
«Հարստացրեք ու հարստացեք» կարգախոսով կառավարությունը հարստացնում է բանկերին

Վերջին տարիներին կառավարության քաղաքականությունը միտված է եղել բանկերի հարստացմանը։ Վարկերը սուբսիդավորելով՝ բյուջեի հաշվին օժանդակել են բանկերին։ Արտաքուստ ցույց են տվել, թե աջակցում են տնտեսությանն ու քաղաքացիներին, բայց իրականում ապահովագրել են բանկերին։ Դրա արդյունքում միլիարդավոր դրամներ դուրս են եկել պետական բյուջեից ու գնացել բանկային համակարգ։
Միայն հիփոթեքային վարկերի տոկոսները սուբսիդավորելու միջոցով վերջին տարիներին բյուջեից տարեկան առնվազն 150-160 մլն դոլար են տվել բանկերին։ Առաջիկայում էլ դեռ նույն տեմպով շարունակելու են տալ։
Դա էլ քիչ է, վերջերս որոշեցին բյուջեի հասանելիք գումարներն ուղիղ բանկերին հատկացնել՝ անհուսալի վարկերը մարելու համար։ Գումարները, որոնք եկամտային հարկի տեսքով պիտի մտնեին բյուջե ու նպաստեին տարբեր ծրագրերի իրականացմանը, գնալու են բանկեր, որպեսզի փակվեն բանկերի անհուսալի ճանաչված վարկերը։ ժամանակին տրամադրելով այդ վարկերը՝ բանկերը վարկային ռիսկը վերցրել են իրենց վրա, բայց կառավարությունը որոշել է այդ չարդարացված ռիսկն էլ ինքը փոխհատուցել։
Վերջին տարիներին բանկային համակարգն այնքան ահռելի շահույթներ է ստացել, որ կարող էր ինքնուրույն լուծել իր խնդիրները։ Բայց կառավարությունը որոշել է բյուջեի հաշվին լավություն անել բանկերին։
Բանկերի նկատմամբ կառավարության այսպիսի առատաձեռնությունն ու հոգատարությունը տարբեր պատճառ ու հետաքրքրություններ կարող էր ունենալ։ Բայց դրանց մասին չէ, որ ուզում ենք խոսել։ Այդպիսի քաղաքականության արդյունքում ունենք այն, որ բանկերը հարստանում են, իսկ բյուջեն՝ դատարկվում։
Բանկերը հարստանում են՝ ինչպես բյուջեի, այնպես էլ՝ տնտեսության ու քաղաքացիների հաշվին։ Չնայած Կենտրոնական բանկն արդեն երկու տարի իրականացնում է փողի էժանացման քաղաքականություն, բանկերը չեն իջեցնում վարկերի տոկոսադրույքները։ Շարունակում են բարձր տոկոսներով վարկեր տալ ու հարստանալ քաղաքացիների, նաև տնտեսության հաշվին։ Երկու տարի առաջ, երբ Կենտրոնական բանկից դուրս եկող փողի գինն անհամեմատ ավելի բարձր էր, վարկային տոկոսներն ավելի ցածր էին, քան հիմա։ ԿԲ-ից դուրս եկող փողի գինը նվազել է, իսկ վարկերն էժանանալու փոխարեն՝ թանկացել են։
2022թ. վերջին փողի գինը կամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը Հայաստանում հասել էր 10,75 տոկոսի։ Սա վերջին տարիների պիկն էր։ Այդ ժամանակ մինչև 1 տարի ժամկետայնության դրամային բանկային վարկերի միջին գինը 12,03 տոկոսի սահմաններում էր։ Անցած տարվա դեկտեմբերի վերջին վերաֆինանսավորման տոկոսադրույքը 7 տոկոս էր։ 2022թ. համեմատ նվազել էր 3,75 տոկոսային կետով, բայց վարկերն էժանանալու փոխարեն՝ շարունակել էին թանկանալ։ Մինչև 1 տարի ժամկետայնության դրամային վարկերի միջին տոկոսադրույքն անցած տարվա դեկտեմբերին 13,17 տոկոս էր՝ 1,14 տոկոսային կետով ավելի բարձր, քան 2022թ.։ Երկու տարի առաջ վերաֆինանսավորման ու վարկային տոկոսադրույքի մարժան ընդամենը 1,28 տոկոս էր, 2024թ. դեկտեմբերին՝ 6,17 տոկոս, գրեթե 5 անգամ ավելի մեծ։ Դժվար է հիշել, թե փողի գնի ու վարկային տոկոսադրույքի նման մեծ տարբերություն նախկինում երբ է եղել Հայաստանում։
Դա այն տարբերությունն է, որի հաշվին ձևավորվում են բանկերի եկամուտները։ Որքան մեծ է տարբությունը, այնքան բանկերի եկամուտներն ավելի շատ են։ Փողի գնի ու վարկային տոկոսադրույքների տարբերության հաշվին էլ բանկերը հարստացել են։ Հարստացել են՝ բարձր պահելով վարկերի տոկոսադրույքները։ Ստիպել են ավելի բարձր գին վճարել վարկերի դիմաց։ Դրան ուղղակիորեն նպաստել է կառավարությունը՝ պետական բյուջեի հաշվին արհեստականորեն խթանելով վարկային պահանջարկը, ինչն արել է, մասնավորապես, հիփոթեքային վարկերի եկամտային հարկը վերադարձնելու միջոցով։ Օգտվելով առիթից, որ վարկերի տոկոսները փակում է կառավարությունը՝ բանկերը չեն նվազեցրել վարկերի գինը, նույնիսկ բարձրացրել են ու բարձր շահույթներ ապահովել, իշխանություններն էլ առանց տրտնջալու՝ համակերպվել, գուցե աջակցել է սրան։
Վերջին տարիներին բանկերը բարձր տոկոսներով ահռելի վարկեր են տրամադրել։
Միայն անցած տարի բանկերի ռեզիդենտներին տրամադրված վարկերի պորտֆելն ավելացել է շուրջ 1 տրիլիոն 250 մլրդ դրամով։ Երկու տարվա կտրվածքով վարկային պորտֆելի աճը գերազանցում է 2 տրիլիոն դրամը, ինչը համարժեք է 5 մլրդ դոլարի։
Այս վարկերը ծանրացած են հիմնականում 2-3 ոլորտներում՝ հիփոթեքի, սպառողական ու շինարարության վարկերի շուկաներում։ Վերջին 2 տարում հիփոթեքային վարկերն ավելացել են շուրջ 574 մլրդ դրամով կամ գրեթե 1,5 մլրդ դոլարով։ Երկու տարում հիփոթեքային վարկերն աճել են շուրջ 68 տոկոսով։ Սպառողական վարկերն այդ ընթացքում ավելացել են 552 մլրդ դրամով կամ շուրջ 1,4 մլրդ դոլարով։ Բանկերի շինարարության վարկային պորտֆելը 2 տարում գրեթե կրկնապատկվել է՝ անցնելով 660 մլրդ դրամից։ Վարկավորման ծավալներով շինարարությունն անցել է նույնիսկ արդյունաբերությունից։ Երկու տարում շինարարության մեջ բանկերի վարկային պորտֆելն ավելացել է 311 մլրդ դրամով։ Փոխարենը՝ արդյունաբերությանն ընդամենը 80 մլրդ դրամի վարկեր են տրամադրվել՝ գրեթե 4 անգամով ավելի քիչ, քան շինարարությանը։
Սրանք եղել են վարկեր, որոնք բարձր տոկոսներով տրամադրվել են քաղաքացիներին ու տնտեսությանը։ Դրա հետևանքով, առավել ևս՝ այն բանից հետո, երբ տնտեսական ու սոցիալական իրավիճակը Հայաստանում աստիճանաբար լարվում է, վարկային ռիսկերը գնալով մեծանում են։
Թերևս դա է պատճառը, որ Կենտրոնական բանկը որոշել է առաջիկա մի քանի տարիներին ավելի մեծ ուշադրություն կենտրոնացնել վարկային ռիսկերին՝ հաշվի առնելով վերջին տարիներին բանկային համակարգում հիփոթեքային և սպառողական վարկերի, շինարարության ոլորտին տրամադրված վարկերի առաջանցիկ աճի տեմպերը, ինչպես նաև անշարժ գույքի շուկայի տաքացման միտումները և կառուցապատման հաշիվների օգտագործման ռեժիմների հետ կապված օրենսդրական փոփոխությունները, որոնք, Կենտրոնական բանկի կարծիքով, կարող են ստեղծել նոր՝ դեռևս չհասցեագրված ռիսկերի գնահատման և բանկերի հաշվեկշիռներում դրանց պատշաճ արտացոլման անհրաժեշտություն։
Տնտեսական ու սոցիալական իրավիճակի վատացումն ահազանգ է վարկային շուկայի համար։
Վերջին տարիներին վարկային բեռն անգամներով ավելի արագ է աճել, քան վարկառուների եկամուտները։ Վարկային հիմնական շուկաներում, մասնավորապես՝ անցած տարի, վարկավորման աճերը 25-30 տոկոսից նույնիսկ բարձր են եղել, մինչդեռ աշխատավարձերի տեսքով քաղաքացիների եկամուտներն ավելացել են ընդամենը 6,4 տոկոսով՝ անհամեմատ ավելի քիչ, քան ստանձնած վարկային բեռն է։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