
Պահածոյացված քաղցր մրգերի, բանջարեղենի չափից ավելի օգտագործումը մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը

Քաղցկեղի հետազոտության համաշխարհային հիմնադրամի գիտնականները եկել են այն եզրակացության, որ օսլա չպարունակող պահածոյացված բանջարեղենը մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը: Այս մասին հայտնում է Daily Express-ը։
Բանջարեղենի պահածոյացումը զգալիորեն դանդաղեցնում է դրանց փչանալու հավանականությունը, ինչպես նաև պահպանում է սննդային հատկություններն ու համը։ Իսկ պահպանման համար արտադրանքին ավելացվում է աղ և թթու:
Ըստ մասնագետների՝ աղի բարձր պարունակությունը փոխում է ստամոքսի պատերը պաշտպանող լորձի մածուցիկությունը, ինչպես նաև ուժեղացնում է միացությունների արտադրությունը, որոնք պարունակում են նիտրոզո խումբ։ Աղի ավելցուկ ընդունումը հանգեցնում է բջիջների առաջնային վնասման, իսկ արդյունքում՝ ուռուցքաբանական խնդիրների։
Ստամոքսի քաղցկեղը չարորակ ուռուցք է, որն առաջանում է ստամոքսի լորձաթաղանթի էպիթելից, կարող է զարգանալ և տարածվել դեպի այլ օրգաններ՝ ներառյալ կերակրափող, լյարդ և թոքեր: Այս հիվանդության զարգացմանը կարող են նպաստել սննդային և շրջակա միջավայրի գործոնները, վարակիչ և գենետիկական գործոնները, ինչպես նաև ծխելը:
Դիետոլոգ Ելենա Սոլոմատինան կարծիք է հայտնել, որ քաղցր պահածոյացված մրգերի չափից ավելի օգտագործումը կարող է առաջացնել օնկոլոգիական խնդիրներ։ Վտանգը նման պահածոների մեջ պարունակվող շաքարի մեծ քանակությունն է։ Մասնագետները նաև վտանգավոր են համարում տաք ըմպելիքների օգտագործումը, որն հանգեցնում է կերակրափողի քաղցկեղի։