
Հայաստանը կկարողանա թեփուկավոր ձկներ, խավիար և ձկնկիթ արտահանել Եվրամիության անդամ երկրներ

Հայաստանը 2025 թվականի մարտի 16-ից սկսած պաշտոնապես իրավունք ունի սկսել բարձրորակ ջրային կուլտուրաների` թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքի (խավիար և ձկնկիթ) արտահանումը Եվրոպական միության երկրկեր։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԵՄ դեսպանությունը։
Նշվում է, որ այս հնարավորությունը սահմանվել է նոր ընդունված Եվրոպական հանձնաժողովի իրականացման կանոնակարգի (ԵՄ) 2025/354-ի համաձայն, պայմանով, որ արտահանող տնտեսավարողները պետք է գրանցված լինեն ԵՄ «TRACES» համակարգում:
«Չնայած Հայաստանը չունի ելք դեպի ծով, այդուհանդերձ, ձկնաբուծության ոլորտը բավականին զարգացած է, և այն խստորեն վերահսկվում է Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից։ Վերջինիս հետևողական ջանքերի շնորհիվ, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի Առողջապահության և սննդի անվտանգության գլխավոր տնօրինության (SANTE) գործընկերների աջակցությամբ է, որ թույլտվության տրամադրման ուղղությամբ մի քանի տարի ընթացքող տեխնիկական գործընթացը հաջողությամբ ավարտվեց։
Այս կարևոր իրադարձությունը նշանակալի քայլ է Հայաստանի տնտեսական բազմազանեցման ուղղությամբ, որը նոր հնարավորություններ կստեղծի աճի և համաշխարհային համագործակցության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։