Թմրահանցագործության մեղադրանքով Վրաստանում ձերբակալվել է 84 մարդ
Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ թմրահանցագործության մեղադրանքով ձերբակալվել է 84 անձ. այս մասին, ըստ aliq.ge-ի՝ հայտնել է Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Դավիթ Կիկնաձեն։
Նախարարության փոխանցմամբ՝ ձերբակալվածների թվում կան ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա պետությունների քաղաքացիներ։
Մեղադրյալներին բացահայտելու նպատակով, դատավորի որոշման հիման վրա իրականացվել են մի շարք գաղտնի քննչական գործողություններ, այդ թվում՝ թմրամիջոցների հսկիչ գնում, այդ գործընթացի գաղտնի աուդիո-տեսաձայնագրում, նաև անձնական, բնակարանների և ավտոմեքենաների խուզարկություններ։
Քննության վարկածով՝ ձերբակալված անձինք տարբեր մեթոդներով պարբերաբար իրացրել են թմրամիջոցներ։
Իրավապահները որպես իրեղեն ապացույց առգրավել են առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, այդ թվում՝ հերոին, կոկաին, մեթադոն, բուպրենորֆին և մարիխուանա։
Բացի թմրամիջոցներից, ոստիկանությունն առգրավել է նաև հրազեն և ռազմամթերք, թմրանյութերի փաթեթավորման համար անհրաժեշտ պարագաներ և, ենթադրաբար, իրացման արդյունքում ստացված գումար։
Ըստ ՆԳՆ-ի՝ կանխվել է նաև երկիր թմրամիջոցների ապօրինի ներկրման փաստ։ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացի, և անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ավելի քան 2500 հաբ «բուպրենորֆին» պարունակող դեղամիջոց։
Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով (260-րդ, 261-րդ, 262-րդ և 236-րդ)` թմրամիջոցների ապօրինի պատրաստում, ձեռքբերում, պահում, իրացում և զենքի ապօրինի տիրապետում։
Հանցանքը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։



