
AirPods-ը կկարողանա իրական ժամանակում թարգմանել զրուցակցի խոսքն այլ լեզվով

Apple ընկերությունը նախատեսում է AirPods ականջակալներին նոր գործառույթ ավելացնել, որը թույլ կտա իրական ժամանակում թարգմանել զրուցակցի խոսքն այլ լեզվով։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով տեխնոլոգիական ոլորտի իր աղբյուրներին։
Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանի տեղեկություններով՝ նոր գործառույթը կներառվի AirPods-ի ծրագրային ապահովման թարմացման շրջանակում և կներկայացվի ավելի ուշ՝ 2025 թվականին։ Այն անմիջականորեն կապված կլինի iOS 19-ի՝ iPhone-ների համար նախատեսված օպերացիոն համակարգի նորացված տարբերակի թողարկման հետ։
Գուրմանը նշում է, որ այս գործառույթը օգտատերերին հնարավորություն կտա զգալ իրենց «Աստղային ճանապարհ» (Star Trek) գիտաֆանտաստիկ սերիալի տիեզերագնացների դերում։ Օրինակ՝ եթե անգլերեն խոսող անձը լսի իսպաներեն խոսք, iPhone-ը կթարգմանի այն և AirPods-ի միջոցով կհաղորդի անգլերենով։ Նույն կերպ՝ անգլերենից իսպաներեն կամ այլ լեզուների միջև խոսակցությունները կթարգմանվեն առանց ուշացման՝ օգտատիրոջ համար ստեղծելով իրական ժամանակում հաղորդակցվելու հնարավորություն։
Apple-ը հրաժարվել է մեկնաբանել այս նոր հնարավորությունը։
Bloomberg-ը հավելում է, որ AirPods-ի թարմացվող թարգմանության գործառույթը հանդիսանում է Apple-ի ծրագրային ապահովման լայնածավալ արդիականացման մի մասը, որը նախատեսված է 2025 թվականին։
Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ Apple-ը նախատեսում է iPhone-ի, iPad-ի և Mac-ի ինտերֆեյսում էական փոփոխություններ կատարել՝ ամբողջովին վերափոխելով օպերացիոն համակարգերի արտաքին տեսքը։
Apple-ի մրցակից ընկերություններն արդեն իսկ թողարկել են նմանատիպ գործառույթներով ականջակալներ։ Google Pixel Buds ականջակալներն, օրինակ, արդեն ունեն խոսքը իրական ժամանակում թարգմանելու հնարավորություն։