
Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական ֆինանսավորման մրցույթների նոր կարգ է հաստատվում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» նախարարի հրամանի նախագիծը։
Կարգավորումների ընդունումը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի լիարժեք կիրարկման անհրաժեշտությամբ։ Դրանք ուղղված են ազգային կինոարտադրության զարգացմանը, պետական ֆինանսավորման տրամադրման մեխանիզմների հստակեցմանը, ոլորտի մրցունակության բարձրացմանը և միջազգային համագործակցության խթանմանը։
Ըստ նախագծի՝ մշակվում է կինոնախագծերի ֆինանսավորման նոր կարգ, որը կներառի մրցույթի հստակ չափորոշիչներ, կստեղծվի պետական աջակցությամբ ֆիլմարտադրության մրցութային նոր համակարգ՝ ապահովելով թափանցիկություն և արդյունավետություն, կինոնախագծերի ֆինանսավորումը կիրականացվի փուլային մրցույթների միջոցով՝ հաշվի առնելով ֆիլմերի տեսակը (խաղարկային, վավերագրական, անիմացիոն) և բյուջետային չափորոշիչները, նախատեսվում է նաև աջակցություն տրամադրել սկսնակ կինոռեժիսորներին, այդ թվում՝ դեբյուտային ֆիլմերի արտադրությանը։
Նախագծի ընդունմամբ կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ կինոարտադրողների համար՝ պետական ֆինանսավորման հասանելիությունն ու արդյունավետությունը բարձրացնելու միջոցով։ Մրցութային մեխանիզմների բարելավումը թույլ կտա խթանել հայաստանյան ֆիլմերի միջազգային մրցունակությունը՝ աջակցելով ազգային կինեմատոգրաֆիայի զարգացմանը։