
Մեծ Բրիտանիայի վարչապետն Ուկրաինայի հարցով վիրտուալ գագաթնաժողով կանցկացնի

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն Ուկրաինայի հարցով առցանց միջազգային գագաթնաժողով կանցկացնի։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է բրիտանական կառավարության ղեկավարի ներկայացուցիչը։
Նա տեղեկացրել է, որ վիրտուալ գագաթնաժողովը տեղի կունենա մարտի 15-ին։ Այն կլինի մարտի 2-ին Լոնդոնում Սթարմերի կողմից կազմակերպված հանդիպման տրամաբանական շարունակությունը:
Մարտի 2-ին Լոնդոնում տեղի է ունեցել Ուկրաինային օգնության գագաթնաժողով, որին մասնակցել են 18 պետությունների ու ասոցիացիաների ներկայացուցիչներ։ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հիմնականում հավաքվել են եվրոպական երկրների ղեկավարները։
Հանդիպումից հետո Սթարմերը խոստացել է պետությունների կոալիցիա կազմել Կիևին աջակցելու համար: Քաղաքական գործիչը խոստովանել է, որ ոչ բոլոր եվրոպական երկրներն են պատրաստ միանալ այդ միությանը։