Մեր իշխանությունների մեղավորությունն է. թող պայքարեն-բերեն մեր գերիներին, մեղք են, տանջվում են. Հարցում

«Մենք բանակցություններում բոլոր այդ հարցերը բարձրացնում ենք։ Ընդ որում, բարձրացնում ենք Ադրբեջանի հետ բանակցություններում։ Այդ ուղղությամբ արվում են, գործադրվում են ջանքեր, որոնք չեն երևում։ Քանի դեռ արդյունք չեն տվել, չեն երևում։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ գործիքներ ունենք իրատեսորեն, որ կարող ենք օգտագործել, և արդյո՞ք այդ գործիքները չեն օգտագործվում»,- Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների մասին լրագրողների հարցադրումներին ի պատասխան՝ այս մասին այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ գերիների խոշտանգումների մասին տեղեկություններն արդեն իսկ բացահայտ են։

Ադրբեջանական բանտերում, ըստ ադրբեջանական կողմի պնդման, 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։

Գերեվարվածների շարքում են Արցախի նախկին պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել։

Հայ գերիների վերադարձի պահանջով Հայաստանում ու Սփյուռքում տասնյակ բողոքի միջոցառումներ են իրականացվել, նախօրեին ևս մի քանի ցույցերով քաղաքացիներն ահազանգ հնչեցրին ոչ միայն միջազգային կառույցներին, այլև հենց Հայաստանի իշխանություններին։

Կարդացեք նաև

Բողոքի ակցիաներին մասնակցող քաղաքացիներից շատերը համոզում էին հայտնում, որ ՀՀ իշխանությունները գերիների վերադարձի հարցով բավարար չափով աշխատանքներ չեն իրականացնում։

Ի դեպ, այս թեմայի շուրջ 168am-ի հարցմանն արձագանքելով՝ նման մտահոգություններ հայտնեցին նաև այլ քաղաքացիներ։

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցով Հայաստանի իշխանություններն, ըստ Ձեզ, բավարար աշխատանքներ տանո՞ւմ են՝ մեր հարցադրմանն ի պատասխան՝ քաղաքացիներից մեկ բացասական արձագանքեց, ապա հստակեցրեց, թե ինչ պետք է անեին իշխանությունները․

«Նախ Արցախը չպետք է ճանաչվեր Ադրբեջանի մաս․ երբ Արցախը ճանաչում ես Ադրբեջանի մաս, այդ մարդիկ դառնում են հանցագործ։ Հասկացաք, չէ՞, ինչ պետք է անի իշխանությունը, առնվազն պետք է հետ վերցնի իր այդ խոսքերը, ամո՛թ է»։

«Այս պահին Հայաստանում այդ իշխանությունը չկա, որ վերադարձնի գերիներին․ միայն իշխանափոխությունից հետո հնարավոր կլինի։ Դրանից հետո մարդիկ կկարողանան պետական ուժերով, տարբեր երկրների հետ երկխոսելով՝ ճնշումներ իրականացնել Ադրբեջանի վրա։ Մինչև ճնշում չլինի Ալիևի վրա, Ալիևը երբեք հետ չի կանգնելու»,- հավելեց մեկ ուրիշը։

Իշխանափոխության անհրաժեշտության մասին նշեց նաև մեկ այլ քաղաքացի՝ նկատելով․

«Նաև պետք է հասկանանք՝ ով պետք է այդ պատասխանատվությունը ստանձնի, ո՞նց եղավ՝ այդքան մարդ գերեվարվեց։ Ամեն անգամ այսպիսի պատմություններ էին լինում, հետո եթերներով ասում էին՝ Ադրբեջանն այսպես արեց, այնպես արեց․․․  Ադրբեջանը չի՛ փոխվելու, միգուցե պետք է իշխանությո՞ւնը փոխվի, ուժային կառույցներո՞ւմ ճիշտ մարդիկ լինեն, որպեսզի նման դեպքեր չլինեն։ Մեկը պետք է պատասխանատվություն ստանձնի՞, թե՞ ոչ»։

«Հարկավոր է ամբողջ աշխարհին հայտնել, ՄԱԿ-ին դիմել․ չի՛ կարելի թողնել բարձիթողի», «Մեր իշխանությունների մեղավորությունն է, որ չեն կարողանում մեր գերիներին հետ բերել։ Թող պայքարեն-բերեն, մեր գերիներին հասցնեն մեր հայրենիք, մեղք են, տանջվում են․ այդքան ցավի տեր են դարձել, ո՞վ է տիրություն անում՝ ոչ մեկը»՝ հնչեցին նաև այսպիսի մտահոգություններ։

Ավելի վաղ նշել էինք՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարել էր՝ Ռուբեն Վարդանյանի կյանքը վտանգված է։

Հիշեցնենք՝ իր նկատմամբ ապօրինությունների դեմ բողոքող նախկին պետնախարարը փետրվարի 18-ին հացադուլ է հայտարարել, օրեր անց՝ դատավարության լուսանկարները փաստում էին՝ Ռուբեն Վարդանյանը ոչ միայն հյուծված էր, այլև դեմքին նկատելի էին հետքեր։

Հայաստանի իշխանություններն արձագանքելով այս դրվագներին՝ ԱԳՆ մակարդակով նախօրեին «խորը մտահոգություն» են  հայտնել 23 անձանց նկատմամբ «դատավարություններից» տեսաձայնագրություններ և լուսանկարներ ներառող հրապարակումների վերաբերյալ, նշյալ անձանց՝ ներառյալ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանների կողմից հրապարակայնացվող տեղեկությունների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս