Իրանի ԱԳ նախարարին Հայաստան են բերել ռեգիոնալ զարգացումների վերաբերյալ մտավախությունները․ արևելագետ

Երևան-Բաքու, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման ու դրա շուրջ առաջացած տարաձայնությունների, ռեգիոնալ էսկալացիայի վտանգի ֆոնին Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այց կատարեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին։

Բացի խիստ պաշտոնական արարողակարգային շփումներից, երևանյան այցի ընթացքում նախատեսված էր նախարար Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը, որը տեղի ունեցավ կեսօրին։

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ՀՀ իր այցի առաջին ժամերի ուշագրավ պահերը ներկայացրել էր տեսանյութով իր սոցցանցի էջում։

Հատկապես ուշագրավ էր, որ Արաղչիի ինքնաթիռի պատուհանից երևում էր Արարատ լեռը, իսկ մյուս կադրերում արտացոլված էր նրա զբոսանքը Երևանում և իր հայրենակիցների հետ լուսանկարահանումը։

Կարդացեք նաև

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Սեյեդ Աբբաս Արաղչին մի շարք ուղերձներ հնչեցրեց։

  • Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է Հարավային Կովկասում սահմանային ցանկացած փոփոխության։ ԻԻՀ-ն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանն ու անկախությանը, դեմ է միջազգային ճանաչված սահմանների, ինչպես նաև աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։
  • Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնեցումը։ Արաղչին Երևանին ու Բաքվին խրախուսեց հնարավորինս արագ փաստաթուղթը ստորագրել։
  • Էսկալացիայի բարձրացման վտանգ տարածաշրջանում գոյություն ունի, և Իրանը հուսով է, որ այդ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ՝ այդ վտանգները նվազագույնի կհասնեն, և տարածաշրջանում ականատես կլինեն կայունության, որը բոլորի շահերից է բխում։
  • Ըստ Իրանի արտգործնախարարի` տարածաշրջանային բոլոր խնդիրները պետք է դրա ներսում լուծվեն` երկխոսության և դիվանագիտության միջոցով,առանց ուժի կիրառման։
  • Իրանը և Հայաստանը պայմանավորվել են Արաքս գետի վրա ևս մեկ կամուրջ կառուցելու վերաբերյալ։

168.am-ի հետ զրույցում ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Իրանի ԱԳ նախարարի այցը ՀՀ կապ ունի ռեգիոնալ զարգացումների ու դրանց նկատմամբ Իրանի զգայունության հետ։

Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, Իրանը մտավախություններ ունի, որ աշխարհաքաղաքական բարդ զարգացումների հետ մեկտեղ՝ հարավկովկասյան խնդիրները կանտեսվեն ու հատկապես ռեգիոնում կնպաստեն էսկալացիայի աճին, երբ վերջին շրջանում այդ մասին խոսակցությունները հաճախակիացել են։

«Ինչպես գիտենք, Իրանը շատ հստակ դիրքորոշում ունի Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի հարցում՝ աջակցելով Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Էսկալացիայի վտանգի հարցում Իրանի մտահոգությունը հենց այս թեման է։ Սա Իրանի կողմից յուրօրինակ աջակցություն էր նաև Հայաստանին, որը ևս ցանկանում է բանակցված համաձայնագիրը շուտ ստորագրել, ուստի իրանցի նախարարի այդ շեշտադրումը կարևոր է։ Վստահաբար բուն բանակցությունների ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են թե ռեգիոնալ, թե աշխարհաքաղաքական զարգացումներին ու դրանցում Իրան-ՀՀ դիրքավորմանը։ Հետաքրքիր հանգամանք է այն, որ չի քննարկվել ռեգիոնալ 3+3 ձևաչափի հարցը, որին իրանական կողմը բավականին հաճախ է անդրադառնում: Կարծում եմ՝ պատճառն այն է, որ այցի հիմնական առանցքը եղել է Երևան-Բաքու հարաբերությունների հարցը»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Նա գտնում է, որ Իրանը կցանկանար Հայաստանի հետ արտաքին քաղաքական է՛լ ավելի սերտ համակարգում իրականացնել։

«Սակայն Հայաստանի հարաբերություններն Արևմուտքի հետ դրան փոքր-ինչ խանգարել են։ Թեև ԱՄՆ նոր նախագահի աշխատակազմը Հարավային Կովկասում ևս այլ քաղաքականություն է վարում, որը ստիպում է Հայաստանին վերանայել իր հարաբերությունները Ռուսաստանի ու Իրանի հետ։ Այստեղ խնդիրը նոր ադմինիստրացիայի խիստ հակաիրանական դիրքավորումն է։ Ընդհանուր առմամբ, հայ-իրանական հարաբերությունների զարգացումն աշխարհաքաղաքական բարդություններ ունեցող գործընթաց է, սակայն շատ կարևոր հատկապես Հայաստանի Հանրապետության համար, որը խնդիրներ ունի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններում, որոնք կարգավորման միտումներ ցույց չեն տալիս»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Նա այն կարծիքին է, որ վերջին տարիներին Իրանը ժամանակ առ ժամանակ ուշագրավ այցեր է կատարում ռեգիոն, որոնք բոլորը միտված են իրանական ազդեցության խորացմանը Հարավային Կովկասում։

«Սա պայմանավորված է Իրանի շահերով, ինչպես նաև Ռուսաստանի դիրքերի թուլացմամբ ու Թուրքիայի՝ ավելի ամրապնդմամբ։ Ուստի Իրանը հնարավորության դեպքում նախաձեռնություններով է հանդես գալիս»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս