Զելենսկիի այցը Երևան՝ Մոսկվայի ու Թեհրանի ուշադրության կենտրոնում․ ինչպիսի՞ արձագանքներ կլինեն

Մայիսի 4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին կհաջորդի Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5-ին։ Օրերս Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում է Հայաստանում, այդ թվում` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

Ավելի վաղ 168am-ը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, գրել էր, որ Զելենսկին կժամանի Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի մայիսյան գագաթնաժողովին: Հատկանշական է, որ մի քանի օր առաջ նա եղել էր Ադրբեջանում։ Մի շարք գնահատականների համաձայն, Ադրբեջան այցը պայմանավորված էր ՀՀ այցի պարիտետը պահպանելու անհրաժեշտությամբ։

Նշենք, որ մայիսի 4-ին Երևանում տեղի կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հիմնած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին կհաջորդի մայիսի 5-ին Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը։ Այդ օրերին Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Մայիսի 3-5-ը Հայաստանում կլինի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա կմասնակցի Եվրոպական երկրների ղեկավարների գագաթնաժողովին, ինչից հետո կմեկնարկի նրա պետական այցը Հայաստանի Հանրապետություն:

Կարդացեք նաև

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի սպասվող այցը Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, դուրս է զուտ արարողակարգային դաշտից և ունի բազմաշերտ քաղաքական նշանակություն՝ հատկապես հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունների համատեքստում։ Հայաստանի կողմից Զելենսկու ընդունումը Մոսկվայում, ամենայն հավանականությամբ, ընկալվելու է ոչ թե որպես չեզոք դիվանագիտական քայլ, այլ որպես որոշակի աշխարհաքաղաքական ազդակ։ Այդ տրամաբանության մեջ Զելենսկու ներկայությունը Երևանում կարող է դիտարկվել որպես Հայաստանի՝ արևմտյան հարթակներին ավելի տեսանելի ինտեգրման հերթական դրսևորում։

Միևնույն ժամանակ, Երևանը փորձում է ցուցադրել «բազմավեկտոր» արտաքին քաղաքականություն՝ չխզելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ակտիվացնելով, խորացնելով քաղաքական կապերը եվրոպական կառույցների և Արևմուտքի հետ։ Երևանի այս ձգտումները արժանացել են Մոսկվայի մի շարք ուղերձների, ազդակների, զգուշացումների, իսկ այժմ արդեն՝ տնտեսական «պատժամիջոցների» նմանվող քայլերի։

Ռուսաստանը սկսում է կոշտ արձագանքել նման «բազմավեկտորության» դրսևորումներին, հատկապես այն երկրներից, որոնք ավանդաբար դիտվել են իր ազդեցության գոտում։ Հետևաբար, եթե Երևանը փորձում է ներկայացնել այցը որպես բազմակողմ հարթակի շրջանակում նորմալ դիվանագիտական շփում, Մոսկվան դա մեկնաբանելու է, որպես քաղաքական հեռացման հերթական դրսևորում։

Վերջին տարիներին արդեն նկատվում է վստահության ճգնաժամ Երևանի և Մոսկվայի միջև։ Զելենսկու այցը կարող է խորացնել այդ ընկալումը, հատկապես ռուսական մեդիա-դիսկուրսում։

Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ունի ազդեցության կոնկրետ գործիքներ՝ գազ, էներգետիկ համակարգ, աշխատուժի շուկա, բիզնես, ուստի ճնշումներ հնարավոր են, հաշվի առնելով, որ արդեն հայաստանյան բիզնեսը սկսում է խնդիրների բախվել Ռուսաստանում։ Զելենսկու այցը Հայաստան, ամենայն հավանականությամբ, չի առաջացնի հայ-ռուսական հարաբերությունների կտրուկ խզում, սակայն այն կդառնա հերթական ազդակը՝ խորացող անվստահության և աշխարհաքաղաքական տարբեր վեկտորների բախման գործընթացում։

Վլադիմիր Զելենսկիի այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակում, Մոսկվայի կողմից բարձր հավանականությամբ կընկալվի ոչ թե որպես բազմակողմ ձևաչափի տեխնիկական դրվագ, այլ որպես քաղաքական դիրքորոշման ցուցիչ։ Ռուսաստանի արտաքին քաղաքական մտածողության մեջ Ուկրաինայի հարցը ունի համակարգային նշանակություն, և Զելենսկու հետ կապված ցանկացած դիվանագիտական ակտիվություն դիտարկվում է այդ լայն հակադրության համատեքստում։

Այս պայմաններում Ռուսաստանի արձագանքը կարող է ունենալ կոշտ բնույթ՝ հատկապես հռետորաբանության և քաղաքական ազդակների մակարդակում։

Չի բացառվում նաև, որ այս այցը որոշակի արձագանքներ ստանա Իրանի Իսլամական Հանրապետությունից, քանի որ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի ընթացքում Վլադիմիր Զելենսկին աչքի է ընկել իր խիստ հակաիրանական դիրքորոշումներով ու հայտարարություններով՝ հայտնվելով Իրանի ղեկավարների ուշադրության կենտրոնում։ Իսկ թե ի՞նչ է ստանում ՀՀ իշխանությունը ադրբեջանամետ Զելենսկիին ընդունելով, բարդ է ասել։ Գուցե եվրոպաշտոնյաները հերթական անգամ համոզվեն, որ ՀՀ իշխանությունները եվրաինտեգրացիայի իրենց հանձնառության հարցում հաստատակամ են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031