոպական միություն գնալու հարցում։ Ըստ նախագծին կողմ արտահայտվողների՝ օրենքի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացում, այլ ընդամենը քաղաքական կամքի դրսևորում է։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարի ու Ազգային ժողովի ընդունած օրենքի մասին, Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանը նախ ընդգծեց՝ Հայաստանի նախորդ իշխանությունը 2017 թվականին ստորագրել է CEPA համաձայնագիրը, որով էլ հենց կարգավորվում են Հայաստան-ԵՄ հարաբերությունները. այն ԵՄ-ի հետ համագործակցության խորացման մասին է։
«Իհարկե, ստորագրվել է առանց առևտրի բաղադրիչ, որովհետև անհնար է լինել տնտեսական մեկ այլ միության անդամ և այլ միության հետ ունենալ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր։ Հիմա ԱԺ ընդունած այս օրենքի ավելացրած արժեքը ես չեմ հասկանում, բայց տեսնում եմ այդ օրենքի շուրջ աղմուկ։ Ի՞նչն է արագացնում այդ օրենքը, կա՞ արդյոք լրացուցիչ նախապայման, որը կարող են կատարել այս օրենքով, և դա մեզ ավելի կմոտեցնի Եվրամիությանը։ Որպեսզի դուք անդամակցեք Եվրամիությանը՝ պետք է անցնեք փուլերով, նախ՝ համարվեք թեկնածու երկիր, ապա՝ անեք ռեֆորմներ, որոնց մեծ մասն արդեն իսկ ամրագրված է եղել CEPA համաձայնագրով։ Այն, ինչ պետք է անել այդ ուղղությամբ, Ազգային ժողովի այսօր ընդունած օրենքի հետ կապ չունի, հետևապես՝ դրանից ակնկալիքները չեմ կարողանում հասկանալ, ինձ համար ճապոներեն է հնչում»,- ասաց Վարդան Արամյանը։
Որպեսզի Հայաստանը կարողանա ստորագրել Եվրամիության հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր, ըստ Արամյանի, անհրաժեշտ է առաջին հերթին դուրս գալ ԵԱՏՄ-ից, որովհետև մեր սահմանը համարվում է ԵԱՏՄ մաքսային սահման։
«Հնարավոր չէ լինել ԵԱՏՄ անդամ երկիր և միայնակ ստորագրել ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր, պետք է դուրս գալ ԵԱՏՄ-ից, ինչից հետո դեռ հարցական է լինելու՝ արդյոք ԵՄ-ն պատրա՞ստ է լինելու ստորագրել ԵԱՏՄ սահմանի հետ նման համաձայնագիր։ Իսկ եթե կարծում են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու պարագայում Հայաստանը կարող է նույն ծավալով առևտրաշրջանառություն ունենալ Ռուսաստանի հետ, ապա դա հնարավոր չէ, որովհետև այդ դեպքում կկիրառվեն նոր մաքսատուրքեր,- շեշտեց Վարդան Արամյանը՝ շարունակելով,- Իշխանությունը հայտնվել է իր իսկ ստեղծած ծուղակում»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։