
Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը նոր դրսևորումներ է ստացել. կեղծ ակնկալիքներ պետք չեն. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ ցեղասպանությունների ճանաչման միջազգայնացման գործընթացը, որը Հայաստանը մի քանի տասնամյակ տարել է, գործող իշխանությունների օրոք անտեսվում է:
«Շատ դեպքերում սահմանափակվում են զուտ սիմվոլիկ, ոչինչ չասող հայտարարություններով, և որպես այդպիսին՝ դրա միջազգայնացման թեման առաջ չի տարվում: Սա այս օրերին հատկապես առանձնանում է նրանով, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը ոչ միայն արտահայտվել է 80-ականների վերջին կամ 90-ականների սկզբին, այլ դա նաև իր արտահայտումն է ստացել 2020թ., 2021-22-ին, և հատկապես՝ 2023թ., որն ըստ էության նաև հանգեցրել է արցախցիների բռնի տեղահանությանը, Արցախի ամբողջական օկուպացիային: Ադրբեջանն իր ցեղասպան վարքագիծը որևէ ձևով չի փոփոխել, և, բնականաբար, այս առումով անելիքները բավականին շատ են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա՝ շեշտելով՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը նոր դրսևորումներ է ստացել:
Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է տարածքային հավակնությունների քաղաքականությունը, որոնք ուղիղ առաջադրում է այն փուլում, երբ թվում է՝ կա որոշակի փաստաթղթերի շուրջ համաձայնության հասնելու գոնե բանավոր տրված ցանկություն. «Օրինակ՝ ադրբեջանական զորամասերում պաշտոնապես կախված են քարտեզներ, որտեղ Սյունիքի, Վայոց ձորի մարզերը, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի մի շարք հատվածները գտնվում են ադրբեջանական ամբողջական վերահսկողության տակ: Այսինքն, եթե մի կողմից կա Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ, որոնք պաշտոնապես արտահայտված են, մյուս կողմից՝ փորձ է արվում ցույց տալ, թե իրենք կողմնակից են խաղաղ բանակցությունների, բնականաբար, դա որևէ ձևով չի կարող մեզ համար անկեղծ դիտվել, և պետք է հաշվի առնել ադրբեջանական քաղաքական ամբիցիաները, որոնք արտահայտվում են մեր տարածաշրջանում և առաջին հերթին՝ Հայաստանի հետ բանակցություններում, և չպետք է կեղծ ակնկալիքներ ունենալ, որ այս իրականության մեջ Ադրբեջանի ձգտումները բացառապես խաղաղության մեջ են»:
Ըստ նրա՝ Ադրբեջանին խաղաղություն պարտադրել կամ որևէ փուլում ադրբեջանական ագրեսիան կանխել հնարավոր է միայն հզոր, մարտունակ բանակի և զարգացող տնտեսության պարագայում:
«Հայաստանի այսօրվա իշխանությունները հնարավորություն չեն տալու Հայաստանին դիրքավորվել այնպիսի հանգրվանային իրադրությունում, որի պայմաններում Հայաստանի Հանրապետությունը կարող է ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը: Ցավոք, վերջին 6-7 տարիները լրիվ հակառակի մասին են խոսել»,- շեշտեց նա:
Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ Բաքվում ընթացող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարություններին՝ նշելով, որ եթե ՀՀ-ն չի ապահովում հայերի անվտանգությունը և թեման միջազգային օրակարգի քննարկման հարց չի դարձնում, դա ավելի իջեցնում է գործընթացի վրա էֆեկտիվ ազդեցություն ունենալու հնարավորությունները:
«Հայաստանյան իշխանության վերնախավի տարբեր դեմքեր, այդ թվում՝ նրանց ղեկավարը, հնչեցնում են հայտարարություններ, որոնք շատ ավելի վատ իրավիճակ են ստեղծում Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցների համար, քան կարելի է պատկերացնել: Այսինքն՝ այս իշխանության դեպքում լռությունն ավելի շատ խնդիր կլուծեր, քան այն վտանգավոր և խնդրահարույց հայտարարությունները, որոնք հնչում են տարբեր իշխանական գործիչների կողմից»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում