Ալիևը որոշել է՝ կլինի պատերազմ. Սյունիքում ռազմական գործողությունների դիմելու մտքից չի հրաժարվել. Գրիգոր Բալասանյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գալու մասին հայտարարելուց հետո՝ մարտի 17-ին, մեկ օրվա ընթացքում Բաքուն տարածեց նույնաբովանդակ երեք հայտարարություն՝ Հայաստանին մեղադրելով ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մեջ։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը շատ արագ հերքեց Բաքվից հնչող հաղորդագրությունները։

Նշենք, որ, ըստ ադրբեջանական կողմի, հրադադարի խախտումներն արձանագրվել էին Սյունիքի մարզի Խոզնավար և Տեղ գյուղերի ուղղությամբ։

Ի պատասխան՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հիշեցրել էր Փաշինյանի աշխատակազմի առաջարկը՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության վերաբերյալ, որին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Կարդացեք նաև

Թե ինչո՞ւ է ադրբեջանական կողմի ուշադրության կենտրոնում դարձյալ Սյունիքի մարզը՝ Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին Բաքվից եկող հայտարարությունից հետո, 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քննարկեցինք միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի հետ։

Նրա համոզմամբ՝ ադրբեջանական կողմն այդ քայլին է դիմում, որովհետև չի ցանկանում ստանձնել պայմանագրային պարտավորություններ, բացի այդ, ադրբեջանական կողմը շատ լավ գիտի, որ որևէ տեսակի փաստաթուղթ իրեն թույլ չեն տալու ստորագրել, եթե պայմանագրի տեքստի վերաբերյալ չլինի Իրանի և Ռուսաստանի համաձայնությունը։

«Ալիևի ջղաձգումների պատճառն այն է, որ գիտի՝ չի կարողանալու ստորագրել այնպիսի տեքստ, որն ինքն է ցանկանում, որովհետև դա առաջացնելու է հարցեր Իրանի և Ռուսաստանի մոտ։ Իրանի մոտ բնական հարց է առաջանում՝ եթե իր սահմանի մոտով անցնելու են ադրբեջանական բեռները՝ Հայաստանի կողմից տրված ճանապարհներով, ինչպե՞ս կարող է իրանական կողմը չիմանալ, թե դրանք ինչ բեռներ են, ինչպե՞ս կարող է Իրանը թույլ տալ, որ երկաթուղային ճանապարհներն այդպես պարզեցված ընթացակարգով տրվեն Ադրբեջանին։

Կամ՝ մի՞թե պարզ չէ, որ Ռուսաստանը Հայաստանի հետ սահմանը դիտարկում է՝ որպես ԱՊՀ արտաքին սահման, հետևապես, Ռուսաստանն էլ պետք է իմանա, թե ով և ինչ է մուտք գործում այդ սահմաններով, չէ՞ որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետում չկա պարզեցված ընթացակարգի մասին որևէ բառ։ Խաղաղության պայմանագրի այս համաձայնեցված տարբերակը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ դրանով պայմանավորված՝ Ադրբեջանը չի ստորագրելու այդ տեքստի տակ։

Ալիևը Սյունիքում ռազմական գործողությունների դիմելու մտքից չի հրաժարվել, Ալիևը որոշել է արդեն՝ լինելու է պատերազմ»,ասաց Բալասանյանը։

Միջազգայնագետը հատուկ ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ, փաստորեն, հայկական կողմը ներկայացնողը համաձայնել է ստորագրություն դնել մի փաստաթղթի տակ, որը Հայաստանին այսօր, վաղը և ապագայում կզրկի Ռուսաստանից, Իրանից, կամ երրորդ այլ երկրից ռազմական օգնություն ստանալու հնարավորությունից։

«Եթե պատերազմ սկսեց, մեր հույսը պետք է լինի միայն մեր Զինված ուժերը, այլ պետությունից զինված աջակցություն չենք կարող ակնկալել»,- ասաց Գրիգոր Բալասանյանը՝ հիշելով 44-օրյա պատերազմի ժամանակ եղած իրականությունը, երբ Փաշինյանը խնդրել էր ռուսական կողմին ռուսական դրոշներ տեղադրել Սյունիքում, որպեսզի ադրբեջանական զորքը չմտնի Սյունիք։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս