
«Մեր նպատակը երեխաների մեջ հայրենասիրություն սերմանելն է, բարձրացնել նրանց հայրենասիրական ոգին». Ցուցահանդես՝ սահմանին ապրող երեխաների համար

Փետրվարի 28-ից մարտի 9-ը Երևանում կանցկացվի բարեգործական մեծ ցուցահանդես՝ սահմանին ապրող երեխաների համար։ Ցուցահանդես-վաճառքի ողջ հասույթը կուղղվի սահմանին ապրող երեխաների կարիքների համար։ Այս ցուցահանդեսը կրում է «Խաղաղության գույնը» խորագիրը և միավորել է տարբեր ոճերում ստեղծագործող արվեստագետներին։
«IPBA / Հպարտ եմ, որ հայ եմ» կրթական և մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Վահրամ Մուրադյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ցուցահանդեսն անցկացվում է արդեն 4-րդ տարին և թիրախում սահմանին ապրող երեխաներն են։ Այս 4 տարիների ընթացքում հասցրել են լինել տարբեր սահմանամերձ գյուղերում՝ Սյունիքի, Տավուշի, իսկ այս տարի ուշադրության կենտրոնում Գեղարքունիքի մարզն է, արդեն հասցրել են այս տարի այցելել Սոթք։
«Մեր նպատակն է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ բոլոր սահմանամերձ գյուղերը, այնտեղ ապրող ստեղծագործող երեխաներին ու այցելել նրանց, աջակցել, որպեսզի կարողանանք նրանց էլ ավելի մոտեցնել արվեստին, այսինքն՝ այնպես անենք, որ նրանք կարողանան մոտիվացվել։ Մենք անցնող 3 տարիների ընթացքում մեր առջև դրված նպատակն իրականացրել ենք, արդեն 1800-ից ավելի երեխաներ մեր հիմնադրամի կողմից ստացել են իրենց նվերները։
4-րդ տարին է՝ մենք մեր ցուցահանդեսի խորագիրը չենք փոխում՝ «խաղաղության գույնը»։ Երբ մենք այցելում ենք սահմանամերձ գյուղեր, բարձրաձայն անպայման երեխաների հետ ասում ենք՝ «մենք հպարտ ենք, որ մենք հայ ենք», մեր նպատակը նաև երեխաների մեջ հայրենասիրություն սերմանելն է, բարձրացնել նրանց հայրենասիրական ոգին»,- նշեց Վահրամ Մուրադյանը։
Մեր զրուցակցի փոխանցմամբ, այս պահին ցուցահանդեսին մասնակցելու հայտ են ներկայացրել 100-ից ավելի պրոֆեսիոնալ նկարիչներ, որոնք նվիրել են արվեստի գործեր, որպեսզի վաճառվեն։
«Մենք պրոֆեսիոնալ նկարիչների ստեղծագործությունները վաճառում ենք սիմվոլիկ՝ 200.000 դրամով։ Մենք այդ վաճառքից ստացած հասույթով գնում ենք նկարչական պարագաներ և տալիս սահմանին ապրող երեխաներին։ Բացի այդ, մենք մեզ հետ տանում ենք կտավներ, որոնց վրա նկարում են երեխաները, այնուհետև այդ աշխատանքները նույնպես ցուցահանդեսների ընթացքում վաճառում ենք։ Երեխաների ստեղծագործությունները կարող են գնել կրկին խորհրդանշական գումարով, կոնկրետ գումար մենք չենք սահմանել, մարդ կա, որ ցանկանում է կտավը գնել 5000 դրամով, մյուսը՝ 20.000-ով և այլն, ով որքան ցանկանում է։ Մենք այսպիսով նաև այդ երեխաներին ենք մոտիվացնում»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ցուցահանդեսից հետո հավաքված հասույթով ՀԿ-ն կգնա Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղեր, թե քանի գյուղ այցելեն, այս պահին դժվարանում են ասել, քանի որ ամեն ինչ կախված է վաճառքի հասույթից։
«Փետրվարի 28-ին պլանավորել ենք նաև Սյունիքի մարզի 10 սահմանամերձ գյուղերից 10 երեխայի բերել Երևան, այս 10 շնորհալի երեխաները Երևանում կստանան նկարչական պրոֆեսիոնալ պարագաներ, մեր գործընկերների կողմից այլ մրցանակներ, կշփվեն մեր նկարիչների հետ։
Ինքս ուրախ եմ, որ մենք արդեն 4-րդ ցուցահանդեսն ենք անցկացնում։
Մեր ցուցահանդես-վաճառքն անցկացվում է նաև օնլայն հարթակում, աշխատանքները հասանելի են բոլորին, կարող են գնել արվեստի գործերից որևէ մեկը և իրենց աջակցությունը ցուցաբերել սահմանին ապրող երեխաներին»,- ընդգծեց Վահրամ Մուրադյանը։