
«Մեր մշակած տեխնոլոգիաները նոր խոսք էին ոչ միայն մեր ոլորտում, այլև համաշխարհային մակարդակով»․ Նարինե Ավետիսյան

Հայկական մանրանկարչության դրվագներ, Աստվածաշնչյան պատկերներ, ազգային ու համաշխարհային արվեստի նմուշներ՝ այս ամենը միահյուսվում են խեցեգործ-դիզայներ Նարինե Ավետիսյանի աշխատանքներում։ Իսկ նրա աշխատանքները, ի դեպ, այսօր աշխարհի տարբեր անկյուններում են՝ համալրելով նաև նշանավոր մարդկանց անձնական հավաքածուները։
168.am-ը զրուցել է դիզայներ, «LAGUZ STUDIO»-ի համահիմնադիր ու art տնօրեն Նարինե Ավետիսյանի հետ։
– Մասնագիտական կողմնորոշումդ մանկական երազա՞նք էր, թե՞ ընտանեկան միջավայրի ծնունդ։
– Իմ մասնագիտական կողմնորոշումը եղել է մանկական երազանք, որը, այո, ձևավորվել է ընտանեկան միջավայրում․ ծնողներս նախագծող ինժեներներ են եղել։ Հայրս, բացի իր հիմնական աշխատանքը, զբաղվում էր նկարչությամբ ու փորագրությամբ։ Նա տարբեր ինստիտուտների համար ոչ միայն տեխնիկական, այլև մշակութային նշանակություն ունեցող գործեր էր նախագծում։ Հորս արվեստը միշտ ներշնչել է ինձ և դարձել է արվեստի իմ նախնական դպրոցը ոչ միայն նկարչության, այլև փորագրության առումով։
Ծնողներս իմ մեջ դաստիարակեցին խորը հարգանք արվեստի և տեխնիկայի համադրության նկատմամբ։ Հետագայում, բացի արվեստից, ես ուսումնասիրեցի նաև նախագծում և տեխնիկակական ստեղծագործություններ, որոնք շատ նպաստեցին և կարևոր դեր ունեցան իմ ստեղծագործական կյանքում։
Ես երախտապարտ եմ ծնողներիս, ես նրանցից եմ ստացել արվեստի առաջին դասերը, արվեստի հանդեպ սերն ու ոգևորությունը, իսկ մասնագիտական բարձրագույն կրթություն արդեն ստացա Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում։
– Արվեստում ինչպե՞ս հայտնվեցիր։
– Ես միայն հասուն տարիքում հասկացա, որ արվեստում եմ, հասկացա նաև, որ դա պատահականություն չէր։ Նկարել սկսել եմ փոքր տարիքից․ նկարում էի ամեն ինչ, որ շրջապատում էր ինձ՝ բնություն, առարկաներ, դիմանկարներ։ Սակայն, որքան ինձ հիշում եմ, տեսածս երբեք ստանդարտ՝ իր իրական, իսկական տեսքով չէի վերարտադրում։
Նկարելն ինձ համար երբեք ինքնանպատակ, պարզապես նկարելու միջոց չի եղել, դա միջոց էր իմ առանձնահատուկ տեսանկյունը կերտելու, կերտելու իրականություն, որը գոյություն ունի նաև հոգուս խորքում։ Հենց իմ մեջ ապրող այս արվեստով էլ ես հայտնվել եմ արվեստում։
– Ի՞նչն է քեզ ներնչում ստեղծագործելիս։
– Ինձ շրջապատող ամեն բան և յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ ներշնչանքի աղբյուր։ Ամեն ինչի և բոլորի հանդեպ անկեղծ ու սիրով լի վերաբերմունքն ինքնին դրդում և ուղղորդում է դեպի ստեղծագործական նոր գործընթաց։
Արվեստը սահմաններ ու պարտադրանք չի ճանաչում, ներշնչանքը կարող է ծնվել ամենափոքր ու անսպասելի մանրուքներից։ Կարևորն այն է, թե ինչպես ես դու զգում աշխարհը, ինչով ես լցվում և ինչպես ես դա արտահայտում քո ստեղծագործության մեջ։
