
Մոլոտովի կոկտեյլներով զինված ավտոմեքենաներ վառող իմ հայրենակի՞ցն է խաղաղ ցուցարարը. ինչո՞ւ ոչ ոք չի խոսում, որ առաջին զոհը եղել է ոստիկան. «Մարտի 1»-ի գործով դատական նիստը

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում էր «Մարտի 1»-ի վերաբացված գործի քննությունը:
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբացված գործով դատական նիստը:
Պետրոսյանը, ինչպես տեղեկացրել է մամուլն ավելի վաղ, պարզվում է, 2018 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Շիրակի մարզից: Համացանցում առկա են տեսանյութեր, որտեղ Նիկոլ Փաշինյանը շիրակցիների հետ հանդիպման ժամանակ ներկայացնում է իր թիմակիցներին և պատգամավորի թեկնածուներին, որոնցից մեկը Սարգիս Պետրոսյանն է:
Այսօրվա դատական նիստի սկզբում, երբ դատական նիստերի քարտուղարը ներկայացնում էր՝ ովքեր են ներկա դատական նիստին, Ռոբերտ Քոչարյանը ներկայացվեց՝ որպես մեղադրյալ, ինչին առարկեցին վերջինիս պաշտպաններ Արամ Օրբելյանն ու Արամ Վարդևանյանը: Վերջինս դատավորին հիշեցրեց նրա իսկ խոսքերը, ով նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանին որպես մեղադրյալ չի դիտարկում: Դատավորը պատասխանեց՝ առհասարակ դատական նիստերի ժամանակ քիչ է օգտագործում «մեղադրյալ» բառը:
«Պարոն Քոչարյանին ներկայացվել է մեղադրանք, Հայաստանում երբևէ գոյություն չունեցող մեղադրանք»,- ասաց Արամ Օրբելյանը:
Դատավորի հարցին՝ եթե գործը եկել է դատարան, դատարանն ի՞նչ պետք է անի, Օրբելյանը պատասխանեց՝ դատավորը պարզապես այս գործը չպետք է քննի:
Հաջորդիվ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդություն ներկայացրեց, որի ընթացքում միջադեպ գրանցվեց Արամ Օրբելյանի և դատավորի, ապա՝ դատավորի և Լուսինե Սահակյանի, դատավորի և Ռոբերտ Քոչարյանի միջև:
«Այստեղ ադեկվատության խնդիր կա: Հաջորդ նիստին երևի դիմակներով գանք՝ չշարժվեք, չշնչեք, չխոսեք, չժպտաք»,- ասաց ՀՀ 2-րդ նախագահը: Վերջինիս դատավորը
Սեյրան Օհանյանը նախ ասաց, որ իր համար վիրավորական է, երբ իր ներկայիս պաշտոնը չի նշվում, և դա խորհրդարանական երկրում, ապա հավելեց՝ «Այս գործընթացը քաղաքական ենթատեքստ ունի. չգիտեմ՝ Դուք որքանով եք առնչվում դրան»:
Դատավորը պատասխանեց, որ դատարանը նախատրամադրվածություն չունի, և սա իր համար հերթական գործն է:
«Դուք եք թշնամաբար տրամադրված իմ դեմ»,- ասաց դատավորը:
Հայտարարված կարճատև ընդմիջումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ներկայացրեց միջնորդություն:
«Առանց ապացույցների՝ արարքի որակումը փոխել չեք կարող. ես չեմ ասել, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահն է ասել, ով փաստացի Վճռաբեկ դատարանի նախագահն է: Ստացվում է, որ սա ուրիշ Վճռաբեկ է, Վճռաբեկի հակակոռուպցիոն պալատը՝ ուրի՞շ, որ լրիվ այլ դիրքորոշում է հայտնել: Այս գործի հետ ով առնչություն ունենում է, հետո նախկին է դառնում. էդ ո՞նց է լինում»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Պաշտպանը հիշեցրեց նաև, որ գործառութային անձեռնմխելիությամբ օժտված են նաև նախկին նախագահները և առանց դրա հաղթահարման՝ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական վարույթ չի կարող հարուցվել:
Վերջինս հիշեցրեց նաև Արցախի նախագահների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, ինչից հետո կայացված դատական ակտը բեկանվեց Վերաքննիչ քրեական դատարանում:
Արամ Վարդևանյանը խոսեց նաև Մարտի 1-ի ու, այսպես կոչված, խաղաղ ցուցարարների նկատմամբ զենք կիրառելու մասին:
«Մոլոտովի կոկտեյլներով զինված ավտոմեքենաներ վառող իմ հայրենակի՞ցն է խաղաղ ցուցարարը: Ինչո՞ւ ոչ ոք չի խոսում, որ առաջին զոհը եղել է ոստիկան: Ես շատ կուզեի, որ նրանք իսկապես լինեին խաղաղ ցուցարարներ, բայց, ցավոք, այդպես չի եղել»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Հաջորդիվ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը միջնորդեց ապահովել մարտի 5-9-ը ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովի նիստին իր անխոչընդոտ մասնակցությունը:
Դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ:
Պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով՝ Արամ Օրբելյանն իր միջնորդությունը կներկայացնի հաջորդ դատական նիստին:
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց:
168.am-ը դեռևս ամիսներ առաջ էր գրել, որ ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը սինխրոն մասնակցում են Նիկոլ Փաշինյանի՝ «Քոչարյանը կդատվի» նախընտրական շոուին:
Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 14-ին՝ ժամը 13:00-ին:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Սահմանադրական դատարանը որոշեց.
1998թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի այն նորմը, որով որակվել է ամբաստանյալին մեղսագրվող արարքը, Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը (նրան մեղսագրվող արարքի իրավական որակումը)՝ ամբաստանյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից:
Սա նշանակում էր «Մարտի 1»-ի գործի վերաբացում: Ուշագրավ էր, որ այդ որոշման կայացմանը ՍԴ-ում մասնակցել էին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ արդեն իսկ ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանը, ու, որ առավել հետաքրքրական է, «Մարտի 1»-ի գործով տուժողի շահերի ներկայացուցիչ, այժմ՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: