
ՍԴ դատավորները երաշխիքներ են ուզում… Ինչի՞ց առաջ… Ինչո՞ւ հենց հիմա հարուցվեց Էդգար Ղազարյանի վերաբերյալ քրեական վարույթը

Սահմանազատման և սահմանագծման կանոնակարգի սահմանադրականության հարցի քննարկումը փորձաքար դարձավ սահմանադրական իրավունքի և իրավունքով զբաղվող անձանց համար:
Բայց առողջ քննարկումը հունից հանեց բացառապես Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշ դատավորների, որոնց թվում էր, որ այդ պաշտոնին նշանակման պահից իրավունքից ու իրավաբանությունից կարող են միայն իրենք զրուցել թեյի սեղանի շուրջը, իսկ մնացածը կարող են բացառապես հիանալ տարբեր իշխանական տաղավարներում այդ ճամարտակությունները լսելիս և զարմանան, թե ինչպես դատավորի երդումից հետո ՍԴ դատավոր դարձած անձը մեծահոգաբար ներել է իրեն քրեական հետապնդման ենթարկող դատախազին, սակայն բարձրացնում է իրեն հրապարակավ քննադատող հանրային գործչին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Մի քանի զեկուցողով և մի քանի հատուկ կարծիքով հայտնի որոշումից հետո ՍԴ դատավորների փորձերը՝ հարցազրույցներով բացատրելու, թե ինչի մասին է իրենց որոշումը, իրենք ոչ մեկից չեն վախենում, գիշերներն էլ կարող են դուրս գալ, անվախ են, արդեն ծիծաղելի էին դարձել, որովհետև եթե իրավաբանական հանրությունն է կասկածի տակ դրել երկրի համար լուրջ նշանակություն ունեցող որոշման բովանդակության գոյությունը, իսկ երկու դատավոր էլ հատուկ կարծիքի միջոցով փորձում են պարզաբանել որոշման իմաստը, ապա ակնհայտ է, որ ՍԴ աշխատակազմի սպառնալիքը՝ Քրեական օրենսգրքի պատիժներով, չէր կարող ազդեցություն ունենալ իրավաբանների դիրքորոշման վրա: Սպառնալիքը, ի դեպ, ստորագրված չէ որևէ մեկի կողմից:
ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի բովանդակությունը
Իսկ ընդհանրապես ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի բովանդակությունը, որով հանցավոր արարք է մեղսագրված հանրային-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին, բավականին հետաքրքիր է և ունի այնպիսի բովանդակություն, որն ուղղակի կախված է դատավորի բարձր առաքելություն իրականանցող անձին առաջադրվող պահանջների պահպանման հանգամանքից:
Եթե հաշվի առնենք այդ չափանիշները, ապա պետք է ունենանք անբասիր վարքի տեր դատավորներ և այդ հանգամանքը կասկածի տեղիք չպետք է տա որևէ մեկի կողմից: Սակայն այդ հարցն ունի նաև մեկ այլ կողմ. քրեական վարույթի ընթացքում պետք է ստուգվի նաև այդ անբասիրությունը, որպեսզի պարզվի, թե տարածված տեղեկությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ: Եվ եթե տարածվել են այնպիսի տեղեկություններ, որոնք չնայած արատավորող են, բայց համապատասխանում են իրականությանը, ապա նման դատավոր չպետք է լինի դատական իշխանությունում:
Այսպես՝ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է սահմանում`
դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի կամ նշված անձանց մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության կամ բացառապես դատավոր, դատախազ, քննիչ, քննչական մարմնի ղեկավար, հետաքննության մարմին, փաստաբան, ներկայացուցիչ, փորձագետ կամ հարկադիր կատարող կամ նշված անձանց մերձավոր ազգական կամ մերձավոր կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվող լինելու հանգամանքի հետ:
Իսկ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է սահմանում՝
հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը կամ նշված անձանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ:
Այսինքն՝ պահպանվող օբյեկտը նշված անձանց արատավորող կամ իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկությունների հրապարակումն է, կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը:
Ըստ էության, ի տարբերություն այլ անձանց` Քրեական օրենսգրքի այս հոդվածը այս անձանց համար սահմանել է նաև պատվի, արժանապատվության, անձնական կյանքի պաշտպանության այլ մակարդակ, դա տարածելով նաև իրենց հետ կապված այլ անձանց վրա, որովհետև քաղաքացիաիրավական պաշտպանության դեպքում հնարավոր է այս սուբյեկտների մասնագիտական գործունեության խաթարում: Սակայն դա բոլորովին չի նշանակում, որ այս սուբյեկտների արարքները պետք է անվերահսկելի ու ծածուկ լինեն ընդհանրապես և քրեական օրենքի պաշտպանության քողի տակ զերծ մնան հանրային վերահսկողությունից:
Ո՞վ է Վահե Գրիգորյանը

Judge of the Constitutional Court of Armenia Vahe Grigoryan
Այսինքն՝ Քրեական օրենսգրքի այդ հոդվածում նշած սուբեկտների վերաբերյալ արատավորող տեղեկություն չպետք է լինի ի սկզբանե, և տարածվող տեղեկությունը պետք է ունենա զրպարտության և վիրավորանքի հատկանիշներ:
Տվյալ դեպքում ակնհայտ է, թե ինչպես է Վահե Գրիգորյանը դարձել ՍԴ դատավոր: Տեղեկատվական դաշտում հրապարակումներ են եղել, թե ինչ ճնշումների է ենթարկվել Հանրապետության նախագահը վերջինիս թեկնածության՝ նորից ներկայացման պարտադրանքի հետ կապված, թե ինչպես էին իշխանական պատգամավորները հիացած հանրային գերակա շահ ճանաչված տարածքներում ՍԴ դատավորի թեկնածուի և կարմիր բերետավորների մենամարտերով, թե ինչպես է դատավոր ընտրվելուց հետո վերջինս որոշել, որ ինքը ՍԴ նախագահն է, քանի որ Դիլանյանը բացակայում է:
Մի որոշ ժամանակ հետո էլ նույն անձը, որն անընդհատ խոսում էր դատավորի երդման ու բարձր առաքելության մասին, մեկ տարուց ավելի չաշխատելով, աշխատանքի չգալով ու աշխատավարձ ստանալով, ՍԴ դատավորի բարձր պաշտոնի ընձեռած այլ բարիքներից լիուլի օգտվելուց հետո սկսեց մասնակցել դատարանի նիստերին և նույնիսկ նշանակվեց դատարանի նախագահի տեղակալ:
Ամբողջ հանրությունն էլ գիտեր, որ ինքնահռչակ դատարանի նախագահի թռիչքը պայմանավորված է ընդամենը Նիկոլ Փաշինյանի փաստաբանը լինելու հանգամանքով, և այդ հանգամանքն ավելի ցայտուն երևաց ՍԴ հետագա աշխատանքներում, երբ ակնհայտ էին վերջինիս քաղաքական համակրանքներն ու նախասիրությունները, հատկապես, երբ մասնակցում էր քաղաքական հակառակորդի գործով դատավարությանը:
Դե հիմա փորձենք հասկանալ, թե ինչ արատավորող տեղեկություններ կարելի է ասել այս մարդու մասին, երբ մի բան էլ ավել ինքն է ամեն ինչ ասել ու արել:
Ի՞նչ կարելի է ասել այս դատավորի մասին, երբ համապետական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով ԿԸՀ ներկայացուցիչը ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով ներկայացրել էր նախորդ ընտրությունների վիճարկման դիմումի պատասխանի հիմքերը (դիմողների ներկայացուցիչը եղել է այս դատավորը (Վահե Գրիգորյանը.- Գ.Ս.), ու այս դատավորը կողմ է քվեարկել նույնանման հիմքերով դիմումի մերժմանը:
Պարզ է, որ ուղղակի առնչվում ենք մի անձի արժեհամակարգի հետ, ով չի դիմանում իշխանական համակարգում ստացած ազդեցության բեռին և ունենալով օրենսդրական արգելք՝ նույն կերպ քննադատում է դատական համակարգը՝ պահանջելով ի պաշտոնե հարգանք իր նկատմամբ:
Իսկ թե ինչպես Վահե Գրիգորյանը դարձավ ՄԻԵԴ-ում Հայաստանից ընտրված դատավոր, 168.am-ն արդեն անդրադարձել է:
Ի՞նչ խնդիր է լուծվում այս քրեական վարույթով, և ովքե՞ր են այս վարույթի շահառուները
Ակնհայտ է, որ Վահե Գրիգորյանի ազդեցությունն այս դատարանում իշխող քաղաքական ուժի կողմից ընտրված դատավորների վրա պայմանավորված էր ոչ թե վերջինիս մասնագիտական ունակություներով, այլ տվյալ քաղաքական ուժի ղեկավարի հետ ունեցած անձնական մտերիմ հարաբերություններով` դրանից բխող բոլոր դրական ու բացասական հետևանքներով:
Հետևելով քաղաքական զարգացումներին՝ ակնհայտ է դառնում, որ ինչպես ՍԴ, այնպես էլ հակակոռուպցիոն, քրեական և վարչական արդարադատություն իրականացնողներին առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ` կապված դատախազության իրավական ֆանտազիաների և տեսիլքների իրականացման հետ, որը բերելու է ոչ միայն պրոֆեսիոնալ վարկաբեկման, այլ նաև հանրային պարսավանքի դրսևորումների: Եվ եթե համակարգում շատերը համակերպվել են մասնագիտական վարկաբեկման հետ ապրելուն, ապա հանրային պարսավանքն անհնարին կդարձնի այդ մարդկանց մերձավորների և հարազատների բնականոն կյանքը:
Պետք է նկատենք, որ դատական համակարգի ճնշող մեծամասնությունը չի ապրում Վահե Գրիգորյանի արժեքային համակարգով` այսինքն՝ թքած ունենալով, թե ինչ են մտածում մարդիկ իրենց մասին: Այս դեպքում դժվար կլինի ընդամենն Արարատ Միրզոյանի սանիկ Արման Դիլանյանին՝ համոզել ՍԴ դատավորներին իրավաբանական ակրոբատիկայի հնարքներ անել հանուն քավոր Արարատի, հատկապես, երբ նրա ծեծի գործը չի ավարտվել, և դեռ պարզ չի՝ դա վերջի՞ն ծեծն էր, թե՞ կարող է կրկնվել, չնայած այն տրաֆարետային հայտարարություններին, որ բռնությունը պետք է դատապարտվի: Բռնությունն իսկապես տեղ չպետք է ունենա մեր կյանքում, բայց որքան շատ են այդ մասին խոսում իշխանությունները, այնքան դրանց թիվն ավելանում է:
Առանձնապես համոզիչ չեն կարող լինել նաև Վլադիմիր Վարդանյանի փաստարկներն անձնազոհության մասին, քանի որ նա էլ Ազգային ժողովում խրոխտ ու անհասկանալի վարքագծի պատճառով տուժեց:
Այս առումով բարեհաջող չէ նաև (ԲԴԽ) նախագահի պաշտոնը զբաղեցնող Ղալումյանների եգանի՝ Արթուր Աթաբեկյանի վիճակը: Չնայած Նիկոլ Փաշինյանի քաջալերող այցերին և դատական իշխանության բյուջեի ձևական քննարկման տակ իրականացված քողարկված հրահանգավորմանը, վերջինս ևս դժվարությունների է հանդիպելու անվերապահ հրահանգներ իջեցնելու հարցում:
