Թրամփն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու բացառիկ հնարավորություն ունի, ինչը Բայդենը չարեց. Newsweek

«Քամալա Հարիսը ոչինչ չարեց այն ժամանակ, երբ 120 հազար հայ քրիստոնյա Արցախում սարսափելի հալածանքների և բռնի տեղահանման էին ենթարկվում: Քրիստոնյաներն ամբողջ աշխարհում ապահով չեն լինի, եթե Քամալա Հարիսը դառնա Միացյալ Նահանգների նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ վերջ տալ բռնությանը և էթնիկ զտումներին, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»: Դոնալդ Թրամփն այս հայտարարությունն արել է իր «Truth Social» հաշվում անցած հոկտեմբերին՝ ԱՄՆ նախագահական քարոզարշավի եռուն շրջանում, հիշեցնում է ամերիկյան Newsweek պարբերականը: Այս մասին փոխանցում է News.am-ը։

Հոդվածում նշվում է, որ ի տարբերություն Թրամփի այլ հայտարարությունների, որոնք հաճախ կարող են հակասել տրամաբանությանը և բարոյականությանը, նրա գնահատականը, թե ինչ է կատարվում հայ ժողովրդի հետ, միանշանակ ճիշտ է։ «Ադրբեջանը վերջին չորս տարիներին փորձում է ոչնչացնել Հայաստանը և նրա գոյությունը Հարավային Կովկասում։

«Այն սկսվեց 2020 թվականի աշնանը, երբ ապօրինի և հրահրման համար ոչ մի առիթ չտված պատերազմ սանձազերծեց Հայաստանի դեմ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վիճելի տարածքի համար և ավարտվեց, երբ տարածաշրջանից էթնիկապես զտեց ավելի քան 120 հազար հայերի, ինչը դարձավ հայերի խոշորագույն տեղաշարժը 1915 թվականի Հայկական ցեղասպանությունից ի վեր», -գրում է պարբերականը, շեշտելով, որ տարածքը գրավելուց ի վեր՝ Ադրբեջանը սկսել է հազարավոր տարիներ պահպանված հայկական եկեղեցիների, վանքերի, խաչքարերի և այլ պատմական վայրերի մշակութային ոչնչացման շարունակական արշավը։

Սյունակագիր Ստեֆան Փեչդիմալջին (ամերիկահայ հասարակայնության հետ կապերի փորձագետ) նշում է, որ «Ադրբեջանը փորձել է նաև սպառնալ և բանակցել Հայաստանի հետ ոչ անկեղծ խաղաղության համաձայնագրերի շուրջ՝ միաժամանակ խոսքը մեկ անելով իր գլխավոր դաշնակից Թուրքիայի հետ՝ խլելու համար Հայաստանի ինքնիշխան հողերը, ներառյալ Զանգեզուրի միջանցքը, որը կենսական կապ է երկու երկրների միջև»։ «Սա առևտրային ճանապարհ է»:

Հեղինակի կարծիքով՝ Բաքվից հնչող հռետորաբանությունն առանձնապես տագնապալի է: Վերջին ելույթներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կեղծ պնդումներ է արել, թե Հայաստանն իր պատմական հողն է՝ այն «Արևմտյան Ադրբեջան» անվանելով։ Սա հաջորդում է ատելության հռետորաբանության անհանգստացնող սխեմային, որտեղ նավթով հարուստ բռնապետը նմանատիպ ռևանշիստական ​​փաստարկներ է ներկայացրել և նույնիսկ հայտարարել, թե Հայաստանի մայրաքաղաք Երևանը պատկանում է Ադրբեջանին:

«Մենք տեսել ենք՝ ինչպես է այդ ատելությունը դրսևորվում հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքում, խոշտանգումներում և գերի հայ զինվորների ուղղակի մահապատժի մեջ», – նշում է պարբերականը՝ հավելելով, որ այս տարվա սկզբին Ադրբեջանն սկսել է իր կեղծ դատավարությունները հայ քաղբանտարկյալների, նրանց թվում՝ բարերար և Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ, չնայած այն հանգամանքին, որ իրավապաշտպանները հայտարարել են նրանց անմեղության մասին։

Հոդվածագիրը նշում է, որ այս բոլոր հանցագործությունները և մարդու հիմնական իրավունքների ոտնահարումները տեղի են ունեցել Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ջո Բայդենի նախագահության օրոք։ Նախագահի համար, որը եկել է իշխանության՝ հայտարարելով, թե մարդու իրավունքները լինելու են իր արտաքին քաղաքականության կիզակետում, իր ռազմական հանցագործությունների և վայրագությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու Բայդենի անընդունակությունը բիծ կդառնա նրա ժառանգության վրա:

Նրա լռությունն ու անտարբերությունը մեծ հաշվով Ադրբեջանին անպատիժ գործելու կանաչ լույս են տվել։ Պարբերականն ընդգծում է, որ հենց այդ պատճառով էլ նախագահ Թրամփը բացառիկ հնարավորություն ունի անելու այն, ինչ չի կարողացել անել նախագահ Բայդենը՝ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին։ Նախ, ըստ Newsweek-ի, Թրամփը կարող է աջակցել Ազատության աջակցության ակտի 907-րդ կետին, որն արգելում է ցանկացած արտաքին օգնություն Ադրբեջանի կառավարությանը։

ԱՄՆ նախագահը կարող է շարունակել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ԱՄՆ քաղաքականությունը, որը պաշտոնապես ճանաչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որը մինչ օրս հերքում են Թուրքիան և Ադրբեջանը։ Թրամփը կարող է պահանջել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին, ներառյալ ռազմագերիներին, որոնք ներկայում պահվում են ադրբեջանական բանտերում։

Դոնալդ Թրամփը կարող է ավելի շատ թափանցիկություն և անձնական ներգրավվածություն ներմուծել խաղաղության գործընթացում: ԱՄՆ նախագահը կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ստիպելով դադարեցնել հայկական հնությունների և սրբավայրերի կրոնական հալածանքները Արցախում և դատապարտել պատմական ռևիզիոնիզմի բոլոր ձևերը, որոնք կարող են օգտագործվել որպես պատրվակ ապագայում հայկական ինքնիշխանության դեմ հարձակումների համար։

ԱՄՆ նախագահը կարող էր պահանջել ադրբեջանական զորքերի դուրսբերումը Հայաստանից և հայերի վերադարձը Արցախ։ «Նախագահ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է իր երկրորդ ժամկետի ընթացքում խաղաղարար դառնալ և վերջ տալ բոլոր պատերազմներին»: «Նա կարող է սկսել՝ կատարելով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու իր նախընտրական խոստումը և նման կերպ դադարեցնել Բաքվի բռնությունը հայ ժողովրդի նկատմամբ։ «Առանց պատասխանատվության խաղաղություն չի կարող լինել»,- գրում է ամերիկյան պարբերականը։

Տեսանյութեր

Լրահոս