– Ո՞րն է քո ամենասիրելի աշխատանքը, որն առանձնացնում ես։
– Իմ ամենասիրելի աշխատանքն իմ բոլոր ստեղծագործություններն են, քանի որ դրանցից յուրաքանչյուրում ես ներդրել եմ նույնքան և նույնաչափ զգացմունք, նվիրում և կատարյալի ձգտում։ Յուրաքանչյուր գործ իմ ապրումների, որոնումների և ստեղծագործական ուղու արտացոլանքն է, և ես նրանց վերաբերվում եմ հավասար սիրով ու անկեղծությամբ։ Դժվարանում եմ առանձնացնել։
– Գեղանկարիչ-դիզայներ Նարինե Ավետիսյանն ինչո՞ւ որոշեց զբաղվել խեցեգործությամբ։
– Աստծո կամոք ու ճակատագրի թելադրանքով ես հայտնվեցի մի միջավայրում, որտեղ մտածողությունը դուրս էր ստանդարտ ձևաչափերից, որտեղ սովորելու, ազատ ստեղծագործելու և նորամուծությունների համար մեծ հնարավորություններ կային։ Այդ միջավայրն ինձ թույլ տվեց զարգացնել սեփական ոճս, փորձարկել նոր տեխնիկա, նոր մոտեցումներ։
Այդ միջավայրը LAGUZ studio անունով խեցեգործության արվեստի աշխարհն էր, որն իր մեջ ներառում էր և արտադրություն, և տեխնիկա, և նկարչություն։ Դա մի գայթակղիչ ու հրաշքներով լի աշխարհ էր, որն իր պահանջներն էր թելադրում՝ ստեղծելով նորի ու ավանդականի համադրությամբ անսովոր, որակյալ, գեղեցիկ և պահանջված արվեստի գործեր։
– Խեցեգործությունը Ձեզ համար ստեղծագործական նոր ոլորտ էր, ո՞վ էր Ձեր ուսուցիչը։
– Այս ոլորտում ես պատիվ եմ ունեցել սովորելու և համագործակցելու մեծ նկարիչ, ստեղծող և ինքնատիպ մտածող Գևորգ Եղիազարյանի հետ: Մեր համատեղ ստեղծագործական և փորձագիտական ճանապարհը տևեց 23 տարի՝ ընթացքում անցնելով ու հաղթահարելով բազում մարտահրավերներ, բացահայտելով նոր հորիզոններ և խորացնելով մեր մասնագիտական հմտությունները:
Այս երկար ու բարդ ուղու, անդադար աշխատանքի և ստեղծագործական որոնումների շնորհիվ մեզ հաջողվեց ոլորտում բազմաթիվ նորամուծություններ իրականացնել և զարգացնել նոր տեխնոլոգիաներ:
Համարձակ կարող եմ ասել, որ մեր մշակած մեթոդները և տեխնոլոգիաները ոչ միայն նոր խոսք էին մեր ոլորտում, այլև համաշխարհային մակարդակով նորություն էին, որոնք անպայման բացեցին նոր հնարավորություններ ու նոր հեռանկարներ, ու որոնց շնորհիվ էլ մեր ստուդիան վաղուց արդեն արժանացել է ճանաչման ու բարձր գնահատանքի։
– Խեցեգործությունը նաև ազգային մշակույթի մաս է․ ինչո՞վ է առանձնանում հայկական խեցեգործությունը։
– Հայկական խեցեգործությունն առանձնանում է իր ինքնատիպ տեսքով, ձևերով և յուրօրինակ վառ գույներով, որոնց համադրությունը բնորոշ է մեր ազգային արվեստին։
Ամենակարևորը, որ փոխանցում է այս արվեստը, մեր ազգային ինքնությունն է՝ մեր առանձնահատուկ տեսակն ու պատմությունը։ Զարդապատկերների և գույների միջոցով խեցեգործությունը պատմում է մեր նախնիների մշակույթի, ավանդույթների ու արժեքների մասին՝ ստեղծելով մի հեքիաթային աշխարհ, որտեղ յուրաքանչյուր ստեղծագործություն կրում է դարերի խորքից եկող խորհուրդն ու հոգևոր ժառանգությունը։