
Սերունդը, որը սկսեց Արցախի շարժումը, ուներ ազգային դաստիարարակություն, երազանք. հիմա ավելի վատ վիճակում ենք, քան Ցեղասպանությունից հետո էինք. Պատմաբան

1988 թվականի փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց, որպեսզի դիմեն ադրբեջանական և հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին՝ նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ն Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով։
Այս որոշումն ընդունելուց անմիջապես հետո Երևանում մեկնարկեցին հանրահավաքներ, ցույցեր՝ ի աջակցություն արցախահայության։ Այս ամենին հաջորդեցին Սումգայիթի ու Բաքվի հայության ջարդերն ու տեղահանությունը։
Հայության պայքարի արդյունքում 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Արցախի Հանրապետությունը, ինչը վավերացվեց նույն թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով։
Ինչպե՞ս հաջողվեց հայ ազգին, գտնվելով ԽՍՀՄ կազմում, ազատագրել Արցախը, ինչո՞ւ նույնը տեղի չունեցավ 2020 և 2023 թվականներին, ի՞նչ դասեր պետք է քաղել տեղի ունեցածից։
Պատմաբան Խաչատուր Ստեփանյանը խոսելով այս հարցերի շուրջ, ասաց, որ սերունդը, որը սկսեց Արցախյան շարժումը, ապրում էր իրական երազանքներով՝ ուներ հստակ երազանք՝ Անկախություն անենալ։
«Այդ սերունդը ստացել էր համապատասխան դաստիարակություն, չնայած մեծանում էին Խորհրդային Միությունում, բայց ազգային դաստիարակություն էին ստանում։ Չնայած Խորհրդային Միության տարիների ճնշումներին, մարդիկ կարողացել էին իրենց համար իրական ազգային երազանք ձևավորել ու հասնել դրան։ Ցավոք, հաջորդ սերունդը, որի մեջ նաև ես եմ, ապաշնորհ գտնվեց՝ ազատագրված, Անկախության առաջին քայլերն արած սերնդի գործը չշարունակելու առումով։
Ազգային պետություն ստեղծելուց հետո, ցավոք, մենք շեղվեցինք ազգային պետություն կառուցելու ճշմարիտ ուղուց։ Գնացինք ոչ սովորական պետություն կառուցելու ճանապարհով, ինչն էլ մեր ճակատագրական սխալն էր»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Խաչատուր Ստեփանյանը։
Պատմաբանի խոսքով՝ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական այնպիսի իրավիճակում, որ ունենալով Թուրքիայի ու Ադրբեջանի նման թշնամի երկիր, պետք է պարտավորված լիներ կառուցելու ոչ սովորական երկիր, որպեսզի հնարավորություն ունենար դիմակայելու հարձակումներն ու ագրեսիան, ինչպես անում է Իսրայելը։
«Սա ակնհայտ հանգամանք է։ Բացի այս, անկախության սերունդն այդպես էլ չգիտակցեց Անկախության ու Արցախի կարևորությունը։
Այսօր Արցախի կորուստը մեծամասնությունը շատ հեշտ տարավ, հակառակ դեպքում չէր հանդուրժի, մինչդեռ նախկինում այդպես չէր, մենք շատ ավելի ծանր էինք տանում փոքր կորուստները, օրինակ, պատերազմի ժամանակ մեկ գյուղի կորուստը։
Հիշենք, թե Սումգայիթյան ջարդերի ժամանակ ինչպիսի մեծ ընդվզում բարձրացավ Հայաստանում, բայց 2023 թվականի սեպտեմբերին մի ամբողջ Արցախ տեղահանվեց, մարդկանց սպանեցին, բայց բավարար ընդվզում չեղավ»,- հավելեց պատմաբանը։
Խաչատուր Ստեփանյանը ցավով արձանագրեց նաև, որ այսօր հավաքական վտանգի գիտակցում չկա՝ ներկայիս սերունդն այդ վտանգը չի գիտակցում, որ այն իր մեջ լուրջ սպառնալիք է պարունակում։ Կա անտարբերություն, «հավանաբար մտածում են՝ քամի է, կգա ու կանցնի»։
«Գուցե պարզ է օրինակս, բայց փոքր երեխան կրակից չի վախենում, չի մրսում, որովհետև չի գիտակցում։ Մենք էլ նույն ձևով չենք գիտակցում այն վտանգը, որը կախված է մեր գլխին։ Քաղաքական առումով մենք էլ մանկամիտ քայլեր ենք իրականացնում, իսկ նախկին սերունդը մանկամիտ չէր։
Ես հույսս չեմ կորցնում, հավատում եմ, որ գալու է նոր սերունդ, և նա է օգնելու, որ վերադարձվի կորցրածն ու բազմապատկվի, այլ տարբերակ չունենք։
Եթե խոսենք դասեր քաղելուց, ապա նախորդ տարվա համեմատ, այս տարի որոշակի փոփոխություններ կան, սառույցը հալվում է, ճիշտ է՝ դանդաղ, բայց հալվում է։
Կարծում եմ՝ բեկում է պետք մտցնել, փոքր բեկումը շատ բաներ կարող է փոխել։ Հայոց ցեղասպանությունից հետո մեր ժողովուրդը ծանր վիճակում էր՝ հայրենիք էր կորցրել, մի ողջ ժողովուրդ կոտորվել էր, սակայն «Նեմեսիս» գործողությունը մի տեսակ բեկում էր այդ իրավիճակում, մարդկանց ոգևորում էր։ Մենք հիմա ավելի վատ վիճակում ենք գտնվում, քան Հայոց ցեղասպանությանից հետո էինք, այդ բեկումը պետք է լինի ու մեզ կոգևորի»,- ընդգծեց Խաչատուր Ստեփանյանը։