Ի վերջո, վարչական հսկողության ծավալը որոշվել է ոչ թե կոնկրետ դատավորի վերաբերյալ գործողությունների արգելքով, այլ ընդհանրապես քրեական օրենսգրքի հոդվածի դիսպոզիցիայով, որն ինքն իրենով նոնսենս է, քանի որ անկախ նման որոշումից՝ որևէ մեկն իրավունք չունի կատարել քրեական օրենսգրքով արգելված արարք, իսկ այս դեպքում, եթե նույնիսկ էդգար Ղազարյանը նման արարք էլ թույլ տա, ապա դրա վերաբերյալ պետք է առկա լինի այդ հոդվածում նշված սուբյեկտի դիմում քրեական վարույթ հարուցելու մասին, որից հետո վարչական հսկողություն իրականացնող մարմինը նոր կկարողանա գնահատել, թե արդյո՞ք խախտվել են վարչական հսկողության պայմանները, թե՞ ոչ:
Այս առումով բավականին շահեկան վիճակում է քրեական արդարադատության ավերակների վրա թագավորող Լիլիթ Թադևոսյանի և քրեական պալատի գործունեությունը, որտեղ ոչինչ չի փոխվել անհիշելի ժամանակներից:
Հ.Գ. Էդգար Ղազարյանի հրապարակած տեղեկություններն իրական լինելու դեպքում ի՞նչ պետք է անի քրեական վարույթ իրականացնող քննիչն այդ տեղեկությունների տնօրինման հետ, որովհետև քրեական վարույթում դատավորի վերաբերյալ մեղադրյալի ցանկացած միջնորդություն ու տեղեկություն ենթակա է ստուգման նախաքննական մարմնի կողմից, և ըստ էության պետք է աշխատի Էդգար Ղազարյանի համար: Ինչպե՞ս է գնահատվելու տեղեկության արատավոր լինել-չլինելու հարցը:
Հ.Գ.1. Եթե հետևենք անսպասելի անհետացած ԲԴԽ նախկին նախագահ, համատեղության կարգով՝ հեռուստապրոդյուսեր Կարեն Անդրեասյանի ֆիլմերին, ապա այդ ողջ ստեղծագործական թիմը պետք է գտնվեր քրեական հետապնդման ներքո, որովհետև այնպիսի վարկաբեկում ու արատավորում, որ արել է Կարեն Անդրեասյանը, որևէ լրագրող կամ բլոգեր չէր էլ կարող մտածել, սակայն դատախազական մարմինները կարծես թե հապաղում են, չնայած դատախազները Պանդորայի արկղն արդեն իսկ բացել են, և նույն ռիսկի առաջ է նաև դատավորի վարքագծի նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ունեցող հանրահայտ Սեդա Սաֆարյանը, որը Նաիրա Հովսեփյանի նման դարձել է անպատժելի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Հ.Գ.2. Արմեն Աշոտյանի քրեական գործով ակնհայտ է դարձել, որ դատավորը հասկացել է, թե ինչ տխուր իրավիճակում է հայտնվել:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի քրեական գործով դատավորը թերևս չի հավատում, որ այս գործով ինքն է դատավորը, և փորձում է դատավարության մասնակիցներին ցույց տալ, թե ինչ ուժեղ տղա է ինքը. ինչ խոսք, տրագիկոմեդիա է, անկախ այն բանից՝ դա կգնահատվի արատավորո՞ղ, թե՞ խղճահարություն առաջացնող:
Հ.Գ.3. ԲԴԽ հայտարարության հետ կապված. Դատական ակտերի հրապարակումը դատավորի հիվանդության հետ կապված ուշացնելու դեպքում, եթե հրապարակումն անհնարին է եղել, ապա պետք էր նոր օր նշանակել, այն պահից, երբ անհնարինությունը վերանում է, և ոչ թե հետին ամսաթվով դատավարական գործողություն կատարել: Առհասարակ նման արտոնություն, բացի Նաիրա Հովսեփյանից, այլ դատավոր չունի. տես վերջին կարգապահական վարույթը:
Հ.Գ.4. Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկացանք, որ Էդգար Ղազարյան վերաբերյալ հարուցված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: