Ինչքան մարդ պետք է զոհվի, որ ի վերջո Հայաստանում մարդկանց գլուխները մտնի՝ խոշոր տերությունների սահմանած կանոնների հետ «գեղցու աֆերիստությամբ չեն վարվում». Միհրան Հակոբյան

Պատմաբան Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ժողովրդի ծափերի ներքո Նիկոլի փորած աշխարհաքաղաքական փոսից դուրս գալու համար նախ պետք է հստակ արձանագրել ու գիտակցել, որ շատ խորը և համապարփակ աշխարհաքաղաքական փոսում ենք, հետո հասկանալ ու ընկալել միջավայրը, իրողությունները և փոսից դուրս գալու ելքերը: Իսկ ահա «պոկվենք Ռուսաստանից, մտնենք ՆԱՏՕ ու երջանիկ ապրենք» քարոզչությունը քննարկելու համար նախ պետք է հասկանալ, թե ինչ է ՆԱՏՕ-ն, ինչի մասին է եղել և ինչի մասին է այսօր:

Միայն պրիմիտիվ առանձյակների աչքում կարող է թվալ, թե ՆԱՏՕ-ն «առաջին աշխարհի դեմոկրատիաների» անվտանգային ակումբ է: Մինչև Սառը պատերազմի ավարտը ՆԱՏՕ-ն ԽՍՀՄ-ի և «Սոցլագերի» հետ դիմակայելու ամերիկյան ռազմաքաղաքական ծրագիր էր: Քանի որ ՄԱԿ-ի կանոնադրությունն ամրագրել էր, որ միջազգային կազմակերպություններ կարելի է ստեղծել միայն տարածաշրջանային հիմունքներով, ամերիկացիները նույնիսկ նոր աշխարհագրական տերմին հորինեցին՝ հյուսիսատլանտյան տարածաշրջան: Մինչև ՆԱՏՕ-ն երբեք նման աշխարհագրական հասկացություն չի եղել: Վարվեցին մոտավորապես այնպես, ինչպես մեր օրերում Դոնալդ Թրամփն է վարվում Մեքսիկական ծոցի հետ: Սա ՆԱՏՕ-ի առաջին իմաստն էր:

ՆԱՏՕ-ի երկրորդ իմաստը Երկրորդ աշխարհամարտի արդյունքում ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների՝ Արևմտյան Եվրոպայի ամերիկյան և Արևելյան Եվրոպայի սովետական օկուպացիայի ինստիտուցիոնալ արձանագրումն էր:

Իրերն անվանեք իրենց անուններով. որպես աշխարհաքաղաքական գործոն՝ Եվրոպան վերացել է 1945-ին, երբ Էլբա գետի վրա ամերիկյան բանակը հանդիպեց սովետական բանակին: Դրա համար էր մի առիթով Քիսինջերը ծաղրում՝ «երբ ասում եք Եվրոպա, Եվրոպայի կարծիք, կասե՞ք՝ ո՞ր համարով զանգահարեմ Եվրոպայի կարծիքն իմանալու համար»: ՆԱՏՕ-ն դարձավ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև բաժանված ազդեցության գոտիների ամերիկյան «պախանության» արձանագրումը:

Արդեն Սառը պատերազմից հետո ՆԱՏՕ-ի բովանդակությունը փոխվեց: Հետսառըպատերազմյան ՆԱՏՕ-ն Գերմանիայի օկուպացիան շարունակելու և Պոտսդամյան համաձայնագրերի կյանքը երկարացնելու մասին է: ՆԱՏՕ-ն է այն գործիքը, որով Ամերիկան շարունակում է գերիշխել ամբողջ Եվրոպայում:

Միաժամանակ, ՆԱՏՕ-ն է այն գործիքը, որով Ամերիկան եվրոպացիներին անվտանգություն է մատակարարում, եթե կուզեք՝ վաճառում: Ինչու՞ է միջուկային ռումբերով զինված 100 հազարանոց ամերիկյան բանակը կանգնած Ֆրանկֆուրտում՝ Գերամիայի՞ն է պաշտպանում, ումի՞ց՝ սլովակների՞ց, թե՞ ավստիացիներից, գուցե բելգիացիների՞ց: Իրականում ամերիկյան բանակը Գերմանիայում է, որպեսզի գերմանացիներն «իրենց խելոք պահեն»: Միաժամանակ, ամերիկյան բանակը Գերմանիայում է, որպեսզի Վաշինգտոնը կարողանա Գերմանիայից անվտանգություն վաճառել մինչև այսօր Գերմանիայից «մրսող» ամբողջ Եվրոպային՝ դրա դիմաց Եվրոպայից ստանալով տնտեսական, քաղաքական ու անվտանգային լոյալություն: Իսկ դրա համար ՆԱՏՕ-ն անհրաժեշտություն է:

Ավելին՝ երբեք չհավատաք հեռուստատեսությամբ գնացող քարոզին, թե Ռուսաստանը դեմ է ՆԱՏՕ-ի գոյությանը: Լոգիստիկ իմաստով ՆԱՏՕ-ից սպառնացող վտանգը արդեն 1950-ականների վերջերից արդիական չէր: Այո, ՆԱՏՕ-ի և դրան ի պատասխան Վարշավյան համաձայնագրի ատեղծումն այդ պահին ռազմական տրամաբանություն ուներ, քանզի ըստ ավանդական ռուսական ստրատեգիայի՝ որքան առաջնագիծը հեռու է սահմաններից, այնքան երկիրն անվտանգ է: Բայց 1950-ականներին հրթիռային և միջուկային տեխնոլոգիաների ի հայտ գալն ամբողջովին փոխեց այդ տրամաբանությունը՝ ՆԱՏՕ-ն և Վարշավյան համաձայնագիրը վերածելով ավելի շատ քաղաքական, քան թե ռազմական ինստիտուտների: Ի՞նչ է, Մոսկվայում չեն հասկանու՞մ, որ եթե ՆԱՏՕ-ն չլինի, այլ կերպ ասած՝ Գերմանիայի ամերիկյան օկուպացիան դադարի, ի՞նչ է տեղի ունենալու: Չե՞ն հասկանում, որ հաշված տարիների ընթացքում Գերմանիան փորձելու է կրկին համախմբել ամբողջ Եվրոպան ու փորձել հերթական «Drang nach osten»-ը: Չհավատաք, թե Ռուսաստանում հաշվել չգիտեն կամ էլ հերթական գերմանական արկածների համար ուշքներն իրենցը չի:

Ահա սա է ՆԱՏՕ-ն, որին անդամակցելու ակնարկներով հայ ժողովրդին փորձում է խաբել Նիկոլի ռեժիմն ու նրա սատելիտ 5-րդ շարասյունը: Ինչքան մարդ պետք է զոհվի նախկին խորհրադային տարածքում, ինչքան կորուստ պետք է մենք ունենանք, որ ի վերջո Հայաստանում մարդկանց գլուխները մտնի՝ աշխարհակարգի, նույն ինքը՝ խոշոր տերությունների սահմանած կանոնների հետ «գեղցու աֆերիստությամբ չեն վարվում», և երկրի ղեկավար Նիկոլի նման թշվառականի չեն նշանակում: Էլ ինչքան մարդ պետք է մահանա, որ հասկանան՝ նախկին խորհրդային հանրապետություններից ով փորձի աշխարհակարգով գծված ճամբարը փոխել, ռուսական մեծ գրդնակ է գրկելու:

Այս երևույթն ինչպես ցանկանում եք՝ անվանեք, դրանից իրողություններն ու հաստատունները չեն փոխվում: Ի վերջո ու՞մ է հետաքրքրում, որ Հունաստանի կամ Բուլղարիայի բնակչության մեծ մասը ոչ թե ռուսամետ է, այլ կոնկրետ պուտինամետ է, կամ Իսպանիայում երազում են նախկին կայսերական ժամանակների մասին: Նույն կերպ ոչ մեկի չի հետաքրքրում, որ ուկրաինացիները կամ վրացիները ցանկանում են (արդեն էին) ՆԱՏՕ-ի անդամ դառնալ: Գծերը գծված են, պայմանավորվածությունները՝ կայացված: Այդպիսին է եղել աշխարհը, կա և դեռ երկար ժամանակ լինելու է: Եվ, ուրեմն. մեր օրերում ով կասի՝ դառնանաք ՆԱՏՕ-ի անդամ, հանգիստ ուղարկեք գրողի ծոցը՝ որպես այս մի թիզ դարձած երկրի ու մի բուռ դարձած ժողովրդի թշնամի»:

Տեսանյութեր

Լրահոս