
Հայաստանի պետական պարտքը 2024-ի վերջին կազմել է 5 տրլն դրամ

Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի վերջի դրությամբ կազմել է 5 տրլն դրամ կամ 12.8 մլրդ դոլար: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում կառավարության ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«2024թ. վերջին պետական պարտքը կազմել է շուրջ 5 տրլն դրամ, որը հավասար է շուրջ 12.8 մլրդ դոլարի: Դրա նախորդ տարվա վերջի նկատմամբ պետական պարտքն ավելացել է 6.2 տոկոսով: Բայց համախառն ներքին արդյունքի համեմատությամբ մեր պետական պարտքը նվազել է 0.1 տոկոսային կետով և կազմել 48.3 տոկոս, ինչը համարվում է շատ կայուն և անվտանգ սահմանաչափ: Դա նաև կարգավորված է մեր ֆիսկալ կանոններով»,- ասաց Հովհաննիսյանը:
Հարկեր-ՀՆԱ ցուցանիշը կազմել է 23.6 տոկոս, որը 2023–ի համեմատությամբ նվազել է:
Սակայն, նախարարի խոսքով, վերջին 7 տարիներին հարկեր–ՀՆԱ ցուցանիշը բարելավվել է 2.8 տոկոսային կետով՝ 20.8-ից հասնելով 23.6 տոկոսի: